Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթը: Ութ դատավորներ միաձայն որոշել են, որ նախկին նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ նախորդ տարվա դեկտեմբերին երկրում ռազմական դրություն հայտարարելով: Այդ մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Համաձայն Սահմանադրության՝ նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել պատերազմի կամ երկրում համարժեք արտակարգ իրավիճակի ժամանակ:
«Պատասխանողի գործողությունները, որոնք խախտում են Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի վստահության դավաճանություն են, իսկ սահմանադրության պաշտպանության տեսանկյունից՝ օրենքի կոպիտ խախտում, որի հետ չի կարելի հաշտվել»,- հայտարարել է դատարանի նախագահի պաշտոնակատար Մուն Հյոն Բեն:
Վճիռն ուժի մեջ է մտել անմիջապես, ինչը նշանակում է, որ 60 օրվա ընթացքում Հարավային Կորեայում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Սպասվում է, որ ընտրությունները կկայանան հունիսի 3-ին: Մինչ այդ վարչապետ Հան Դոկ Սուն կմնա նախագահի պաշտոնակատար:
Ինչպես գրում է «Yonhap»-ը, վճռի հրապարակման ժամանակ Յուն Սոկ Յոլը դատարան չի ներկայացել:
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության հետ երկարատեւ հակասություններից հետո հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին: Վեց ժամ գործող հրամանագիրը արգելում էր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, բողոքի ակցիաները, գործադուլները, սահմանում էր գրաքննություն եւ հաստատում դաշտային ռազմական դատարաններ՝ մահապատժի իրավունքով: Սա մեծածավալ բողոքի ակցիաներ առաջացրեց ինչպես Սեուլի փողոցներում, այնպես էլ խորհրդարանում: Պատգամավորները զինվորականների կողմից շենքի գրոհման ժամանակ քվեարկեցին նախագահի որոշումը չեղարկելու օգտին: Դրանից հետո Յուն Սոկ Յոլը ստիպված չեղարկեց արտակարգ դրության մասին հրամանագիրը:
Դեկտեմբերի 7-ին նախագահը հեռուստաեթերում ներողություն խնդրեց իր գործողությունների համար: Կարեւոր պաշտոնյաները` ներառյալ պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնը, հրաժարական տվեցին:
Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանի 300 պատգամավորից 204-ը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնանկության օգտին: Քվեարկությունը գաղտնի էր: Սա իմփիչմենթի համար քվեարկության երկրորդ փորձն էր: