Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Կուրսկի մարզում իրականացված հարձակողական գործողություններն անվանել է ռուսական ագրեսիան հետ մղելու գլխավոր ձեռքբերումներից մեկը: Նրա խոսքերով՝ այդ գործողությունը պաշտպանում է Ուկրաինան ռուսական ներխուժումից Սումի մարզի շրջանում:
Զելենսկին այդ մասին հայտարարել է Սումի քաղաքի մուտքի մոտ ձայնագրված տեսաուղերձում: Հինգշաբթի նա այցելել էր նաեւ Չեռնիգովի մարզ:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ զորամասերի հրամանատարների հետ քննարկել է բանակի հիմնական կարիքները, լրացուցիչ ապահովումը, տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, ինչպես նաեւ Կուրսկի մարզում գործողության շարունակմանն առնչվող օպերատիվ հարցեր:
«Ամբողջովին արդարացի է պատերազմը տեղափոխել այնտեղ, որտեղից այն եկել է»,- ասել է Զելենսկին:
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները սկսվել էին նախորդ տարվա օգոստոսի 8-ին: Ուկրաինական բանակի կողմից գրավված ռուսական տարածքի մակերեսը կազմել է մոտ 1000 քառ. կմ: Այս տարվա մարտին ռուսական բանակը ձեռնարկած հակահարձակումից հետո վերականգնեց վերահսկողությունը կորցրած տարածքների վրա: DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայում վերահսկում են որոշ սահմանամերձ գյուղեր՝ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր մակերեսով:
Ըստ DeepState-ի եւ ռուսական որոշ աղբյուրների տվյալների՝ ուկրաինական բանակը մարտին փոքր տարածքներ է գրավել Բելգորոդի մարզում՝ սահմանի մոտ, եւ ներկայում մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում գտնվող երկու բնակավայրերում՝ Դեմիդովկայում եւ Պոպովկայում: Ռուսական զինված ուժերը մարտեր են վարում նաեւ Ուկրաինայի Սումի մարզի սահմանամերձ շրջաններում: