ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյկոբսը։
Reuters-ի հաղորդմամբ՝ էներգետիկ հարցերով միջոցառմանը ելույթի ժամանակ Ջեյկոբսը նշել է, որ խաղաղության պայմանագիրը կբացի «անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան» Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։
Վերջին օրերին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարություններ տարածել իբր սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում Հայաստանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ, որոնք Երեւանը հերքել էր։