Ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի։ Այդ մասին հայտարարել է Կրեմլը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադար: Այս ժամանակահատվածում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է հայտարարության տեքստում։
Կրեմլը կարծում է, որ Ուկրաինան նույնպես «պետք է հետեւի այս օրինակին»։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ եթե հրադադարը խախտվի Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից, ապա ռուսական բանակը «համարժեք եւ արդյունավետ պատասխան կտա»։
«Ռուսական կողմը կրկին հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցություններին իր պատրաստակամության մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը եւ միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է Կրեմլի հայտարարության տեքստում։
Ավելի վաղ՝ 19-21-ը, Պուտինը հայտարարել էր, այսպես կոչված, Զատկի հրադադարի մասին։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր եւս 30 օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը, եթե Ռուսաստանն իրականում պատրաստ է լիակատար եւ անառարկելի հրադադարի ձեւաչափին։ Այս հայտարարություններից հետո Մոսկվան եւ Կիեւը փոխադարձ մեղադրանքներ ներկայացրին հրադադարի պայմանները բազմիցս խախտելու համար։