Նոր Հռոմի պապի ընտրության համար կարդինալների հավաքը՝ կոնկլավը, Վատիկանում աշխատանքները կսկսի մայիսի 7-ին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի աղբյուրին։
Ամսաթիվը որոշվել է ապրիլի 28-ին կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգեւորականների ընդհանուր ժողովի ընթացքում, որն ընթացել էր փակ դռների հետեւում։ Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեց նաեւ Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կարդինալների ընդհանուր ժողովը կայացել է Վատիկանի սինոդի դահլիճում։
Կարդինալների կոլեգիան ունի 252 անդամ, որոնցից 135-ը կմասնակցեն կոնկլավին եւ կունենան քվեարկելու իրավունք։ Նրանց թվում են 80-ից ցածր տարիքի կարդինալները, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է համարվել պապական գահի հավանական հավակնորդ։ Կոնկլավը տեղի կունենա Սիքստինյան կապելլայում։ Պապ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ հավանական թեկնածուն ստանա ձայների երկու երրորդը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը հայտարարվում է ծխնելույզից դուրս եկող սպիտակ ծխով, որը հստակ երեւում է Սուրբ Պետրոսի հրապարակից։
Ապրիլի 26-ին կատարվեց 266-րդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը, նա Սուրբ Պետրոսի գահը զբաղեցրել էր 2013 թվականից։