Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ եթե Ռուսաստանը իրոք ցանկանում է խաղաղության հասնել, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը եւ ոչ թե այն կապի խորհրդանշական իրադարձությունների հետ։
Այսպես է Ուկրաինայի արտգործնախարարը մեկնաբանել մայիսի 9-ին Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ միակողմանի հրադադար հաստատելու մասին Կրեմլի հայտարարությանը։
«Եթե Ռուսաստանն իրոք խաղաղություն է ցանկանում, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը։ Ինչո՞ւ սպասել մինչեւ մայիսի 8-ը։ Եթե կրակը հնարավոր է դադարեցնել հենց հիմա եւ ցանկացած ամսաթվից սկսած՝ 30 օրով, որպեսզի դա լինի իրական, այլ ոչ թե պարզապես շքերթի համար։ Ուկրաինան պատրաստ է աջակցելու երկարատեւ, վստահելի եւ ամբողջական հրադադարին։ Եվ մենք շարունակաբար առաջարկում ենք դա՝ ամենաքիչը 30 օրվա համար»,- գրել է Սիբիգան իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 28-ին, Կրեմլը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի որոշմամբ ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի։