ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները ստորագրել են տնտեսական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր, որը ամերիկյան կողմին արտոնյալ մուտք կտրամադրի Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում՝ ալյումիի, գրաֆիտի, նավթի եւ բնական գազի մշակման նոր նախագծերին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Համաձայնագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում ապրիլի 30-ին, նախատեսում է նաեւ Ուկրաինայի վերականգնման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, հայտարարելով գործարքի մասին, նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «վերջ դնել այս դաժան եւ անիմաստ պատերազմին»։ «Համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը լիովին նվիրված է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում գտնվում է ազատ, ինքնիշխան եւ բարգավաճող Ուկրաինան», — հայտարարել է Բեսենթը։
Ուկրաինայի տնտեսության նախարար Յուլիա Սվիրիդենկոն, ով համաձայնագիրը ստորագրել է ուկրաինական կողմից, նշել է, որ Կիեւը Վաշինգտոնի հետ միասին կստեղծի գլոբալ ներդրումմների հիմնադրամ։
Սվիրիդենկոն հրապարակել է համաձայնագրի հիմնական դրույթների ցանկը, որոնք, նրա խոսքով, երաշխավորում են Ուկրաինայի տարածքում եւ «տարածքային ջրերում գտնվող բոլոր ռեսուրսների լիարժեք սեփականությունը եւ վերահսկողությունը» կմնան Կիեւի ձեռքում։ Փաստաթուղթը նախատեսում է, որ Ուկրաինայի իշխանությունները կորոշեն, թե որ բնական պաշարներն են մշակվելու համաձայնագրի շրջանակներում։ Սվիրիդենկոյի խոսքով՝ խոսքը «հավասար գործընկերության» մասին է, իսկ հիմնադրամը «կառուցված է լինելու 50/50 սկզբունքի վրա»։
Հիմնադրամը ներդրումներ է կատարելու կարեւորագույն օգտակար հանածոների, նավթի եւ գազի արդյունահանման, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների եւ վերամշակման ոլորտներում, ընդ որում՝ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան համատեղ կընտրեն ծրագրերը։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը կձգտեն ստեղծել պայմաններ «Ուկրաինայում հանքարդյունաբերության, էներգետիկայի եւ դրանց առնչվող տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ավելացման» համար, նշվում է փաստաթղթում, որը մեջբերում է Bloomberg-ը։
«Европейская правда»-ն էլ գրում է, որ համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն 57 տեսակի օգտակար հանածոների ոլորտում, այդ թվում՝ հանքահումքային հազվագյուտ մետաղների։
Համաձայնագիրը չի կարգավորում այլ օգտակար հանածոների արդյունահանումը եւ դրանցից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ չի վերաբերում ուկրաինական ենթակառուցվածքներից ստացվող եկամուտներին, ինչպես սկզբում պնդում էր ամերիկյան կողմը։
Առաջին տասը տարիների ընթացքում հիմնադրամի կողմից ստացվող ամբողջ շահույթը, ինչպես ակնկալում է Կիեւը, կվերաներդրվի նոր ծրագրերի եւ Ուկրաինայի վերակառուցման մեջ, հայտնել է Յուլիա Սվիրիդենկոն։
«Այս պայմանները լինելու են հետագա քննարկման առարկա», — նշել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, բացի հիմնադրամի մեջ ֆինանսական ներդրում կատարելուց, կարող է նաեւ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրելով հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, համաձայնագրի տեքստում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ նշված չեն։
«Եթե [ԱՄՆ կառավարությունը] Ուկրաինայի կառավարությանը ցանկացած ձեւով նոր ռազմական օգնություն տրամադրի (ներառյալ զենքի համակարգերը, ռազմամթերքը, տեխնոլոգիաների փոխանցումը կամ ուսուցումը), ապա ԱՄՆ-ի կապիտալ ներդրումը կհամարվի ավելացած՝ նման ռազմական աջակցության գնահատված արժեքով», — նշվում է համաձայնագրում, որը մեջբերում է «Европейская правда»-ն։
Սվիրիդենկոն հավելել է, որ համաձայնագիրն այնպես է կազմված, որպեսզի ձեւակերպումները համապատասխանի Ուկրաինայի Սահմանադրությանը եւ «աջակցեն Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ուղեգծին»։
Ավելի վաղ Կիեւում մտավախություն էին հայտնել, թե համաձայնագիրը կարող է խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ խոչընդոտել նրա անդամակցությանը Եվրամիությանը։ Սվիրիդենկոյի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները լինելու են սահմանափակ եւ նպատակային։ Նա նշել է, որ հիմնադրամի գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ կլինի փոխել միայն Ուկրաինայի Բյուջեի օրենսգիրքը։ Իսկ համաձայնագիրը պետք է վավերացնի Գերագույն Ռադան։
Համաձայանգրի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն Վաշինգտոնին «փորելու» հնարավորություն է տալիս։
«Մենք կնքել ենք մի գործարք, որտեղ մեր գումարները ապահով են, որտեղ մենք կարող ենք սկսել փորել եւ անել այն, ինչ պետք է անենք։ Դա նաեւ լավ է նրանց համար, քանի որ տեղում կլինի ամերիկյան ներկայություն, եւ ամերիկյան ներկայությունը կկանխի շատ անբարեխիղճ խաղացողների մուտքը երկիր՝ հատկապես, այն տարածքներ, որտեղ մենք հանքարդյունաբերություն ենք իրականացնում», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 30-ին Սպիտակ տանը կայացած կառավարության նիստում։
Ինչպես հաղորդում է «Европейская правда»-ն, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը «կարգավորում է երկու կառավարությունների միջեւ համագործակցության քաղաքական պարամետրերը հանքային պաշարների զարգացման, հանքանյութերի վաճառքի, ինչպես նաեւ ամերիկյան օգնության (այդ թվում ռազմական օգնության) հարցում, որը Ուկրաինան կստանա ապագայում»։