Լոնդոնում ապրիլի 23-ինկայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը եւ Կիեւը համաձայնության են հասել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի խաղաղ կարգավորմանը վերաբերվող 22 հստակ պայմանների շուրջ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտնել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Ուկրաինացիների հետ բաց եւ բարդ քննարկումների ընթացքում մենք առաջարկեցինք 22 բացարձակապես հստակ պայմաններ, եւ կարծում ենք, որ այժմ գտնվում ենք չափազանց, չափազանց շահավետ դիրքում», — նշել է Քելլոգը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացրած ոչ բոլոր պայմաններն են հաճելի եղել ուկրաինական կողմի համար, սակայն «դա նորմալ է երբ բանակցություններ են ընթանում»։
Բանագնացի խոսքերով Ուկրաինան, ի թիվս այլ պայմանների, համաձայնել է տարածքային զիջումների գնալ՝ ելնելով ճակատային գծում ստեղծված ներկա իրավիճակից, սակայն «ոչ դե յուրե, այլ դե ֆակտո»։
«Ուկրաինացիները պատրաստ են հրաժարվել այն տարածքներից, որոնք գրավել են ռուսները, ոչ թե դե յուրե, մշտական, այլ դե ֆակտո, քանի որ ռուսներն իրականում օկուպացրել են այդ հողերը։ Նրանք համաձայնել են դրան։ Եվ նրանք այդ մասին ինձ ասացին նախորդ շաբաթ։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում յուրաքանչյուր կողմ կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Դա հենց այն է, ինչին նրանք պատրաստ են»,-ասել է Քելլոգը։
Դիվանագետի խոսքերով Կիեւը «ցանկանում է համապարփակ եւ կայուն հրադադար, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։ Հատուկ բանագնացը հավելել է, որ ԱՄՆ նախագահն եւս հենց այդ նպատակին է ձգտում։
«Մենք արդեն ունենք մեկ կողմ։ Այժմ անհրաժեշտ է երկրորդը։ Եվ ես կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք դրան», — հավելել է Քելլոգը։ Նրա խոսքով՝ «այժմ ամեն ինչ կախված է ռուսներից՝ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինից»։
Վաշինգտոնը մի քանի ամիս է, ինչ առանձին բանակցություններ է վարում Մոսկվայի եւ Կիեւի հետ՝ պատերազմի ավարտի շուրջ։ Սկզբում ԱՄՆ-ն փորձում էր գոնե 30 օրով հասնել լիարժեք հրադադարի։ Ուկրաինան ընդունեց այդ առաջարկը, իսկ Ռուսաստանը փաստացի մերժեց։
Երբ հրադադարի հաստատման փորձերը ձախողվեցին, ԱՄՆ-ն անցավ խաղաղության շրջանակային համաձայնագրի առաջմղմանը։ Լոնդոնում բանակցություններից հետո Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ հանդես եկան պատասխան առաջարկություններով։
Axios-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում ապրիլի 26-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահին կոչ էր արել ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ վերաշեշտադրել հրադադարի հարցը որպես առաջնահերթություն։