Ֆրանսիական Intelligence Online պարբերականը հրապարակել է Պիեռ Գաստինոյի վերլուծական հոդվածը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նոր քաղաքական դիրքորոշման եւ Կովկասում ԱՄՆ ռազմավարական ծրագրերում նրա հնարավոր դերակատարության մասին։ Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում TRIPP նախագծին, դրա իրականացմանը ներգրավված ընկերություններին եւ Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարական հետաքրքրություններին։
Հրապարակման հայերեն թարգմանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Կովկասում ռազմավարական նշանակություն ունեցող երթուղի կառուցելու համար Թրամփի վարչակազմը ներգրավել է ծրագրերի կառավարման մի ընկերություն, որը, պատեհ առիթից օգտվելով, աշխատանքի է ընդունել Հայաստանի անվտանգության քաղաքականության՝ դեպի Արևմուտք ուղղված խոշոր շրջադարձի ճարտարապետին։ Վերջինս, սակայն, կարծես եվրոսկեպտիկ է դարձել, ինչը դժգոհություն է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում։
Նոյեմբերի 11-ին Հայաստանի անվտանգության շրջանակներում պայթած աղմկահարույց մի հոդվածի ալիքները շարունակում են եվրոպական մայրաքաղաքներում քննարկման թեմա դառնալ։ Այդ օրը երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը 2018 թվականից մինչեւ 2026-ի օգոստոսը զբաղեցրած Արմեն Գրիգորյանը Medialab առցանց պարբերականում հոդված էր հրապարակել, որին հաջորած իր մասնակցությամբ մի շարք հարցազրույցներում ԱԽ նախկին քարտուղարը մանրամասն ներկայացրեց Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու Հայաստանի հեռանկարի վերաբերյալ իր ընդդիմադիր դիրքորոշումը։
Հարկ է նշել, որ Գրիգորյանը դիտարկվում էր ԵՄ-ին անդամակցությունը ազգային քաղաքական առաջնահերթություն հռչակված Նիկոլ Փաշինյանի կառավարության կարեւոր բանակցողներից: Տեղի մեկնաբաններն այժմ Գրիգորյանի նոր դիրքորոշումը որակում են որպես Փաշինյանին հնարավոր փոխարինողի քաղաքական հայտ ներկայացնելու սկիզբ: Միաժամանակ ինքը Փաշինյանը առերեւույթ շարունակում է հավատարիմ մնալ հստակ արեւմտամետ քաղաքական ուղղությանը։
Արմեն Գրիգորյանը դիրքորոշման փոփոխությունը հիմնավորում է մի քանի հանգամանքով։ Դրանցից մեկն այն է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը կարող է ենթադրել միանալ Իրանի դեմ եվրոպական պատժամիջոցներին, մինչդեռ Իրանը Հայաստանի առանցքային առեւտրային գործընկերներից է, հատկապես նավթի եւ գազի մատակարարման տեսանկյունից։
2020 թվականին Ռուսաստանի՝ որպես պաշտպանի կորստից հետո, կարո՞ղ է Հայաստանն իրեն թույլ տալ հիասթափվել նաեւ իր նոր հովանավորից
Գրիգորյանը հանդես է գալիս դաշինքների հետ հարաբերվելու գործարքային տրամաբանության օգտին, ինչը որոշ առումով նման է Սպիտակ տան ներկայիս քաղաքականությանը։ Նա նշում է, որ անցյալ տարվա մարտին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նկրտումներն օրենքով ամրագրելուց հետո, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Ադրբեջանի հետ նոր ռազմական բախման մտավախությունների պատճառով քննարկել է իր անձնակազմը տարհանելու հնարավորությունը: Ի դեպ, հետախուզության նախկին ղեկավարն իր աղմկահարույց հայտարարությունից հետո տված մի շարք հարցազրույցներում նշել է նաեւ, որ ԵՄ-ին չանդամակցելու իր դիրքորոշումը քննարկել է նաեւ արտասահմանյան գործընկերների հետ։
Լուրջ կորուստ Եվրոպայի համար
Գրիգորյանը պարզապես նախկին պաշտոնյա չէ։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի՝ դեպի Արեւմուտք շրջադարձի գլխավոր շարժիչ ուժն էր։ Հենց Գրիգորյանն էր Փաշինյանի առանցքային նախաձեռնություններից մեկի՝ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմնական պատասխանատուներից, միաժամանակ ներգրավված լինելով անվտանգության համակարգի բարեփոխումների, իսկ մասնավորապես խորհրդային ժառանգությունից ազատվելու գործընթացում:
Գրիգորյանը նաեւ Հայաստանի նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) գլխավոր ճարտարապետն էր։ Կառույց, որի հիմնական նպատակներից է այս ոլորտում ռուսական ազդեցությունից ազատվելը։
Ֆրանսիայի հետ Գրիգորյանի «մեղրամսի» ընթացքում, երբ նա ամուր կապեր հաստատեց ինչպես Ելիսեյան պալատի, այնպես էլ Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության՝ DGSE-ի ղեկավար Նիկոլ Լերների հետ, նա միաժամանակ նպաստեց Հայաստանի անվտանգության համակարգի եւ ԱՄՆ հետախուզական համայնքի ու Պենտագոնի միջեւ կապերի ամրապնդմանը։ Այսպես, 2022 թվականից սկսած, Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի եւ Ազգային հետախուզության ծառայության տնօրենի (DNI) պաշտոնը զբաղեցնող Ավրիլ Հեյնսի հետ։
ԱՄՆ-ի ռիսկային քայլը
Գրիգորյանի նոր՝ եվրոսկեպտիկ դիրքորոշումը ձեւավորվել է որոշակի անձնական եւ ռազմավարական հանգամանքների համատեքստում։ Սեպտեմբերին նրան աշխատանքի է ընդունել ոչ այնքան հայտնի՝ Policy and Management Consulting Group (PMCG) ծրագրերի կառավարման ընկերությունը։ 2005-2007 թվականներին Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալեքսի Ալեքսիշվիլիի հիմնադրած PMCG-ն հետազոտական ծրագրեր է իրականացնում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ նույնիսկ Ուկրաինայում ՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ տարածաշրջանում գործող ԱՄՆ դեսպանատների պատվերով։
Ի դեպ, ընկերությունն իրականացրել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ զարգացման մի շարք ծրագրեր Հայաստանում։ 2023 թվականին կազմակերպությունը ներգրավված է եղել Ռուսաստանի կողմից Հայաստանի տեղեկատվական դաշտում իրականացվող մանիպուլյացիաների դեմ պայքարում: Ծրագիրը ֆինանսավորել էր Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից։
2024 թվականին, մինչդեռ, եվրոսկեպտիկ լրտեսապետի (spymaster) նոր գործատուն ներգրավված էր նույնիսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում, որի նպատակն էր արագացնել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին։
Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին Կովկասում ԱՄՆ վարչակազմի ամենանշանակալի նախագիծն է։
Սեպտեմբերին Գրիգորյանին աշխատանքի ընդունելիս PMCG-ին կարճ, բայց ուշագրավ հայտարարություն տարածեց։ Նրա կենսագրության վերջում ընկերությունը նշել էր, որ «նրա աշխատանքը ներառում է նաեւ TRIPP-ի իրագործելիության գնահատման գործընթացին մասնակցությունը»՝ չհրապարակելով պատվիրատուի անունը։ Այս հիշատակումն, անշուշտ, ուշագրավ է, քանի որ Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին (TRIPP) Կովկասում ԱՄՆ վարչակազմի ամենանշանակալի նախագիծն է, որի նպատակը լոգիստիկ միջանցք կառուցելն է, Կովկասում առավել կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող երթուղին՝ գտնվելով «Զանգեզուրի միջանցք»-ի առանցքային հատվածում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կենտրոնական տեղ զբաղեցնող այս երթուղին նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքով՝ Բաքուն Նախիջեւանի իր էքսկլավին կապելու համար։ Ենթադրվում է նաեւ, որ դրա միջոցով Կենտրոնական Ասիայի նավթն ու գազը կհասցվեն Միջերկրական ծով, ինչն այս երթուղու կարեւորությունն էլ ավելի կարեւոր է դարձնում, քանի որ այն միակը կլինի, որ կշրջանցի եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Իրանը։
TRIPP-ի նախնական ուսումնասիրությունները
Մեր աղբյուրների տեղեկություններով PMCG-ին վերջին շրջանում աշխատանքի է ընդունել երկրաբանների թիմի, որոնք իրականացնում են TRIPP-ի նախնական երկրաֆիզիկական եւ երկրատեխնիկական ուսումնասիրությունները։ Նախատեսվում է, որ երթուղին համատեղելու է ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտային ենթակառուցվածքները՝ անցնելով այդ տարածքի հատկապես բարդ ռելիեֆով։
Թեեւ համացանցում սրա մասին տեղեկություն չկա, իրականում PMCG-ին TRIPP-ի իրականացման պայմանագիրը տրվել է ուղիղ համաձայնագրի միջոցով՝ ԱՄՆ Պետդքարտուղարության առաջադրանքի հիման վրա։ Այս պայմանագիրը ներառված չէ ընկերության պաշտոնական կայքում առկա այլ նախագծերի շարքում։
Ամւրիկյան մեկ այլ ընկերություն՝ AECOM-ը, որը պետական պայմանագրերի իրականացման երկարամյա փորձ ունի, նույնպես ընտրվել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան կողմից Պետքարտուղարության Գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների գործընկերության հիմնադրամի ֆինանսավորմամբ նախնական աշխատանքներն իրականացնելու համար։
Հարցի զգայունության մասին է վկայում այն, որ TRIPP նախագծում ներգրավված բոլոր մասնավոր օպերատորներն ու ծառայություններ մատուցողները պայմանագրային պայմանների վերաբերյալ հարցերը վերահասցեագրել են Երեւանում ԱՄՆ դեսպանատուն։ Վերջինս էլ հարցերը հասցեագրում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թիմին, որը, սակայն, առայժմ լռություն է պահպանում։
Երբ PMCG-ի միջոցով Գրիգորյանին հարցրել են TRIPP-ում իր դերի մասին, նա նույնպես հարցերը հասցեագրել է Երեւանում ԱՄՆ դեսպանատուն։
Համակարգված ջանքեր
TRIPP-ի իրականացման գործընթացն ուղեկցվում է Վաշինգտոնի բազմակողմանի ջանքերով։ ԱՄՆ դիվանագետներն աշխատում են նաեւ օգնել Փաշինյանի կառավարությանը վերականգնելու վերահսկողությունը երկրի երկաթուղային համակարգի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ։ Այս պահին ռուսական պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն պայմանագրի ժամկետը սահմանված է մինչեւ 2038 թվականը, մինչդեռ ակնհայտ է, որ երկաթուղին TRIPP-ի առանցքային բաղադրիչներից է լինելու։
Հոկտեմբերի կեսերին Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հետ։ Թեեւ ռուսական կողմը պնդում է, որ պայմանագրի վերանայման հարցը չի քննարկվել, հայկական կողմը հայտարարում է, որ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով՝ նոր պայմանավորվածությունների հնարավորությունները քննարկելու նպատակով, հատկապես, եթե TRIPP-ի երթուղու երկայնքով երկաթուղու որեւէ հատված կառուցվի։
TRIPP նախագծի անվտանգությունը նույնպես Վաշինգտոնի առաջնահերթություններից է։ Այն ապահովելու են հայ սահմանապահները, որոնց համար նախատեսվում են բազմաթիվ պայմանագրեր, սարքավորումների մատակարարումներ եւ ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան վերապատրաստումներ։ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 1,4 միլիոն դոլարին համարժեք սարքավորումներ է տրամադրել սահմանապահներին։ Սարքավորումները տրամադրվել են որպես նվիրատվություն՝ Պետքարտուղարության Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում։
Վերապատրաստումն իրականացնելու համար ներգրավվել է Պենտագոնի կապալառու Culmen International ընկերությունը։
Քաղաքական առումով Երեւանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հայաստանի հարցում ԱՄՆ-ում ձեւավորված համաձայնությունը տարածվում է նաեւ երկրի օրենսդիրի վրա։ 2025 թվականի պաշտպանության բյուջեի վերաբերյալ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի զեկույցում Կոնգրեսը ողջունել է երկու երկրների միջեւ լիարժեք ռազմական համագործակցության իրականացումն ու ընդլայնումը։
Հեղինակ՝ Պիեռ Գաստինո
Խմբագիրներ՝ Լորան Դեշան, Բենեդիկտ Գուտբրոզ
Հրապարակման անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով
