Գյումրեցի Լյուդա Բիլբիլիդին հույն է: Քաղաքում նախկին ռադիոհաղորդավարին ճանաչում են բոլորը, իսկ ավագ եւ միջին սերունդը Լյուդայի տարբերվող արտաքինից առավել ճանաչում է նրա ձայնը:
Բիլբիլիդի Լյուդան թեեւ բոլորել է կյանքի յոթանասուն տարին, բայց չի դադարում ընկալվել որպես երիտասարդ, նորարար, ռոմանտիկ եւ կյանքի հունը փոխող անհատ:
«Այդպիսին ծնվել եմ, չեմ դարձել: Ինձ համար թռիչք ապահովող երկու թեւերը եղել են ջազը եւ ռոքը»,-պատմում է Լյուդան եւ հիշում, թե ինչպես կոտրելով հայկական կարծրատիպը՝ 20 տարեկանում դարձավ Հայաստանի առաջին կին դիջեյը:
Թե ինչպես է եղել, որ հույն Լյուդան իսկական լենինականցի է, պատմությունը շատ հին է, հիշողությունները՝ տխուր:
Լյուդայի ծնողները Սալոնիկից են եղել, աշխարհաքաղաքական անխաղաղ դիպվածները նրանց Ղարս է տարել, այնուհետեւ՝ 1918 թվականից հաստատվել են Գյումրիում:
Գյումրիում ծնված Լյուդան շատ բան չի իմացել Հունաստանի մասին, շատ չի շփվել հայրենակիցների հետ: Երբեք իրեն հույն չի զգացել, միայն երբեմն արյան կանչն է արթնացել: Հունական վարքուբարքից տեղյակ չէ, սովորույթներից՝ նույնպես: Խոր հիշողություններում երբեմն արթնանում են տեսարաններ, երբ մայրը շատ կծու հունական ճաշ էր պատրաստում:
Երիտասարդ տարիները լիքն էին արկածներով, աշխարհը փրկելու պինդ կամքով: 50-60-ականների ռոք, ջազ խմբերի սկավառակներն ունենալը պատվի հարց էր դարձել Լյուդայի համար:
Կուտակած հսկայական երաժշտական գիտելիքը երիտասարդ հույն աղջիկը սկսում է բաշխել բոլորին՝ աշխատանքի անցնելով մի շարք ռադիոկայաններում: «Ես խոսում էի, խոսում, խոսում…«Անդերգրաունդ» երաժշտական հաղորդաշարի թողարկումներն իմ ինքնարտահայտվելու լավագույն տեղն էին»,-պատմում է Լյուդան:
Նեղվում է, երբ այսօրվա երաժիշտներն արդարանում են, թե երիտասարդների պահանջներին ընդառաջ են գնում՝ անորակ երաժշտություն հրամցնում: Վստահ է, որ նոր սերնդին դաստիարակել եւ «օգտակար» երաժշտությամբ կոփել է պետք: «Ես սովորեցնում էի զգալ ջազը, ռոքը»:
Բոլորի նման՝ նրա կյանքի հունն էլ 1988-ի դեկտեմբերի 7-ը փոխեց: Դեմքի, ձեռքերի, ուսերի սպիները փոխեցին ոչ միայն նրա արտաքինը, այլեւ հոգին: Բայց նա ընկճվողներից չէր. ապրեց, շարունակեց աշխատել: Նրան միշտ տեսնում էին առավոտյան՝ հեծանվով շրջագայելիս:
Այսօր արդեն նա վաստակած հանգստի է անցել: Էլի մարզվում է, բայց հեծանիվ վարել էլ չի կարողանում: Ինչպես միշտ՝ գրում-ստեղծագործում է: Ասում է՝ բողոքող չէ, բայց ստացած թոշակով լիարժեք սնունդ անգամ չի կարող գնել, էլ ուր մնաց արժանավայել ապրի:
Նեղված է, վիրավորված հարազատ քաղաքից, բայց շեշտում է՝ վիրավորվում է որպես հարազատ, ո՛չ թե օտար: Թե ինչու է նեղվում, պատճառը հստակ չի ձեւակերպում: Ասում է՝ առաջվա Լենինականը չկա, ընկերների շարքերն են նոսրանում, երիտասարդների ճաշակն ու մտածելակերպն է փոխվում:
«Բնությունն է հարազատս: Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է չխնամել բույսերին, աղտոտել տարածքը»: Տեքստիլ թաղամասով անցնող ցանկացած գյումրեցի ամեն օր տեսնում է, թե ինչպես է Լյուդան անշահախնդրորեն մշակում շենքերի դիմացի հողատարածքները, հատ-հատ խնամում թփերն ու տերեւները:
«Հայրենասիրությունն էլ հենց դա է, երբ սիրում ես հայրենի բնությունը, երբ ձեռքիդ շիշը չես նետում այնտեղ, որտեղ պատահի»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։