• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Ուկրաինա. մարդկային պատմություններ

«Նրանք ատում էին մեզ եւ ցանկանում էին ուղարկել պատերազմ». երկու եղբայրներին տարել էին Ռուսաստան, որտեղ նրանք հինգ տարի գումար էին խնայել՝ փախչելու համար։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանք ականատես են եղել օկուպացիայից Ուկրաինա փախչող տարեց տղամարդու մահվանը

aliq 19:29 | 17.11.2026
aliq 19:29 | 17.11.2026

Եղբայրներ Դավիդն ու Անտոնը մեծացել են Ուկրաինայի արեւելքում՝ օկուպացիայի պայմաններում։ Տղաները առաջին դասարանն ավարտել են ուկրաինական դպրոցում, նախքան իրենց քաղաքը, ըստ էության, ռուսական նահանգի վերածելու գործընթացի սկիզբը։ Երիտասարդների խոսքով՝ լայնածավալ ներխուժումից առաջ օկուպացիոն իշխանությունները միտումնավոր հումանիտար ճգնաժամ են ստեղծել՝ փակելով խանութները, դպրոցներն ու ձեռնարկությունները։

2022 թվականի փետրվարի 23-ին տղաներին, նրանց մորը, քույրերին եւ տատիկին տարհանել են Ռուսաստան։ Եղբայրները հինգ տարի պայքարել են գոյատեւելու համար՝ մնալով ագրեսոր երկրի տարբեր ժամանակավոր կացարաններում։ Նրանց ճնշել են, որպեսզի հրաժարվեն իրենց ինքնությունից, ենթարկել են նվաստացումների եւ սպառնացել հարկադիր զորակոչով ռուսական բանակ։ Ուկրաինացի կամավորներն օգնել են եղբայրներին հեռանալ Ռուսաստանից։ Նրանք ճանապարհորդել են օկուպացված տարածքներից դուրս եկող տարեց մարդկանց հետ։

(Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձանց անունները փոխված են)։

«Բոլորին տարհանում էին, որովհետեւ  սնունդ գրեթե չէր մնացել, խմելու ջուր էլ չկար։ Դրանից կարճ ժամանակ առաջ կորցրել էինք մեր բնակարանի բանալիները եւ ուզում էինք կրկնօրինակ պատրաստել տալ։ Բայց փականագործների խանութները փակ էին։ Երբ հեռացանք, պարզապես փակեցինք դուռը, եւ վերջ», — հիշում է 20-ամյա Դավիդը։

2022 թվականի փետրվարի 23-ն էր։ Դոնեցկի մարզի Մակիեւկա քաղաքի կենտրոնում ավտոբուսների շարասյուներ էին կանգնած։ Ռուսաստանի պետությունը հայտարարել էր համընդհանուր տարհանման մասին եւ մանկատներից երեխաներին տեղափոխում էր։ Քաղաքում դեռեւս պայթյունների ձայներ չէին լսվում, սակայն կենսապայմաններն արդեն սարսափելի էին։ Խանութները փակվում էին, իսկ օկուպացիոն իշխանությունների վերահսկողության ներքո գործող դպրոցներն այլեւս չէին աշխատում։ Այսպես կոչված «ԴԺՀ» քվազիպետական կազմավորման զինված խմբավորումները փողոցներում երիտասարդ տղամարդկանց զորակոչում էին ռուսական բանակ։

Դավիդն ու Անտոնը մոր եւ կրտսեր քույրերի հետ նստեցին ռուսական ավտոբուսներ, որոնք նրանց տարան դեպի արեւելք՝ անհայտ ուղղությամբ։ Նրանց խոսքով՝ իրենք պատկերացում չունեին, թե ինչ է իրենց սպասվում եւ ուր են տանում իրենց։ Ուկրաինա վերադառնալու որեւէ հնարավորություն այլեւս չունեին։ Փոխարենը ստիպված էին տեղափոխվել Ռուսաստանի տարբեր ժամանակավոր կացարաններ, այդ թվում՝ մանկական ճամբարներ, գյուղական տներ եւ հանրակացարանային սենյակներ։

Անտոնը հիշում է, որ որոշ շենքեր անմխիթար վիճակում էին, ներսում գարշահոտություն էր, իսկ պատերի ներկը՝ թեփոտված։ 2023 թվականի մարտին տղաները ընդունվեցին ռուսական գյուղական դպրոց։ Դավիդը սկսեց սովորել տասներորդ, իսկ Անտոնը՝ յոթերորդ դասարանում։

«Երկրորդ օրը մեր դասընկերները հարցրին, թե երբ ենք պատրաստվում հեռանալ Ռուսաստանից։ Ասացին, որ իրենց բոլոր խնդիրների պատճառը մենք ենք։ Ընդհանրապես, նրանք մեզ էին մեղադրում պատերազմը սկսելու համար։ Նրանք նաեւ ծաղրում էին մեզ եւ խնդրում արտասանել ուկրաիներեն «ґ» տառը», — պատմում է 18-ամյա Անտոնը։

(Ուկրաիներենում «ґ» տառը փոխանցում է կոշտ «գ» հնչյունը, մինչդեռ «г»-ն արտասանվում է «հ»-ի նման։ Ուկրաինացիները երբեմն այդ արտասանությունն են պահպանում նաեւ ռուսերեն խոսելիս, ինչի հետեւանքով նրանց ուկրաինական առոգանությունը նկատելի է դառնում եւ ծաղրի առարկա դառնում):

Երիտասարդները հույս ունեին, որ Ռուսաստանում երկար չեն մնա։ Մայրը նրանց հանգստացնում էր՝ ասելով, որ պարզապես պետք է սպասել, մինչեւ պատերազմը հանդարտվի, եւ դրանից հետո նրանք կկարողանան վերադառնալ։ Սակայն արդեն 2023 թվականին տղաները սկսել էին գումար խնայել՝ հույս ունենալով, որ շուտով կկարողանան հեռանալ Ռուսաստանից։ Նրանք լրացուցիչ եկամուտ ստանալու տարբեր հնարավորություններ էին փնտրում։ Բայց 2023 թվականի վերջին նրանց տատիկը անսպասելիորեն մահացավ։ Նրանք ստիպված եղան իրենց ամբողջ խնայողությունները ծախսել նրա հուղարկավորության վրա։ Տղաները ստիպված էին շարունակել ուսումը։

«Մենք հաճախ էինք փոխում դպրոցները։ Հիշում եմ՝ մի անգամ սովորում էի քաղաքից հեռու գտնվող դպրոցում։ Շենքը, հավանաբար, 19-րդ դարի կառույց էր։ Այնտեղ կադետական դասարաններ կային։ Կադետները զինվորական համազգեստով քայլերթեր էին անում։ Եղբայրս ու ես հրաժարվեցինք կադետ դառնալուց, բայց, ամեն դեպքում, այդ դպրոցում ընդամենը երկու ամիս սովորեցինք։ Դրանից հետո տեղափոխվեցինք մեկ այլ ժամանակավոր կացարան», — պատմում է 18-ամյա Անտոնը։

Ռուսաստանում գտնվելու ընթացքում ուկրաինացի եղբայրներն ապրել են մի քանի քաղաքներում եւ հաճախել տարբեր դպրոցներ։ Նրանք խոստովանում են, որ քարոզչությամբ հագեցած յուրաքանչյուր դաս ավելի ու ավելի էր նվազեցնում սովորելու իրենց ցանկությունը։

««Զրույցներ կարեւորի մասին» դասերի ժամանակ աշակերտներին պատմում էին Ռուսաստանի բնական պաշարների եւ այն մասին, թե որքան հզոր երկիր է այն։ Բայց լռում էին այն փաստի մասին, որ բնակչության մեծ մասն իրականում աղքատության եզրին է ապրում։ Իսկ որոշ դպրոցներ բառացիորեն քանդվում էին։ Չնչին աշխատավարձ ստացող ուսուցիչները ստում էին, թե որքան հզոր է Ռուսաստանը եւ ինչպես են իրենք նեոնացիստներից ազատագրում իրենց հողերը», — վրդովված պատմում է Անտոնը։

Ամեն երկուշաբթի աշակերտները պարտավոր էին երգել Ռուսաստանի պետական օրհներգը։ Նրանք պետք է նաեւ մասնակցեին հայրենասիրական միջոցառումներին, այդ թվում՝ մայիսի 9-ին նշվող Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին։ Դավիդն ու Անտոնը իրենց ռուս չէին համարում։ Նրանք հրաժարվում էին երգել Ռուսաստանի օրհներգը եւ հաճախ բացակայում էին դասերից։

«Գրեթե ամեն ամիս մեր մորը կանչում էին դպրոց եւ հարցնում, թե ինչու ենք այդքան շատ դասեր բաց թողնում եւ ինչու են մեր գնահատականներն այդքան ցածր։ Ես նրանց պատմության դասագիրքը ոչ մի անգամ չեմ բացել։ Արդեն գիտեի, որ այն վերաշարադրված է։ Ընդհանրապես, սովորելու ցանկությունս ամբողջությամբ կորցրել էի», — անկեղծորեն խոստովանում է Անտոնը։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ավագ եղբայրը՝ 20-ամյա Դավիդը, ընդունվել է ռուսական մասնագիտական ուսումնարան։ Նա հույս ուներ, որ այդ կերպ կկարողանա խուսափել զինվորական հաշվառման կանգնելուց եւ կշարունակի խուսափել զորահավաքից։ Այդ ժամանակ նա արդեն 18 տարեկան էր։ Դավիդն ընտրել էր խոհարարի մասնագիտությունը։ Ռուս հասակակիցները նվաստացնում էին նրան, իսկ դասախոսները հիմնականում անտեսում էին այդ հետապնդումները։ Նրանք գիտեին, որ նա Ուկրաինայից փախստական է։

«Մեր խմբի պատասխանատու դասախոսն արհամարհանքով էր վերաբերվում ինձ։ Նա միտումնավոր ցածր գնահատականներ էր նշանակում, որովհետեւ գիտեր, որ ես ուկրաինացի եմ։ Ես տեղափոխվեցի մեկ այլ մասնագիտության՝ էլեկտրիկի որակավորում ստանալու համար։ Այնտեղ վերաբերմունքը մի փոքր ավելի լավ էր, բայց սովորելը դժվարանում էի», — ասում է Դավիդը։

ԱԴԾ-ի խուզարկությունը եւ զորահավաքը

Ուկրաինացի երիտասարդները թաքցնում էին իրենց ուկրաինամետ հայացքները։ Նրանք գիտեին, որ Ռուսաստանն իրենց հայրենիքը չէ։ Մինչ օկուպացիոն իշխանությունների կողմից ուկրաիներենի լիակատար արգելքը՝ նրանք առաջին դասարանից սկսած ուկրաիներեն էին սովորել։ Եղբայրները Ռուսաստանում ընկերներ ձեռք չբերեցին եւ ոչ ոքի չէին պատմում իրենց կյանքի մասին։

Նրանք պատմում են, որ մի անգամ, երբ հանրակացարանում էին բնակվում, իրենց զգուշացրել էին, որ ոստիկանության աշխատակից է գալու՝ իրենց հետ զրուցելու։ Սակայն փոխարենը ժամանել էին ԱԴԾ-ի աշխատակիցները, առգրավել նրանց հեռախոսները եւ խուզարկություն իրականացրել։

«Նրանք 20 րոպեով վերցրին մեր հեռախոսները եւ երկար ժամանակ ինչ-որ բան էին ստուգում դրանց մեջ։ Ամենայն հավանականությամբ, տեղադրել էին հետեւելու եւ վերահսկողության ծրագրեր», — հավելում է Դավիդը։

Ամռանը տղաները լրացուցիչ գումար վաստակելու նպատակով մեկնել էին Մոսկվայի մարզ՝ ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու։ Նրանք տեղափոխում էին ասֆալտ, խիճ եւ շինանյութեր։ Կրկին մտադիր էին խնայել վաստակած գումարը՝ Ռուսաստանից հեռանալու համար։ Նրանց խոսքով՝ մայրը աշխատանքում շատ քիչ էր վաստակում, եւ այդ գումարը հազիվ էր բավականացնում հաց գնելու համար։

2026 թվականի հունվարին Դավիդին ժամանակավոր կացարանում տեղեկացրել էին, որ անհրաժեշտ է փոխել անձնագիրը։ Նա գնացել էր փաստաթղթերի ձեւակերպման կենտրոն, որտեղ զինվորական կոմիսարիատից ստացել էր ուղեգիր՝ բժշկական զննություն անցնելու համար։ Դավիդը կասկածել էր, որ շուտով իրեն կարող են զորակոչել եւ ուղարկել պատերազմի։ Նա լսել էր, որ ռուսական անձնագիր ունեցող ազգային փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչների ուղարկում են կռվելու։

«Բժշկական զննություն անցա, եւ ինձ շնորհվեց զինվորական ծառայության պիտանիության B1 կարգ։ Դա նշանակում էր, որ պիտանի եմ զինվորական ծառայության համար։ Այնուհետեւ ինձ հանձնեցին ծանուցագիր՝ 2026 թվականի փետրվարի 27-ին զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջով։ Ես չգնացի։ Ընդհանրապես դուրս չեկա այն վայրից, որտեղ բնակվում էի», — պատմում է Դավիդը։

Եղբայրները կապ հաստատեցին կամավորների հետ, որոնք օգնում են ուկրաինացիներին հեռանալ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։ Կամավորները համաձայնեցին օգնել, տղաների համար գնեցին Բելառուսի տոմսեր եւ բացատրեցին հեռանալու ծրագիրը։ Մարտի սկզբին եղբայրներն ինքնուրույն լքեցին Ռուսաստանի Դաշնությունը։

«Երբ հասանք Բելառուս, հանդիպեցինք կամավորներին։ Նրանք օգնում էին նաեւ օկուպացված տարածքներից դուրս գալ երկու տարեց մարդու՝ 81 եւ 63 տարեկան։ Մենք օգնեցինք նրանց իրերը բեռնել մեքենան։ Բոլորս նստեցինք մեքենան եւ շարժվեցինք դեպի Ուկրաինայի սահման։ Ճանապարհին 81-ամյա տղամարդը հանկարծամահ եղավ։ Նա այդպես էլ չհասավ Ուկրաինայի սահմանին», — հիշում է Անտոնը։

Հարկադիր տարհանումն ու տեղահանումն անօրինական են

2026 թվականի մարտի 12-ին հրապարակված՝ Հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ ռուսական իշխանությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներից արտաքսել կամ տեղափոխել են հազարավոր երեխաների։ Հանձնաժողովն առայժմ հաստատել է 1205 երեխայի արտաքսման կամ տեղափոխման դեպք։ Ռուսական իշխանություններն այդ զանգվածային տեղափոխությունները ներկայացրել են որպես «տարհանումներ»՝ դրանք հիմնավորելով զինված հակամարտության հետ կապված ռիսկերով։

Միեւնույն ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է, որ երեխաներին այլ երկիր տարհանելը պետք է ժամանակավոր բնույթ կրի եւ կարող է իրականացվել միայն երեխաների առողջության, բժշկական օգնության կամ անվտանգության հետ կապված անհետաձգելի պատճառներով։ Այլ պատճառներով տարհանումն արգելված է։

Անցել է չորս տարի, սակայն Հանձնաժողովի ուսումնասիրած դեպքերում արտաքսված կամ տեղափոխված երեխաների 80 տոկոսը դեռեւս չի վերադարձել։ Ռուսական իշխանությունները նրանց վերադարձը կազմակերպելու համակարգ չեն ստեղծել։ Փոխարենը նրանք կենտրոնացել են երեխաներին երկարաժամկետ հիմունքներով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընտանիքներում կամ հաստատություններում տեղավորելու վրա։

Եղբայրներն արագ սկսեցին հարմարվել Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրենց նոր կյանքին։ Նրանց խոսքով՝ թեեւ օդային տագնապի մշտական ազդանշաններն ու հարձակումները վախեցնող են, Ռուսաստանում ապրելն ավելի դժվար էր։ Նրանք արդեն սկսել են աշխատել եւ ծրագրում են ընդունվել ուկրաինական համալսարաններ։ Նրանց մայրն ու քույրերը նույնպես վերջերս հեռացել են Ռուսաստանից։

Հեղինակ՝ Լեսյա Կեսարչուկ

Նկարազարդումներ՝ Մարիանա Միկիտյուկ

Նյութը պատրաստվել է «The Reckoning Project»-ի հետ համագործակցությամբ։ Այն լրագրողների եւ իրավաբանների միջազգային թիմ է, որը փաստագրում, հանրայնացնում եւ իրավական գործեր է նախապատրաստում վայրագությունների հանցագործությունների վերաբերյալ։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԱԾ անվան շահարկումը՝ որպես զենք Սփյուռքի դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Նրանք ատում էին մեզ եւ ցանկանում էին ուղարկել...

  • ԱԱԾ անվան շահարկումը՝ որպես զենք Սփյուռքի դեմ

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

ընտրանի

  • 1

    Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին ռուս...

  • 2

    ԱԱԾ անվան շահարկումը՝ որպես զենք Սփյուռքի դեմ

  • 3

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Պանրխաշ. Գյումրվա ամենահամեղ ուտեստը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն