Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարը հեշտ է վերագրել հերթական ներքաղաքական լոզունգներին։ Սակայն ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Այն կոչ է անում հայերին իրենց պետությունը նույնացնել Հայաստանի Հանրապետության հետ՝ նրա իրական գոյությամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով, այլ ոչ թե «Պատմական Հայաստանի» շատ ավելի մեծածավալ մտապատկերային քարտեզի: Դրա հետեւում թաքնված հարցը անհարմար է, բայց հիմնարար. արդյոք ազգն ապր՞ում է իր սահմանների ներսում, թե՞ պատմական քարտեզի վրա: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ցանկացած բնակչի համար սա շատ ծանոթ է հնչում:
Գրեթե կեսը. 1945 թվականի թվաբանությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմից Լեհաստանը դուրս եկավ դեպի արեւմուտք տեղաշարժված եւ արեւելքում զգալիորեն փոքրացած: Այն կորցրեց մոտ 178 000 քառակուսի կիլոմետր նախապատերազմյան տարածք՝ Կերզոնի գծից արեւելք, ինչը կազմում է 1939 թվականին Լեհաստանին պատկանող 389 720 քառակուսի կիլոմետրի գրեթե 46 տոկոսը: Այս թիվը Լեհաստանի մաքուր կորուստը չէ, քանի որ երկիրը ստացավ մոտ 101 000 քառակուսի կիլոմետր նախկին գերմանական տարածքներ արեւմուտքում եւ հյուսիսում: Բայց հարցի էությունը բնավ հաշվեկշիռը չէ: Գլխավորն այն է, թե ինչն անհետացավ Լեհաստանից:
Կորցրած տարածքների թվում էին Վիլնոն եւ Լվովը (այժմ՝ Վիլնյուս եւ Լվով)՝ միջպատերազմյան Լեհաստանի երկու կարեւորագույն ակադեմիական ու մշակութային կենտրոնները, վայրեր, որոնք խորապես ներհյուսված են լեհական գրականության, լեզվի եւ պատմական հիշողության մեջ: Քարտեզի վրա սահմանը կարելի է տեղաշարժել շատ ավելի արագ, քան մարդկանց գիտակցության մեջ:
Եվ քարտեզը պատմության ամենաքիչ ցավոտ մասն էր: 1944-1946 թվականներին շուրջ 1,5 միլիոն մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը լեհեր էին, լքեցին նախկին արեւելյան նահանգները՝ տեղափոխվելով արդեն նոր սահմաններով Լեհաստան, իսկ եւս մեկ քառորդ միլիոնը հետեւեց նրանց 1955-1959 թվականների ալիքի ժամանակ: Այս թվերի հետեւում շտապողականության հետեւանքով լքված տներն էին, մարդկանց վերցրած քիչ գույքը, որը կարող էր տեղավորվել ապրանքատար վագոնում, եւ հանկարծակի պետական սահմանի մյուս կողմում հայտնված ընտանեկան գերեզմանները: Մի ամբողջ սերնդի համար կորցրած սահմանամերձ հողերը վերացական հասկացություն չէին: Դրանք կենսագրություն էին:
Վիրավորանքը՝ էժան լծակ
Այս կորուստը քաղաքական ծրագրի վերածելը հասկանալի կլիներ: Բայց այն նաեւ վտանգավոր կլիներ: Հետպատերազմյան Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպան պատմական վիրավորանքների քաղաքական շահագործման դաժան դաս տվեց. պետությունները, որոնք կլանված էին հին սահմանների եւ հին անարդարությունների շուրջ վեճերով, ավելի հեշտ էին վերահսկվում կայսերական տերության կողմից: Այնտեղ, որտեղ հարեւանները չէին կարող վստահել միմյանց, նրանց հարկավոր էր արբիտր, եւ Մոսկվան ավելի քան պատրաստակամորեն ստանձնեց այդ դերը:
Վիրավորանքը էժան լծակ է: Այն չի պահանջում ոչ բանակ, ոչ մեծ գումարներ, այլ միայն այն համոզմունքը, որ պատմական արդարությունը մնացել է անավարտ, եւ որ սահմանի մյուս կողմում ինչ-որ մեկը մի օր կօգնի այն ավարտին հասցնել: Հարցը, որ արժե տալ, այն չէ, թե արդյոք վիրավորանքն արդարացված է, քանի որ հաճախ հենց այդպես էլ կա: Հարցն այն է, թե ով է ստանում քաղաքական իշխանություն այն կենդանի պահելու միջոցով:
Սառը հաշվարկ՝ տարածքային նոստալգիայի փոխարեն
Լեհաստանի վերջնական պատասխանը ոչ թե արեւելյան ծայրամասերի մոռացությունն էր, այլ հիշողության տարանջատումը պետական քաղաքականությունից: «Կրեսները» (արեւելյան սահմանային տարածքները) մնացին լեհական գրականության, ընտանեկան պատմության եւ ազգային մշակույթի մաս, բայց դրանց վերադարձը դադարեց քաղաքական նպատակ լինելուց: Անկախ Լեհաստանը ճանաչեց իր հարեւանների սահմանները եւ իր անվտանգությունը կառուցեց այն տարածքի շուրջ, որը նա իրականում կառավարում էր:
Այս ընտրությունն ինքնին Լեհաստանին չմտցրեց ՆԱՏՕ եւ երկիրը չդարձրեց բարեկեցիկ. պատմությունը հազվադեպ է այնքան բարեհաճ լինում, որ մեկ հստակ պատճառ ներկայացնի ամեն ինչի համար: Բայց տարածքային ռեւիզիոնիզմից հրաժարումը վերացրեց Լեհաստանի հարեւանների հետ կոնֆլիկտի մշտական աղբյուրը եւ երկիրը դարձրեց սառը պատերազմից հետո եվրոպական կարգի վստահելի մասնակից: Այն նաեւ փոխեց ուժի բուն իմաստը: Լեհաստանը կարող էր հիշել Լվովը՝ առանց Լվովին հավակնելու, եւ հիշել Վիլնոն՝ առանց Վիլնյուսին հավակնելու. տասնամյակներ անց այն կարող էր սատարել Ուկրաինային եւ Լիտվային՝ նրանցից ոչ մեկին անցյալից որեւէ տարածքային հաշվարկներ չներկայացնելով: Հսկայական ուժ կա այն բանի մեջ, երբ կարող ես ասել. այս պատմությունը մերն է, բայց այս հողն այլեւս մեզ չի պատկանում:
Վեհություն, որը չի չափվում քառակուսի կիլոմետրերով
Հայաստանն այժմ կատարում է իր սեփական ընտրությունը հօգուտ այս ուղու, եւ գործընթացն արդեն ավելի հեռու է գնացել, քան արտաքին մեկնաբաններն են հակված ընդունելու: 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանն իրականացրել են հյուսիս-արեւելքում իրենց սահմանի առաջին հատվածի սահմանագծումն ու սահմանազատումը. ինչպես նշում է Արսեն Խառատյանը խաղաղ բանակցությունների վերաբերյալ GEOpolitics-ի իր վերլուծության մեջ, այն կազմում է մոտ 13 կիլոմետր: Այդ ժամանակից ի վեր երկկողմ հանձնաժողովները շարունակել են հանդիպումները, որոնցից վերջինը՝ 13-րդը տեղի է ունեցել Աղվերանում 2026 թվականի ապրիլի վերջին: Հետեւաբար, խնդիրն այն չէ, որ ոչինչ տեղի չի ունեցել: Խնդիրն այն է, որ սահմանի մեծ մասը մնում է չկարգավորված, եւ խորհրդային ժառանգության անկլավների ու էքսկլավների հարցը դեռեւս համաձայնեցված լուծում չունի:
Քաղաքական մակարդակը նույնպես առաջ է շարժվել: 2025 թվականի օգոստոսին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նախաձեռնել (նախասորագրել) են խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որի կենտրոնական սկզբունքը միանշանակ է. խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետք է դիտարկվեն որպես երկու անկախ պետությունների միջազգային սահմաններ, ընդ որում՝ կողմերից ոչ մեկը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չի առաջադրում: Փաստաթուղթը դեռեւս սպասում է պաշտոնական ստորագրման եւ վավերացման, ինչի մասին Փաշինյանը կրկին հայտարարեց 2026 թվականի օգոստոսին, բայց շարժման ուղղությունն արդեն դժվար չէ տեսնել:
Ահա թե որտեղ է լեհական փորձը դառնում օգտակար, թեեւ, անշուշտ, ոչ թե որպես պատրաստի գծագիր: Հայաստանը հետպատերազմյան Լեհաստանը չէ, իսկ Հարավային Կովկասը 1945 թվականի Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպան չէ. պատմական զուգահեռները սկսում են կաղալ հենց այն պահին, երբ դրանց վերաբերվում են որպես պատճենահանող սարքերի: Այն, ինչ իսկապես առաջարկում է Լեհաստանը, ապացույցն է այն բանի, որ ազգը կարող է հրաժարվել տարածքային ռեւիզիոնիզմից՝ չհրաժարվելով հիշողությունից:
Հետխորհրդային շրջանի մեծ մասում Հայաստանը հենվել է Ռուսաստանի վրա կողմնորոշված անվտանգության ճարտարապետության վրա, որն ի վերջո չկարողացավ ապահովել այն, ինչ ակնկալում էր Երեւանը: Փաշինյանը սառեցրել է իր երկրի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ վկայակոչելով դրա անարդյունավետությունը 2021 եւ 2022 թվականների ճգնաժամերի ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբաղում հին կարգի փլուզումը 2023 թվականին էլ ավելի դժվարացրեց այդ երաշխիքների սահմանափակումների անտեսումը: Պետությունը, որն իր անվտանգությունը պատվիրակում է արտաքին ուժերին, քանի որ չի կարողանում հաշտվել իր իրական սահմանների հետ, ի վերջո հայտնվում է հենց այն տերության կախվածության մեջ, որը խոստանում է պաշտպանել այն:
Եվ այնուամենայնիվ, հայոց մեծությունը երբեք կախված չի եղել հայկական պետության չափերից: Հայաստանը ճանաչված է որպես առաջին պետություն, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն (իրադարձությունը ավանդաբար թվագրվում է 301 թ․), իսկ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը՝ այն հիմնարար սյուներից մեկը, որի շնորհիվ մշակույթը վերապրեց ներխուժումները, բաժանումները, աքսորներն ու անպետականության երկար շրջանները: Հայերը դիմակայեցին ե՛ւ այն ժամանակ, երբ գոյություն ուներ հայկական թագավորություն, ե՛ւ այն ժամանակ, երբ այն չկար՝ ստեղծելով համայնքներ տարբեր մայրցամաքներում եւ պահպանելով լեզուն, եկեղեցին, գրականությունն ու պատմական գիտակցությունը պայմաններում, որոնք այլ ժողովուրդների ջնջեցին պատմությունից: Ոչ մի սահմանային պայմանագիր չի կարող շնորհել այս ժառանգությունը, եւ ոչ մի պայմանագիր չի կարող խլել այն նրանցից:
Հետեւաբար, «Իրական Հայաստանի» ընտրությունը չպետք է նշանակի տատմական Հայաստանի մոռացություն: Այն նշանակում է հրաժարվել հիշողությունը տարածքային ծրագրի վերածելուց: Տարբերություն կա կորցրած հայրենիքը հիշելու եւ ապագան դրա վերադարձի շուրջ կազմակերպելու միջեւ, եւ Լեհաստանը թանկ գնով սովորեց այդ տարբերությունը: Հայաստանն այժմ հնարավորություն ունի անելու նույնը. պաշտպանելու իր ունեցած պետության յուրաքանչյուր մետրը, ամրապնդել իր ինստիտուտները եւ բացել առեւտրային ուղիները՝ գործնականում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններն ավելի իրական դարձնելով, քան ցանկացած պատմական քարտեզ: Պատմական քարտեզը կարող է գեղեցիկ լինել: Բայց այն հասցե չէ:
Միլոշ Մանաստերսկի
Միլոշ Մանաստերսկին լեհ էսսեիստ է, քաղաքական մեկնաբան եւ Agencja Informacyjna-ի գլխավոր տնօրենը: Լինելով ԱՄԷ-ում աշխատած նախկին մերձավորարեւելյան թղթակից՝ նա հոդվածներ է հրապարակում Կենտրոնական Եվրոպայի քաղաքական տնտեսության, պատմական հիշողության եւ մշակույթի մասին The Washington Examiner-ում, The European Conservative-ում եւ The Armenian Mirror-Spectator-ում: Լեհաստանի Վերածննդի շքանշանի Ասպետական խաչի ասպետ է:
