1997 թվականի մարտի կեսերին՝ սովորական մի օր, Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ստեփանակերտի առանձնասենյակում հնչում է հեռախոսազանգ։
«Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանն այստեղ են՝ ընդունարանում, ուզում են տեսնել ձեզ»,- ներքին կապով տեղեկացնում է հեռախոսավարը։
Ռոբերտ Քոչարյանն իր ինքնակենսագրական հատորում գրում է․ «Առաջին բանը, որ մտածեցի՝ ինչ-որ աղետ է պատահել, եթե Վազգենն այդքան շտապ ու առանց զգուշացնելու թռել է Ստեփանակերտ։ Ղարաբաղ գալուց առաջ միշտ նախապես զանգում էր ինձ։
-Ի՞նչ է պատահել։
-Առանձնապես ոչինչ,- ձեռքը թափ տվեց Վազգենը։- Ուղղակի հետդ խոսելու բան ունենք»։
Վազգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով Քոչարյանին հրավիրում է Հայաստան՝ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։
Քոչարյանը գրում է, որ իր առաջին արձագանքը եղել է կտրուկ մերժումը։ Վազգենն ասել է, որ եկել է Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ եւ չի մեկնի, մինչեւ ինքը չհամաձայնի։
«Ինձ համոզում էր նաեւ Սամվել Բաբայանը, որն իր պատճառն ուներ․ մերոնցից՝ ղարաբաղցիներից, որքան շատ մարդ լինի Հայաստանի կառավարությունում, այնքան լավ Ղարաբաղի համար․ ավելի մեծ ազդեցություն կունենանք ԼՂՀ-ի վերաբերյալ ընդունվող որոշումների վրա»,- գրում է Քոչարյանը։
Քոչարյանին վարչապետ նշանակելու Տեր-Պետրոսյանի երկու պատճառները
Ավելի քան 10 տարի անց՝ 2007 թվականի նոյեմբերին, տասնամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանը երիտասարդների հետ հանդիպմանը պետք է բացատրեր, թե ինչու է կանգ առել Քոչարյանի վրա։
«96 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական եւ շատ դրականորեն ընդունվեց մեր ամբողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որեւէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ եւ վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ: Ուրեմն, հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ Հայաստանի ներսից ում էլ վարչապետ նշանակեի, առավել եւս, Աստված մի արասցե, ՀՀՇ-ի «բանդիտներից» մեկին, մի նոր պայթյուն էր լինելու մեր երկրում:
Ես ունեցել եմ երկու նկատառում Քոչարյանին Հայաստան հրավիրելիս: Առաջին` նա նույնպես, ինչպես ասում են, չեզոք անձնավորություն էր, Հայաստանի ներքին պայքարների մեջ հարվածներ չհասցրած եւ հարվածներ չընդունած մարդ: Հայաստանի ներքին պայքարների մեջ նա ընդհանրապես խառնված չի եղել, ունեցել է դրական կերպար, Ղարաբաղում մեծ գործ է արել, եւ ես գնահատեցի դա: Սա առաջին նկատառումն էր, որպեսզի այդ մթնոլորտում վարչապետը ընդունելի դառնար: Նույնիսկ Արմեն Սարգսյանին հրավիրելու ժամանակ եղել են դժգոհություններ, որովհետեւ ասել են` նա կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ մեր կյանքին: Բայց Ռոբերտ Քոչարյանի նշանակումից ոչ մի դժգոհություն չի եղել: Հայաստանում չի եղել մի մարդ, որը հավանություն տված չլիներ այդ նշանակմանը: Եղել է ընդամենը երկու հակառակ արձագանք. Վազգեն Մանուկյանն էր, որը մեկ տողով ասել էր` սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետեւ դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերություններում: Եվ ճիշտ էր, հեռանկարում նա ճիշտ դուրս եկավ: Եվ երկրորդ` Ալեքսանդր Աղամալյանը շատ լուրջ հոդված էր գրել, որտեղ հիմնավորում էր, որ Քոչարյանի նշանակումը սխալ է»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Քոչարյանին Հայաստան հրավիրելու երկրորդ նկատառումը, ըստ առաջին նախագահի, Ղարաբաղի խնդրի լուծման նպատակ էր հետապնդում:
«Ղարաբաղն այս խնդրին մոտենում է Ղարաբաղի շահերի տեսակետից: Սա հատուկ է բոլոր լոկալ մարզային կամ գավառային հայրենասիրություններին, եւ այլ կերպ չի կարող լինել: Մեր ողջ պատմության մեջ բդեշխները, իշխանները ունեցել են իրենց լոկալ շահերը: Շահ ասելով` ես շահադիտություն նկատի չունեմ, բնական կապվածություն այդ հողին, բնական պարտք այդ ժողովրդին: Այդպես եղել է, այսուհետեւ էլ այդպես պիտի լինի: Այո՛, Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի նախագահը հետագայում եւս բանակցություններում եւ կարգավորման գործընթացում պետք է առաջնորդվեն Ղարաբաղի շահերի տեսակետից: Հայաստանը` Հայաստանի շահերի, Ղարաբաղը` Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը` Ադրբեջանի շահերի: Սա է ձեւը, եւ եթե ուզես էլ փոխել, չի ստացվի, այդպես պիտի լինի: Բայց այսպիսի պարագայում ծագում են հակասություններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ: Ցանկացած դեպքում դա միայն այսօրվա բան չէ, ամբողջ պատմության ընթացքում այդպես է եղել: Նույնը Հարավսլավիայում էր. Հարավսլավիայի շահերը մի բան էին պահանջում, իսկ բոսնիական սերբերի շահերը` ուրիշ բան: Ի վերջո, բազմաթիվ արյունահեղություններից հետո գտնվեց ինչ-որ մի կոնսենսուս, որը չեմ կարծում, որ վերջնական լուծում է: Քոչարյանին Հայաստան հրավիրելու իմ երկրորդ նկատառումն այն էր, որ դառնալով Հայաստանի վարչապետ՝ նա կարողանա Ղարաբաղի խնդրին նայել նաեւ Հայաստանի տեսակետից: Եթե նա ճիշտ քաղաքականություն ընտրեր, այսինքն` ոչ թե գնար կարգավորումը խափանելու, վիժեցնելու, այլ կարգավորումը իրացնելու, հարցը լուծելու ճանապարհով»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
«Սիրտը կախ»՝ Քոչարյանը տեղափոխվում է Երեւան
Քոչարյանը Վազգեն Սարգսյանի հետ ուղղաթիռով մեկնում է Երեւան, խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Տե՛ս, Լեւո՛ն։ Ես վերջերս եմ ընտրվել Ղարաբաղի նախագահ։ Այստեղ գալ չեմ ուզում, դա ինձ պետք չէ։ Դուք ասում եք, որ դա պետք է հանրապետությանը։ Լա՛վ, կգամ, բայց պայմանով, որ բացարձակապես ոչ ոք իրավունք չունի միջամտելու իմ գործերին։ Ես պիտի ունենամ բացարձակ անկախություն իմ իրավասության ոլորտում գտնվող հարցերի լուծման մեջ։ Ասացի, որ բնավորությունս կտրուկ է, եւ հետագա տարաձայնություններից խուսափելու համար բոլորը պետք է իմանան, որ Հայաստանում չկան անձեռնմխելիներ»,- գրում է Քոչարյանը:
Հաջորդ օրը տեղի է ունենում ավելի լայն կազմով հանդիպում Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի մասնակցությամբ։ Քոչարյանը գրում է, որ քննարկումը հարթ էր անցնում, բոլորը հասկանում էին, որ ինքը ինքնուրույն վարչապետ է լինելու եւ ոչ մեկին թույլ չի տալու միջամտել կառավարության գործերին։ Բաբկեն Արարքցյանը երաշխավորում էր, որ կապահովի խորհրդարանում քվեարկությունը օրինագծերի օգտին, եթե, իհարկե, դրանք դուրս չգան խելամտության սահմաններից։
Քոչարյանը համաձայնություն է տալիս Տեր-Պետրոսյանին, խոստանում մի քանի օր անց վերադառնալ Երեւան եւ անցնել վարչապետի պաշտոնին։
«Տանը շատ ծանր ընդունեցին լուրը։ Բոլորը մեկ մարդու պես հայտարարեցին, որ դեմ են, չեն ուզում հեռանալ Ղարաբաղից։ Որոշումն ինձ հեշտ չէր տրվել։ Հասկանում էի, որ բախվելու եմ բազում դժվարությունների։ Առաջին՝ վատ գիտեի Հայաստանը։ Երկրորդ՝ երբեք չէի միջամտել հայաստանյան քաղաքական վայրիվերումներին ու բացարձակապես ոչինչ չէի հասկանում դրանցից։ Երրորդ եւ շատ կարեւոր հանգամանք՝ վատ էի տիրապետում գրական հայերենին։ Ես ռուսական դպրոց եմ ավարտել եւ ուսումնառության ընթացքում առանձնակի եռանդով չեմ վերաբերվել հայերենի դասերին․․․ Ես դժվարությամբ էի գրում եւ կարդում հայերեն, իսկ Հայաստանում ամբողջ գործավարությունը հայերեն էր, եւ դա ինձ չափազանց բարդ էր թվում։ Կառավարությունում, խորհրդարանում ելույթ ունենալ, ինչպես նաեւ մամուլի հետ շփվել պետք էր գրական հայերենով, իսկ ես խոսում էի հիմնականում ղարաբաղյան բարբառով, որը խիստ տարբերվում էր։ Դա ինձ համար լրջագույն խնդիրներից մեկն էր․ գնում ես ղեկավարելու երկրի կառավարությունը, որի լեզվով դժվարանում ես ոչ միայն կարդալ ու գրել, այլեւ խոսել»,- գրում է Քոչարյանը:
Երեւան տեղափոխվելուց հետո իր ասուլիսներից մեկում Քոչարյանը հայտարարեց, որ Ղարաբաղում շատ լավ հարաբերություններ է ունեցել լրագրողների հետ, եթե, իհարկե, նրանք «համը չեն հանել»։
Հեյդար Ալիեւը չեղարկում է Պակիստան այցը
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը 1997 թվականի մարտի վերջին պատրաստվում էր մեկնելու Պակիստան՝ մասնակցելու իսլամական պետությունների ղեկավարների հանդիպմանը, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի նշանակման լուրը ստանալուց հետո հրաժարվեց մեկնել Իսլամաբադ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի նշանակումը Հայաստանում շոկ էր Ադրբեջանի համար: Արտգործնախարարի տեղակալ եւ ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանի «ուղեղ» Արազ Ազիմովը սադրանք որակեց Տեր-Պետրոսյանի՝ Քոչարյանին վարչապետ նշանակելու որոշումը։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակումը Ղարաբաղը Հայաստանին կցելու փորձի նախանշան չէ: Քոչարյանի նշանակումը միանշանակ չընդունվեց նաեւ Մոսկվայում։ Արտգործնախարար Պրիմակովը դժգոհություն հայտնեց, իսկ մեկ տարի անց աջակցեց Կարեն Դեմիրճյանին Քոչարյանի դեմ նախագահական պայքարում։
Վազգեն-Քոչարյան-Սերժ եռյակը իրականացնում է ռազմական անարյուն հեղաշրջում
Քոչարյանն իր գրքում գրում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալու օրերին ինքը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եւ նրան առաջարկել մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե առաջին նախագահը հրաժարական տա։
Ռազմական հեղաշրջում իրականացրած եռյակը Հարությունյանի հետ խոսակցությունից հետո հանդիպում է Բաբկեն Արարքցյանի հետ եւ տեղեկացնում, որ մտադիր են ընտրության առաջ դնել Տեր-Պետրոսյանին։ Համաձայն 1995-ի Սահմանադրության՝ նախագահի հրաժարականի դեպքում մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը երկրի ղեկավարի գործառույթները դրվում են խորհրդարանի խոսնակի վրա, իսկ եթե նա էլ է հրաժարվում, ապա լիազորություններն անցնում են վարչապետին։
Եռյակի դիրքորոշման մասին Տեր-Պետրոսյանին տեղեկացնում է Սերժ Սարգսյանը։
«Դա վերջնագիր չէր, մենք անառարկելի պահանջներ չէինք դնում եւ ոչնչով չէինք սպառնում։ Ուզում էինք ազատության հասնելու միջոց գտնել եւ անել այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Նրան ընտրության հնարավորություն տվեցինք․ «Դու նախագահ ես եւ իրավունք ունես ազատելու մեզ։ Ուստի կա՛մ մեզ ազատիր աշխատանքից, կա՛մ ինքդ հեռացիր»։ Սերժի հետ զրույցից տառացիորեն օրեր անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, բայց չկարողացավ զերծ մնալ գնահատականներից՝ «Խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը»։
Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո եռյակը շտապում է Գագիկ Հարությունյանի մոտ, սակայն նա հրաժարվում է առաջադրվելուց։
Քոչարյանը գրում է, որ ինքն առաջարկել է, որ Վազգենը մասնակցի ընտրություններին, սակայն նա ասել է, որ պատրաստ չէ։ Հակառակը, Վազգենը պնդել է, որ Քոչարյանը պետք է մասնակցի ընտրություններին, քանի որ նա է միակը, որ պատրաստ է այդ պաշտոնին։ Քոչարյանն այնպես է նկարագրում, թե ինքը չէր ուզում նախագահ դառնալ եւ համաձայն էր մասնակցել ընտրություններին միայն մեկ պայմանով՝ եթե հստակ եւ համոզիչ հիմնավորվի, այդ թվում եւ Սահմանադրական դատարանում, որ լեգիտիմության հետ կապված ոչ մի խնդիր չի ծագի։
«Երկու օր անց՝ երեկոյան կողմ, եկավ երջանիկ Վազգենը։ Պարզվեց՝ վաղ առավոտից հավաքել է իրավաբանների, բացատրել նրանց իրավիճակը ու խնդրել ելք գտնել։ Եվ նրանք լուծում էին գտել․ այն զարմանալիորեն պարզ էր։ 1998 թվականն էր։ Հայաստանը անկախություն էր ստացել 1991-ին, ինչից հետեւում է, որ ֆորմալ առումով երկրում ոչ ոք դեռ տասը տարի չի ապրել։ Բացի դրանից՝ Խորհրդային Միությունում Հայաստանի առանձին քաղաքացիություն չկար, կար միասնական խորհրդային երկրի մեկ ընդհանուր քաղաքացիություն, եւ այս առումով բոլորը հավասար էին՝ թե՛ նրանք, ովքեր ապրել էին Հայաստանում, թե՛ նրանք, ովքեր ապրել էին Ղարաբաղում։ Ապա իրավաբանները հղում էին արել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշմանը, որը ֆորմալ առումով ոչ ոք չէր չեղարկել։ Ես մի քանի անգամ ուշադիր վերընթերցեցի նրանց եզրակացությունը, եւ փաստարկներն ինձ համոզիչ թվացին»,- գրում է Քոչարյանը։
Այս հիմնավորման տարօրինակ կողմն այն էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվեց Արցախի մեկ քաղաքացու՝ Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ շուրջ 130 հազար արցախցիներ, ինչպես նախկինում եւ հետագայում, զրկված էին այդ հնարավորությունից։
Փաստացի, միակ մարդը, որ օգտվել է 1989-ի միավորման որոշումից, եղել է Ռոբերտ Քոչարյանը։
Վազգեն Մանուկյան․ «Քոչարյանը արդար ձեւով չի դարձել նախագահ, նա իրավունք չուներ դնելու իր թեկնածությունը»:
Երբ Տեր-Պետրոսյանը 1997-ի մարտին Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ`չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
1998-ի փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել եւ մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995-ի խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996-ի նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:
Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին՝ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշման վրա:
Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991 թվականին, իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում եւ Հայաստանը, չի ճանաչել այդ անկախությունը:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացավ 1998-ի մարտի 16-ին, առաջադրվել էին 12 թեկնածուներ։ Քոչարյանը ստացավ քվեների 38, Դեմիրճյանը՝ 30 տոկոսը։ Այս ընտրությունները ուշագրավ էին նաեւ նրանով, որ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանն ու նրա հիմնական մրցակիցը` Կարեն Դեմիրճյանը, չունեին իրենց կուսակցությունները: Քոչարյանի կուսակցությունը, նրա խոսքերով, իր ժողովուրդն էր, թեեւ նա լայն ժողովրդականություն, մեղմ ասած, երբեք չի վայելել, իսկ իրավամբ ժողովրդականություն վայելող Դեմիրճյանի թեկնածությունը առաջադրել էր մինչ այդ անհայտ Սոցիալիստական կուսակցությունը:
Վազգեն Մանուկյանը, որ զբաղեցրեց երրորդ տեղը ավելի քան 12 տոկոս քվեներով, հայտարարեց, որ «Քոչարյանը արդար ձեւով չի դարձել նախագահ, նա իրավունք չուներ դնելու իր թեկնածությունը»: Երկրորդ փուլում, սակայն, նա չպաշտպանեց Դեմիրճյանին՝ անուղղակի կերպով օգնելով հենց Քոչարյանին:
2008-ի փետրվարի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «1998 թվականին Վազգեն Մանուկյանը ստացել էր 12 տոկոս ձայն, եւ երկրորդ փուլում կոչ չարեց իր համակիրներին` այդ ձայները տալու Կարեն Դեմիրճյանին: Նա ինչ գաղափարախոսական իդեալներ էլ քարոզի, դրանք ընդամենը ծխածածկույթ են իր դավաճանությունը թաքցնելու համար: 2003-ին նույն չարաբաստիկ դերը խաղաց Արտաշես Գեղամյանը: Նա ընդամենը մեկ բան պետք է աներ` պետք է միանար Ստեփան Դեմիրճյանին»:
1998-ի մարտի 30-ին` երկրորդ փուլում, Քոչարյանը քվեների շուրջ 60 տոկոսով հաղթեց Դեմիրճյանին: Երկու փուլերն էլ, ըստ ԵԱՀԿ դիտորդների, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Քոչարյանը, պաշտոնական արդյունքներով, պարտվել էր միայն Երեւանում եւ Տավուշում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» հանդեսը գրեց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն արդեն իսկ օրինախախտում է: 1998-ի նախագահական ընտրություններն ընթացան լայնածավալ լցոնումներով, ցուցակների կեղծումներով, ընտրակաշառքներով եւ այլ ընտրախախտումներով, գրեց հանդեսը: Պաշտոնական տվյալներով հաղթեց Քոչարյանը, սակայն այս անգամ էլ հասարակությունը համոզված էր, որ իր վստահության քվեն իրականում ստացել է Կարեն Դեմիրճյանը:
Լրագրողները եւ նախագահի թեկնածուները «համը հանում են», բայց հօգուտ Քոչարյանի
Վազգեն Մանուկյանից բացի՝ ընդդեմ Կարեն Դեմիրճյանի աշխատում էին նախագահի այլ թեկնածուներ եւս, այդ թվում Պարույր Հայրիկյանն ու կոմունիստ Սերգեյ Բադալյանը: Հայրիկյանը Դեմիրճյանին վարկաբեկում էր, իսկ Բադալյանը նրան համարում էր դավաճան, քանի որ հեռացել էր կոմկուսից: Հետագայում Հայրիկյանը աննշան պաշտոն ստացավ Քոչարյանի մոտ՝ նախագահականում: Վազգեն Մանուկյանից հետո թիվ 2 ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը եւս ստացավ պաշտոն: Սերգեյ Բադալյանը մահացավ 1999-ի նոյեմբերին:
Քարոզարշավի ընթացքում մի շարք լրագրողներ ու հանրային դեմքեր միացան Կարեն Դեմիրճյանի դեմ ցեխարձակումներին: Հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ստուդիայում շտապ կարգով նկարհանվեց ծաղրական հոլովակ ընդդեմ Դեմիրճյանի: Ընդդեմ Դեմիրճյանի բացահայտ աշխատում էր եւ նրան վարկաբեկում էր Հ1-ը: Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Տիգրան Նաղդալյանն ու Արմեն Արզումանյանը ամենաբարձր պաշտոնները ստացան Հ1-ում:
Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, իր գրքում Նաղդալյանին եւ Արզումանյանին մեղադրել է նախընտրական շրջանում ամուսնու հանդեպ «ստոր եւ անբարոյական» շոուներ կազմակերպելու մեջ: Բայց առավել ուշագրավ է տիկնոջ մեկ այլ խոսք: Վազգեն Սարգսյանը համոզել էր Կարեն Դեմիրճյանին, որ ինքն է դառնալու վարչապետ՝ Քոչարյանի նախագահ դառնալու դեպքում, եւ դրան կողմնակից է եղել նաեւ Քոչարյանը, սակայն հետագայում չի կատարել խոստումը:
Մեկ տարի անց Սարգսյանն ու Դեմիրճյանը պետք է ձեւավորեին «Միասնություն» դաշինքը եւ հաղթեին խորհրդարանական ընտրություններում, որին, սակայն, պետք է հաջորդեր Հոկտեմբերի 27-ը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։