Օգոստոսի 25-ից 27-ը Գորիս-Կապան ճանապարհի փակումը կրկին ուշադրություն սեւեռեց սահմանամերձ դարձած Սյունիքի ճանապարհների վրա: Ադրբեջանական զինուժը երկու օր փակ էր պահել միջպետական նշանակության ճանապարհի երկու հատվածները, Սյունիքի Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան բնակավայրերը կտրվել էին Հայաստանից, իրանյան բեռնատարները նույնպես երթեւեկության խնդիր էին ունեցել:
Ռուսական կողմի միջամտությամբ այն ի վերջո բացվել է, բայց Գորիս-Կապան ճանապարհը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի խարխլված տրանսպորտային հաղորդակցության վտանգավոր կետերից մեկն է դարձել: Փորձագետները վստահ են՝ սահմանային որեւէ սրացման ժամանակ կամ այլ պատրվակով Ադրբեջանն այն կրկին կարող է փակել: Այդպես է եղել նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Ադրբեջանցիները 1990-ականներին Գորիս-Կապան ճանապարհից մարդ էին առեւանգում, սպանում։
1989-90 թվականներին Կոմունիստական կուսակցության Կապանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Մկրտչյանը հիշում է. «Այն ժամանակ ես հանձնարարել էի ներքին գործերի աշխատողներին՝ ուղեկցել այդ ճանապարհով անցնող մեքենաներին, հատկապես վտանգավոր հատվածներում, բայց գիշերվա ժամերին եւ անընդհատ հնարավոր չէր հսկել, եւ միջադեպեր շատ էին լինում»:
«Ալիք Մեդիա»-ին նախկին պաշտոնյան պատմում է, որ հենց այդ ժամանակ էլ մեկ այլ ճանապարհ ունենալու անհրաժեշտություն էր առաջացել:
«Մենք սկսեցինք կառուցել Աղվանի-Տաթեւ ճանապարհը, որն այդ ժամանակ անանցանելի էր մեքենաների համար, ձիով, էշով, ոտքով գուցե գնում էին այդտեղով, բայց մեքենա երբեք չէր անցել այդ ճանապարհով:
Դիմեցի այդ ժամանակվա ճանապարհաշինության ոլորտը կարգավորող նախարար Մելքումյանին, բացատրեցի, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով դժվար կացություն է ստեղծվել, եւ մեզ այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ: Ստացանք ֆինանսավորում, եւ 1989-ին սկսեցինք ճանապարհի կառուցումը: Տեղական որոշ պաշտոնյաներ դեմ էին, հիմնականում այն պատճառաբանությամբ, թե ի՞նչ է՝ ուզում եք Գորիսը մեկուսացնե՞լ: Մտավախություն ունեին, որ եթե այդ ճանապարհը կառուցվի, Գորիս-Կապան ճանապարհն ինքնին կանցնի ադրբեջանցիներին։ Բայց ինձ հաջողվեց ծրագիրն առաջ տանել: 1990-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ Կապան եկավ, նրա հետ հանդիպմանը նաեւ այդ ճանապարհի կառուցմանը դեմ ելույթներ հնչեցին, հիմնականում ՀՀՇ-ի անդամներն էին դեմ: Ես էլ Գերագույն խորհրդի պատգամավոր էի եւ երբ ներկայացրի նոր կառուցվող ճանապարհի ռազմավարական նշանակությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածելուց հետո ասաց. «Իհարկե, պահեստային ճանապարհ անհրաժեշտ է»: Այդպես կառուցվեց այն ճանապարհը, որն այսօր վերակառուցվում է»:
Ճանապարհի կառուցումն ավարտվել է 1991-ին, եւ արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում այն իսկապես կյանքի ճանապարհ էր դարձել հատկապես Մեղրիի եւ Կապանի բնակիչների համար: Կարեն Մկրտչյանը նաեւ հիշում է, որ ճանապարհը կառուցելիս հաշվարկվել էր, որ այն պետք է անցանելի լինի հսկա բեռնատարների համար: «Այսօր վերակառուցման ժամանակ լավ կլինի, որ այդ հաշվարկը նույնպես արվի, քանի որ դա աշխատեց, այնտեղով այն ժամանակ մեծ բեռնատարներն անցնում էին»:
Ճանապարհը վերակառուցվում է այս տարվա մայիսից: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Սարիկ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ այն պատրաստ կլինի եւ կդառնա Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որը կունենա ռազմավարական նշանակություն:
Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո ճանապարհը, դուրս գալով գործածությունից, ամբողջովին անուշադրության էր մատնվել, եւ 68 կիլոմետրանոց ճանապարհի որոշ հատվածներ այսօր կառուցվում են զրոյից: 8 միլիարդ 900 միլիոն դրամ է հատկացվել պետբյուջեից՝ ճանապարհն արագ բարեկարգելու համար, շինարարությունն իրականացող կազմակերպությունների համար մրցույթները հայտարարվել եւ անցկացվել են հրատապ, պատերազմից հետո բոլորը միանգամից անդրադարձել են, որ այն Գորիս-Կապանի վտանգավոր հատվածին փոխարինող միակ շրջանցիկ ճանապարհն է:
Ճանապարհը թե՛ միջպետական, թե՛ հանրապետական, թե՛ մարզային նշանակություն ունի: Կարեն Մկրտչյանը նշում է, որ այն կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը, իսկ պատերազմական եւ լարված իրավիճակներում արդեն ապացուցել է իր կենսունակությունը: «Եվ ընդհանրապես, պետք է այլ ճանապարհներ էլ կառուցել, ճիշտ է՝ ժամանակ եւ շատ ֆինանսներ են պետք, բայց շրջանցող ճանապարհներն այս պամաններում շատ պետք է լինեն»:
1983-1988-ին Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1989-90 թվականներին էլ Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի առաջին քարտուղար աշխատած Կարեն Մկրտչյանը 1980-ականների վերջերից անձամբ է հարթել սահմաններին, ճանապարհներին առնչվող շատ հարցեր, որոնք ծագում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նույնիսկ մինչեւ ազգամիջյան լարումները: Հաճախ անհրաժեշտ է եղել Մոսկվայի միջամտությունը, որոշ հարցեր լուծվել են հայ եւ ադրբեջանցի առաջին քարտուղարների մակարդակով: Այսօր նա դժվար է պատկերացնում, թե ինչպես կարելի է GPS համակարգով սահմանային ճշգրտում կատարել, երբ բոլոր ճշգրտումների համար ժամանակին լուրջ հանձնաժողովներ էին գործում, արխիվներից փաստաթղթեր էին հանվում:
«Մենք Կապանի շրջանում բոլոր վիճելի հարցերը ճշտել ենք Закавказский военный округ-ի (КЗакВО) շտաբից վերցրված քարտեզով: Դա 1925-27 թվականների ընթացքում տպված մի քարտեզ էր, որով մեր սահմանների վերջին ճշգրտումներն են կատարվել: Կարծում եմ՝ դժվար չէ գտնել այդ քարտեզը, եւ Ռուսաստանի հետ միասին ճշգրտումները կրկին դրանով կատարել: Այն ժամանակ էլ Մոսկվայի միջնորդությամբ երկկողմանի հանձնաժողով ստեղծվեց, մեր կողմից հանձնաժողովը գլխավորում էր Վլադիմիր Մովսիսյանը: Վերցնում էին այդ քարտեզը, մասնագետներ էին գնում իրենց հետ՝ հողաշինարարից մինչեւ ամենատեղյակ մասնագետը, եւ հարցերը լուծում էին՝ սահմանները վերաճշտվում էին: Հենց այդ քարտեզով էր, որ ես առաջարկեցի Կապանի տարածքից 200 հեկտար տարածք տալ Ադրբեջանին եւ հազար հեկտար վերցնել մեզ: Այդպես էլ արվեց: Մենք հենասյուներ դրեցինք իբրեւ բաժանման գծեր, բայց այսօր լսում եմ, որ ադրբեջանցիները քանդել են այդ հենասյուները, հինգ հարյուր մետր առաջ են եկել, քանի որ GPS-ն այդպես է ցույց տվել: Ինչպե՞ս կարելի է վստահել GPS-ին»,-զայրանում է զրուցակիցս: Ավելացնում է, որ պետք է անկեղծ լինել եւ ասել նաեւ, որ, Կապանի օդանավակայանի դիմացի հատվածը, որտեղ հիմա կանգնած են, ըստ այդ քարտեզի, իրենցն է եղել, Կապանից Ճակատեն գնացող հատվածը որ վերցրել են, էլի ադրբեջանցիներինն է եղել: «Նույնը նաեւ Շուռնուխի, Որոտանի՝ իրենց անցած տարածքներին է վերաբերվում: Այն ժամանակ էլ մենք գիտեինք, որ ճանապարհի տակը իրենցն է, վերեւը՝ մերը»:
Կարեն Մկրտչյանի կարծիքով, սահմանազատումն ու սահմանագծումը կարելի է հեշտությամբ կատարել, եթե Ադրբեջանն առաջ չքաշի նաեւ արցախյան սահմանները ճշտելու հարցը: «Եթե միայն մեր տարածքին վերաբերեր, հարց չէ, բայց Ադրբեջանը կարող է ասել՝ ես էլ Ղարաբաղի տարածքն եմ մտցնում այս սահմանազատման եւ սահմանագծման հարցերի մեջ եւ Ադրբեջանի սահմանների հարցն եմ լուծում: Խնդիրն այս դեպքում դժվարանում է: Ստեղծվելիք հանձնաժողովներից շատ բան է կախված, նայած թե ինչպես կպայմանավորվեն, պետք է հստակ պայմանավորվածություններ լինեն: Շատ լավ կլինի, որ Արցախի հարցը չդրվի այս գործընթացում»:
Կյանքը Սյունիքում՝ նրա սահմաններին մոտեցած ադրբեջանցիների հետ կարո՛ղ է վերադառնալ խորհրդային տարիների խաղաղությանը, եթե, ըստ Կարեն Մկրտչյանի, նոր սերնդի մոտ մտածելակերպ փոխվի: «Երեսուն տարի սերունդներին թշնամությամբ են սնել, դրանից ոչ պակաս ժամանակ է պետք, որ այդ ատելությունն ու թշնամությունը վերանան: Բայց նույնիսկ այս պայմաններում էլ չպետք է ձեռք քաշել հարցեր լուծելուց. նախեւառաջ՝ հանել 1920-ականների վերջի այդ քարտեզը եւ ճշտել մեր երկրի սահմանները»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։