ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 5–ից աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամբողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության եւ մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ»,– ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը, ներառյալ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարեւորել են տարածաշրջանային երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։