Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում տրանսպորտային եւ տարանցիկ գործողությունների եւ ընթացակարգերի դյուրացման համար աշխատանքային խումբ ստեղծել: Առաջին նիստը նախատեսվում է անցկացնել մեկ ամսվա ընթացքում:
Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Բաքվի հռչակագիրը ստորագրվել է սեպտեմբերի 9-ին եռակողմ հանդիպման շրջանակում։ Այն ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Երեք երկրները «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով տարածաշրջանային առեւտրի եւ բեռնափոխադրումների զարգացման համար ճանաչել են գոյություն ունեցող ենթակառուցվածքի կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Կարեւորվել է նաեւ միջանցքի ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ տեղեկության կանոնավոր փոխանակման գործընթացի ստեղծումը:
Ընդգծվել է Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության ավարտի եւ գծի շինարարության ու շահագործման վերաբերյալ բանակցությունների կազմակերպման կարեւորությունը:
Կողմերն արձանագրել են նաեւ, որ մինչեւ 2030 թվականը երկրների տարածքով 30 միլիոն տոննա տարանցիկ ու երկկողմ բեռներ կփոխադրվեն։