Մի ընտանիքի պատմություն. «Չէի ուզում լքել Ջերմուկը»

Անի Գեւորգյան
Alvard Stepanyan

51 տարեկան Ալվարդ Ստեփանյանը դստեր եւ քույրերի հետ սեպտեմբերի 13-ին մեծ դժվարությամբ է կարողացել հեռանալ Ջերմուկից: Երկու օր առաջ, սակայն, նա ստիպված է եղել գիշերը վերադառնալ՝ իր լքված բնակարանից վերցնելու դստեր` հաշմանդամություն ունեցող 14-ամյա Եվայի հատուկ՝ օրթոպեդիկ կոշիկները:

Ալվարդն ասում է՝ կրակոցներն ու պայթյունները բոլորին էին անակնկալի բերել. «Ամսի 13-ի գիշերը կրակոցներ սկսվեցին, բոլորը սկսեցին գոռալ` իջե’ք նկուղներ: Եվային արթնացրի, ընկավ ցնցումների մեջ, մի կերպ իջանք նկուղ: Ուշ գիշերը մեր ծանոթներից մեկը մեքենայով եկավ, մեզ տեղափոխեց Գնդեվազ` քրոջս տուն, որտեղ արդեն մեր բոլոր բարեկամներն էին հավաքվել: Վաղ առավոտյան բոլորս շարժվեցինք Արտաշատ»:

Երեք քույրերն ու նրանց երեք երեխաները դեռ չգիտեն, թե երբ կկարողանան տուն վերադառնալ: «Այսօր Ջերմուկում մնացած մեր բարեկամի հետ խոսեցինք, հարցրինք` կարող ենք գալ, ասաց` մնացե՛ք տեղում: Նախ եկանք ու մի քանի օր մնացինք մի բարեկամի տարածքում, որը ավտոտնակի պես մի տեղ էր, բայց երեխաների, առավել եւս հիվանդ երեխայի հետ այնտեղ այլեւս հնարավոր չէր մնալ: Մեկ այլ բարեկամ թույլ տվեց, որ իր փոքր բնակարանում մնանք: Հիմա այստեղ ենք»,- պատմում է Ալվարդը:

Alvard StepanyanԱլվարդ Ստեփանյան. «Եղածը շատ անսպասելի էր: Ծանր ու դժվար կյանք ապրած մարդ եմ, բայց չէի պատկերացնում,
որ հիվանդ երեխայիս հետ մի օր պատերազմից եմ փախչելու»:

Alvard StepanyanՋերմուկից հեռանալիս Ստեփանյաններն ինը հոգով տեղավորվել էին փոքր մեքենայի մեջ:

Alvard StepanyanԱլվարդ Ստեփանյան. «Եվայիս անվասայլակը չկարողացանք բերել: Այստեղ՝ վերականգնողական կենտրոնում, մեզ սայլակ տրամադրեցին»:

Alvard StepanyanՆույն ժամանակավոր բնակարանում այժմ ապրում են նաեւ 35-ամյա Քրիստինե Ստեփանյանը` իր 9 եւ 5 տարեկան որդիների հետ,
եւ 45-ամյա Աննա Ստեփանյանը:

Alvard StepanyanՔրիստինե Ստեփանյան. «Երեխաներին չենք կարողանում ասել, թե դեռ ինչքան այս պայմաններում կապրենք»:

Alvard StepanyanԱլվարդ Ստեփանյան. «Երեխայիս հատուկ կոշիկների համար կյանքս վտանգեցի, բայց ցանկացած մայր պարտավոր էր դա անել»:

Alvard Stepanyan«Մեր չորրորդ քույրն այժմ Վայքում է: Նրա որդին պատերազմի հետեւանքով հաշմանդամ է դարձել, այդ վիճակում Ջերմուկում օգնում է,
տարբեր աշխատանքների է մասնակցում»:

Alvard StepanyanԵրկու օրից ընտանիքի ամենափոքր անդամի` Գեւորգի ծնունդն է:

Alvard StepanyanԿանայք նախատեսում են առաջիկայում բնակարան վարձել, բայց մատչելի տարբերակ դեռեւս չեն կարողանում գտնել:

Alvard StepanyanԱլվարդ Ստեփանյան. «Գիտենք, որ հիմա Ջերմուկի բնակիչներից քաղաքում միայն մի քանի տղամարդ է մնացել,
որոնք հսկում են շենքերը, որ հանկարծ չթալանեն»:

Alvard Stepanyan«Հույս ունենք, որ մինչեւ մեր տներ վերադառնալը կկարողանանք երեխաների համար նորմալ պայմաններ ապահովել»:

Alvard Stepanyan«Հիմա նրանք ամբողջ օրը տանն են, պատրաստ չեն դուրս իջնելու, այլ երեխաների հետ շփվելու»:

Alvard StepanyanԱլվարդ Ստեփանյան. «Քրոջս`Աննայի որդին, հիմա առաջնագծում է: Մի քանի օր նրանից լուր չկար, երկու օր առաջ զանգեց: Արդեն խելագարվում էինք»:

Alvard Stepanyan«Եթե մենակ լինեի, տնից դուրս չէի գա: Չէի ուզում Ջերմուկը լքել: Բայց երեխայի հետ ես պատասխանատվություն ունեմ, նա իմ կարիքն ունի»:

Նման հոդվածներ