Քանի՞ անգամ լսած կլինեք տարբեր տրամաչափի ՔՊ-ականներից՝ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչեւ «գերինտելեկտուալ» («գեր» նախածանցը որոշ ՔՊ-ականների դեպքում կարելի է կիրառել նաեւ իբրեւ ածական – Մ. Հ.) որեւէ շարքային պատգամավոր, թե իրենց իշխանությունն «աննախադեպ թափանցիկ» է աշխատում:
Քանի՞ անգամ լսած կլինեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» է։
Եվ տարբեր տարիներին քանի՞ անգամ այս պնդումները հերքված կլինեն նույն իշխանության քայլերով կամ անգործությամբ։
Օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, երբ որեւէ համայնքում ՔՊ-ն պարտվում է կամ չի կարողանում ապահովել որեւէ ուժի հետ դաշինք՝ համայնքապետ ընտրելու համար, անմիջապես փորձում է ընտրությունների արդյունքները չեղյալ համարել՝ հուսալով, որ նոր ընտրություններում ինքը կհասնի իշխանության։ Հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում իր առաջադրած ու չընտրվածին։ Իսկ եթե սա էլ չի հաջողվում, ձեռնարկում է ավագանու աշխատանքները խափանելու փորձեր։
Այսպես՝ Ալավերդի խոշորացված համայնքում ՔՊ խմբակցությունը բոյկոտում է ավագանու նիստերը՝ ինչ է թե քաղաքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը։ Ճիշտ է, դա չի ազդում ավագանու աշխատանքի վրա, հաղթած ուժն ու ՀԱԿ-ից ավագանու անդամը ապահովում են քվորումը, բայց փաստն ինքնին խոսում է, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի» մասին ճամարտակող կուսակցությունը յուրատեսակ պատկերացում ունի ժողովրդավարության մասին. երբ ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցություններն են բոյկոտում նիստերը, ապա դա անպատասխանատու վերաբերմունք է քամահրանք ընտրողների նկատմամբ։ Իսկ երբ իրենք են բոյկոտում ավագանու նիստերը, դա քաղաքական պայքար է եւ իսկական ժողովրդավարության դրսեւորում։
Բերդ խոշորացված համայնքում այս տարվա սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։ Ինքը՝ Մանուչարյանը, համարյա մեկ տարի կալանավորված էր եւ գրավի դիմաց ազատ արձակվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ինքնաբացարկ է հայտնում եւ չի առաջադրվի համայնքի ղեկավարի թեկնածու։ Բայց կարծես իշխանությանը նույնիսկ սա չբավարարեց, եւ նոյեմբերի 10-ին՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստից (որում համայնքապետի ընտրություններ պիտի լինեին) առաջ, հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Մանուչարյանին։
Դե, իհարկե, դա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է եւ ոչ մի կապ չունի ավագանու նիստի հետ։ Ոչ մի կապ։ «Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող» մեր երկրում անդուլ պայքար է կոռուպցիայի դեմ, եւ հակակոռուպցիոն կոմիտեն մեղավոր չէ, որ այդ պայքարի քայլը համընկնում է ավագանու նիստի օրվա հետ։
Կարծում եմ՝ անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ճաշարանի խոհարարի եփած հավի ծիծաղը եկավ։
Այսուհանդերձ, իշխանությունների ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին. ՔՊ-ն այստեղ չկարողացավ իր թեկնածուին համայնքապետ դարձնել։ Ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի ներկայացուցիչ Աստղիկ Հակոբյանը։ Բայց իշխանությունների քայլերը ցույց տվեցին նրանց իրական դեմքը։
Եվ, իհարկե, մնաց այն մտավախությունը, որ «խիստ ժողովրդավար» այս իշխանությունները տեղական մակարդակով փորձարկումներ են անում՝ ապագայում համապետական ընտրությունների ժամանակ էլ նման քայլերով իրենց իշխանությունը պահելու համար։
Դե, իսկ «ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող» իշխանության ամենաժողովրդավարական քայլն, իհարկե, Ազգային ժողովի պարիսպները փշալարերով պատելն է։ ԱԺ-ից պարզաբանել են, թե դա արվում է անվտանգության նկատառումներով։ Ստացվում է, որ «Ժողովրդավարության բարձրագույն լիգան» փշալարերով պաշտպանության կարիք ունի։
Նաեւ ժողովրդից։
Հաաա… Ես հասկացա՝ դա արված է, որ ժողովրդավարության բաստիոն Ազգային ժողովից հանկարծ ժողովրդավարությունը չփախչի ու չհայտնվի փողոցում, ինչ-որ մարդկանց ու ցուցարարների ոտքերի տակ չտրորվի, եւ մենք չզրկվենք այդքան մեծ արժեքից։

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։