Հունաստանում ողբերգություն է եղել։ Իրար են բախվել երկու գնացքներ՝ մարդատարն ու բեռնատարը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ 43 զոհ կա, մոտ 60 տուժած։ Երկրի վարչապետի ասելով՝ դեր է խաղացել մարդկային գործոնը։ Հնարավոր է՝ կարգավարներն են սխալվել կամ շարքային որեւէ այլ անձ։ Սակայն, ուշադրություն, հրաժարական է տվել երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը։
Նախարարը, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է, թե իր վրա է վերցնում ողբերգության քաղաքական պատասխանատվությունը, ապա ավելացրել. «Այս ամենը շատ ծանր է բոլորիս ու նաև անձամբ ինձ համար։ Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել։ Հրաժարականն ամենաքիչն է, որ կարող եմ անել՝ հարգելով վթարի զոհերի հիշատակը»։
Փորձենք սառը դատելով վերլուծել. ողբերգությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Նախարար Կարամանլիսը, հաստատ, այդ պահին կա՛մ քնած էր, կա՛մ գուցե ընտանիքի հետ խաղաղ երեկո էր անցկացնում։ Նա չէր կարող ենթադրել, թե գնացքների կարգավարները կամ սլաքավարները սխալ թույլ կտան, որը կհանգեցնի բախման ու զոհերի։ Բայց մարդը՝ բարոյական քաղաքական գործիչը, հայտարարում է, որ իր վրա է վերցնում կատարվածի քաղաքական պատասխանատվությունը։
Իհարկե, միջադեպի բուն մեղավորներին դեռ կպարզեն, հավանաբար կդատեն։ Բայց նախարարի պահվածքը մեզ ստիպում է հիշել այս տարվա հունվարի 19-ի ողբերգությունը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտում։ Հիշեցնենք, որ դրա հետեւանքով զոհվել էր 15 զինծառայող։
Հիմա հիշե՛ք, թե ինչ հաջորդեց դրան։
Ողբերգությունից ժամեր անց՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետը այնպիսի մանրամասներ հայտնեց, ասես քննությունն արդեն ավարտված էր։ Նույնը ասացին նաեւ նախարարն ու քննչական կոմիտեի ղեկավարը։ Քաղաքական պատասխանատվության մասին ոչ մի հայտարարություն առայսօր չենք լսել։
Աշխատանքից ազատվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական գործով կան մեղադրյալներ։ Բայց, կրկնեմ, ո՛չ քաղաքական պատասխանատվության, ո՛չ էլ հրաժարականի հայտարարություններ չկան։ Իսկ նախարար Պապիկյանը միայն օրեր անց այցելեց ողբերգության վայրը։
Հիմա պա՞րզ է հույն եւ հայ պաշտոնյաների բարոյական նկարագրի տարբերությունը։ Հույն պաշտոնյան, կրկնեմ, ասում է. «Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»։
Նման որեւէ բան լսեցի՞ք նախարար Պապիկյանի շուրթերից։
Դրա փոխարեն նա այս օրերին բուռն գործունեության պատրանք է ստեղծում։ Այցելում է զորամասեր, որտեղից լրատվամիջոցներին են փոխանցվում միայն դրական տեղեկություններ։ Ահա՝ նախարարը ճաշում է զինվորների հետ, բոլորը գոհ են ճաշի որակից, նախարարը դիրքերում հարցնում է վիճակը, պարզվում է՝ ոչ մի բանի կարիք չունեն, ամեն ինչ նորմալ է։ Նախարարը հանձնարարական է տալիս… Ու էլի նման «ուռաաաա» հաղորդագրություններ։
Շատ տարիներ առաջ երջանկահիշատակ գրականագետ Վաչե Եփրեմյանը գրել է. «Եթե ջունգլիներում մի կոկոս ընկնի մոլորված մեկի գլխին, ջունգլիների վարչության գլխավոր կոկոսագետը հրաժարական կտա։ Մեր ազատ-անկախ-միացյալում Անհատ չկա, Անհատականություն չկա, «կոկոսագետ» չկա. գիրկապ անողը լեզվի օրենք է մշակում, հանցագործը ներկայանում է հանցագործությունը քոքահան անողի դերով, քարտեզը երկու անգամ աչքի անցկացնողն արդեն «գենետիկ» հայրենասեր է։ Եվ ոչ մի հրաժարական…»։
Նույնն է, ոչինչ չի փոխվել։
Աստված չանի՝ Հայաստանում նման ողբերգությունները երբեւէ կրկնվեն, բայց շատ կուզեի տեսնել ողբերգությունների դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնող եւ հրաժարական տվող հայ «կոկոսագետի»։
Հ. Գ. Դուք կասեք, բայց անցյալ տարվա վերջին փոխվարչապետ Մաթեւոսյանն ու ԿԳՄՍ նախարար Դումանյանը հրաժարական տվեցին։ Այո՛, հրաժարական տվեցին, բայց միայն այն պատճառով, որ չկարողացան կատարել Բրյուսովի անվան համալսարանում ռեկտոր նշանակելու հանձարարությունը։ Իսկ դա բնավ ողբերգություն չէր կամ էլ մի հոգու՝ հրաման տվածի ընկալմամբ անձնական ողբերգություն էր։ Ի դեպ, երկու ամիս էլ չանցած հրաժարական տված Մաթեւոսյանը հայտնվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, Դումանյանն էլ՝ նախագահի խորհրդականի։

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։