Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում տնտեսական համաժողով է կազմակերպել: Լրագրողների հետ շփումներից մեկի ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանին «հնարավոր է խաբել, նա դյուրահավատ է, բայց Ռուսաստանի հետ պատերազմել չի կարելի, նա անպարտելի է»:
Եթե նայենք դարերի պատմությունը, կտեսնենք Ռուսաստանի պարտության մի քանի փաստեր: Ամենաթարմը, թերեւս, առաջին աշխարհամարտում կայսրության փլուզումն է, Կովկասում, Արեւելյան Եվրոպայում, Մերձբալթիկայում ահռելի տարածքային կորուստներն են եւ հաջորդած քաղաքացիական պատերազմը, որը հարյուր հազարավոր մարդու կյանք է խլել:
2020 թվականի նոյեմբերի վերջերին, երբ ռուսական խաղաղապահ զորախումբը նոր էր հաստատվել Արցախում, Արայիկ Հարությունյանին պատմեցի 1991 թվականի աշնանը (ամիսը, օրը մոռացել եմ) ինձ հետ պատահած մի դեպք:
Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությամբ հեռագիրը ձեռքիս՝ մտել էի Ստեփանակերտի զինվորական պարետատուն, որ պարզեմ՝ կարո՞ղ եմ Երեւան թռչել: Կապիտանի ուսադիրներով հերթապահը վստահեցրեց, որ օդանավակայանում ռեժիմային ոչ մի փոփոխություն չի կատարվել: Կես ժամ հետո տոմսը ձեւակերպված էր: Նստեցի օդանավակայան ուղեւորվող «Իկարուսը»:
Երբ մտանք սպասասրահ՝ անակնկալի եկա. առաջին թռիքչի բոլոր ուղեւորները կանգնած էին դեմքով դեպի պատը, իսկ ադրբեջանցի երկու հաղթանդամ ՕՄՕՆ-ական ստուգում էին նրանց փաստաթղթերը, քրքրում ուղեբեռը: Կտրուկ ետդարձը կմատներ, վայրկենապես կողմնորոշվեցի եւ անհոգ տեսք ընդունած՝ մոտեցա պետի առանձնասենյակին: Բայց Խորեն Հուռումյանի փոխարեն այնտեղ մի ռուս գնդապետ էր նստած: Անկեղծորեն ներկայացա: Մարդը զարմացավ, թե ինչո՞ւ տեղական հայ պաշտոնյաները չեն զգուշացրել, որ օդանավակայանի հսկողությունը հանձնված է Ադրբեջանի ՆԳՆ-ին:
Նա ինձ թեւանցուկ արեց, սրահով մեկ անցկացրեց, տաքսի մեքենաներից մեկի վարորդին մատով կանչեց եւ կարգադրեց. «Վերցրու ձեր պատգամավորին եւ թռցրու Ստեփանակերտ»:
Պատմեցի եւ խորհուրդ տվեցի զորախմբի հրամանատարության հետ ծայրահեղ զգուշավոր լինել, երբեք եւ ոչ մի հարցում «ազնիվ խոսքի» չհավատալ: Չգիտեմ, որքանո՞վ էի կարողացել իրավիճակների համեմատությունը համոզիչ դարձնել, բայց հետագա իրադարձությունները վկայեցին, որ Ստեփանակերտի եւ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հարաբերությունները «չեն ստացվում»:
Այդպես՝ մինչեւ վերջին պահ, երբ նույնիսկ նախկին նախագահների անվտանգությունը չերաշխավորվեց:
Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան զորախմբի հեռանալն, ինչ խոսք, Ռուսաստանի տրամաչափի երկրի համար, գուցե, մանրուք է: Կայսրության հաշվարկով մեծ ողբերգություն չէ նաեւ 100 հազար մարդու բռնի տեղահանությունը:
Ռուսաստանը ոչ լրիվ հարյուր տարում ժողովուրդների բազմաթիվ բռնի տեղահանություններ է կազմակերպել, այդ թվում նաեւ՝ հայերի, 1949 թվականի հունիսի 14-ին։
Բայց երբ մի երկիր խաղաղապահ առաքելություն է ձախողում, ինչ էլ որ դրանից շահի, մեծ հաշվով պարտվում է, որովհետեւ կորցնում է ոչ միայն բռնի տեղահնավածների, այլեւ միջազգային հանրության վստահությունը:
Գուցե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաբվե՞լ է, որովհետեւ «դյուրահավա՞տ է գտնվել»:
Մոսկվան թող ինքը պարզի եւ հետեւություններ անի: Բայց ասել, որ Ռուսաստանն «անպարտելի է»՝ չափազանցություն է: Նորմանդիայում նշվել է դաշնակից զորքերի ափ դուրս գալու եւ ֆաշիզմի դեմ Եվրոպայում երկրորդ ճակատի բացման 80-րդ տարեդարձը: Ռուսաստանի նախագահն այդ հանդիսություններին չի հրավիրվել:
Դա արդեն չափազանց ծանր պարտություն է: Նույնիսկ եթե Ռուսաստանն ուկրաինական պատերազմը շահի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։