Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել։ Փակուղի են մտել միայն ու միայն Ադրբեջանի դիրքորոշման ու նորանոր պահանջների պատճառով։
Փաշինյանն ու նրա իշխանությունը, արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշենք, որ զիջել է այն ամենն ինչ հնարավոր է։ Հայաստանի իշխանությունները չեն խոսում գերիների վերադարձից, գործնականում հրաժարվել են Ադրբեջանի դեմ միջպետական իրավական գանգատներից, լռելյայն անտեսել են արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը։ Կամ էլ չեն դարձնում դրանք բանակցային օրակարգի ու խաղաղության պայմանագրի մաս, չեն խոսում ՀՀ տարածքների դեօկուպացիայից եւ այսպես շարունակ։
Միակ պահանջն, ըստ էության, ՀՀ լեգիտիմ սահմանների՝ Ալմա-Աթայի հռչակագրի ներառումն է խաղաղության պայմանագրում եւ ՀՀ ապաշրջափակումը։ Ավելին, Ադրբեջանն ինքն էլ տարածքային պահանջներ ունի իր սահմանադրությամբ ՀՀ նկատմամբ, երբ հղում է անում Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ լինելուն։
Ալիեւը, հակառակը՝ խոսում է ՀՀ սահմանադրության փոփոխությունից, դիմադրում է Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրի մեջ ներառելուն, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը թողնում է ապագային։ Այլ խոսքեր, այն կարող է տարիներ տեւել եւ դեօկուպացիան էլ կարող է տարիներ տեւել։ Բայց նույնիսկ այդ պարագայում գնդակը միայն ու միայն Ադրբեջանի եւ նաեւ ԱՄՆ՝ հիմնական միջնորդի ու ֆասիլիտատորի դաշտում է։ Դրան էլ վերջին շրջանում գումարվել են շշուկները, թե նոր տարածքային զիջումների պահանջներ կարող են լինել Նախիջեւանի կողմից։
Այս փակուղում ՀՀ իշխանությունների միակ հույսը, ուրեմն, ԱՄՆ-ն է։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտղուարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու եւ այն, որ նա կարող է Ալիեւին համոզել կամ հարկադրել կքնել խաղաղության պայմանագիրը։
«Մենք հստակ ենք նախագահ Ալիեւի հետ՝ ժամանակն է խաղաղության, եւ դա միայն Ադրբեջանի հարցը չէ, դա ամբողջ տարածաշրջանի ու կենտրոնական Ասիայի հարցն է։ Այդ բոլոր երկրները հիմա արտահանում են աշխարհ կա՛մ Չինաստանով, կա՛մ Ռուսաստանով։ Այլընտրանքային ճանապարհ ունենալու համար նրանք պետք է գնան Ադրբեջանով։ Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սեւ ծով, բայց մեկ ուրիշը՝ ավելի լայն, կարող է գնալ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիայով։ Այդ դիտանկյունից մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ»,- հայտարարել է Օ՛Բրայենը Բաքու այցից առաջ։
Այսինքն, ոչ այնքան կամ ոչ միայն ՀՀ-ին օգնելու եւ ամեն գնով խաղաղության հասնելու խնդիր է դրված, որքան տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջփակման կարեւորությունն է ընդգծվում՝ որպես հիմնական նպատակ։
Խաղաղությունն, ուրեմն, դառնում է պարզապես միջոց՝ նվազեցնելու Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունը լոգիստիկ շղթաներում ու Հարավային Կովկասը դարձնելու լոգիստիկ այլընտրանքային ուղի։ Բայց դա կարեւոր է այնքանով, որքանով Ալիեւին այցելում են ոչ թե պետքարտուղար Բլինքենի տեղակալները՝ Վերման կամ Քեմփբըլը, այլ օգնական Օ՛ Բրայենը։
Տավուշի չորս գյուղերի հարակից տարածքները ստանալով, Ադրբեջանը դրանք կոչեց դեօկուպացիա ոչ թե սահմանազատում, հաջորդ իսկ օրը Հայաստանին մեղադրեց հրադադարի խախտման մեջ՝ Նախիջեւանի կողմից ու կրկին խոսեց ՀՀ սահմանադրության փոփոխությունից։
«Հայաստանի սահմանադրության մեջ դեռեւս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մեզ թվում է, որ դա գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտն է», — օրեր անց հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։
Հաջորդիվ, դրան գումարվեց Ադրբեջանի խորհրդարանի անսպասելի ցրումն ու նոր՝ արտահերթ ընտրությունները՝ սեպտեմբերի 1-ին։ Պարզից էլ պարզ է, որ այս նոր իրավիճակին հղվելով Ադրբեջանը կրկին կառկախի խաղաղության պայմանագրի կնքումը, հետո էլ՝ կխոսի COP 29-ի անցկանցման ու միգուցե դրանից հետո կնքելու մասին՝ սահուն «քնեցնելով» գործընթացը մինչեւ տարեվերջ։
Իրականում, այս քաղաքականությունը նոր չէ, բազմիցս գրել եմ «Սալյամի տակտիկայի» ու ՀՀ-ն բլոկադայի մեջ պահելով մշտական ճնշման քաղաքականության մասին։ Այս քաղաքականությունը իրականացվում է առնվազն 2022-ից սկսած, երբ առաջին անգամ խոսվում էր խաղաղությունը «մինչեւ տարեվերջ» կքնելու հեռանկարից։
Հենց այդ համատեքստում առավել քան ներդաշնակ է դառնում Փաշինյանի վերջին հայտարարությունն ուղղված իր կուսակիցներին. «Ադրբեջանն է՝ հենց հատկապես Ադրբեջանը, որի ասածը եթե շատ կարճ ձեւակերպենք, հետեւյալն է. ասում է՝ «դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»։
Նույն տրամաբանության մաս էր նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ամիսներ առաջ հրապարակած անանուն վերլուծությունը, որտեղ Փաշինյանը համեմատվում էր Չեմբեռլենի հետ, որը ժամանակ էր ձգում վերազինվելու ու Հիտլերի (հասկացեք Ալիեւի) հետ վերահաս պատերազմին պատրաստվելու համար։ Ալիեւն էլ է այս ամենը հրաշալի հասկանում երբ, գիշեր ու զօր, ինքն ու իր մերձավոր թիմակիցները խոսում են «ՀՀ ռեւանշիստներից» ու կոչ անում Հայաստանին հանձնվել հաղթողի գթասրտությանը՝ տալ միջանցք, փոխել սահմանադրությունն ու համաձայնել շոշափելի ոչինչ չպարտադրող անորոշ խաղաղության պայմանագրի ամորֆ սեւագրին։
Ադրբեջանի պահանջները այնքան բազմավեկտոր ու թիրախավորված են, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք առաջ են քաշված ոչ թե կատարելու, այլ՝ չկատարելու՝ մերժման համար։
Ադրբեջանին այս փուլում խաղաղություն պետք չէ, ինչպես որ այն պետք չէ այս ամենի լռելյայն մասնակից ու դիտորդ Ռուսաստանին։ Թուրքիան, մյուս կողմից, ցանկանում է խաղաղություն, բայց կրկին միջանցքի փաթեթով, որը սակայն բախվում է Իրանի ուղղակի ու համառ դիմադրությանը։ Եվ ստանում ենք փակուղի, որը կարող է լուծվել կամ ՀՀ-ի կապիտուլյացիայով, կա՛մ միջանցքի թեմայի օրակարգից դուրս գալով։
Տարբերակ է նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացումը, եթե նա ցանկանա իրապես լրջագույն քաղաքական ռեսուրս ներդնել այս հարցում ու հարկադրել Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիրը գոնե այս տեսքով եւ այս պայմաններում։ Սակայն, ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավ է, ավելի առանցքային է մերձավոր Արեւելքի տարածաշրջանը եւ Հարավային Կովկասը ո՛չ առաջնային, ո՛չ կենսական է նրա համար, որպեսզի ամեն կերպ հարկադրի Ադրբեջանին գնալ խաղաղության։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։