Հայաստանին վերաբերվող քննարկումներում Հայաստանը չկա։ Հայաստանի մասին, ավելի ճիշտ՝ Հայաստանի անելիքների մասին խոսում են Բաքվում, խոսում են Մոսկվայում, խոսում են Անկարայում։ Խոսում են միասին ու խոսում են առանձին-առանձին։
Իսկ Հայաստանը չկա։ Տարածաշրջանային զարգացումներին հաղորդակից չէ, տարածաշրջանին վերաբերվող քննարկումներին մասնակից չէ, կազմակերպիչ չէ, տեսակետ հայտնող չէ։ Անկյուն քաշված վիճակում է, որի կարծիքը չեն հարցնում, որին, բայց, չեն մոռանում պահանջներ ներկայացնել։ Պահանջները տարբեր են՝ տարածքներ զիջելու պահանջ, իր տարածքով սեփական վերահսկողությունից դուրս միջանցք տրամադրելու պահանջ, չզինվելու, ինքնապաշտպանությունից հրաժարվելու պահանջ, միջնորդներ չունենալու, բարեկամներ չունենալու պահանջ։
2020-ից այս կողմ Հայաստանի իշխանությունները բավարարում ու բավարարում են պահանջները, դրանց վերջը, բայց, չի երեւում։ Բավարարվածներին նորերն են հաջորդում։ Փաշինյանի ասուլիսը բացահայտեց՝ Ադրբեջանի առանցքային պահանջներից մեկն էլ է բավարարվել։ Հայկական կողմն ընդունել է առանց միջնորդներ բանակցելու Բաքվի պահանջը։ Ադրբեջանն այս ուղղությամբ նպատակասլաց աշխատում էր։ Մտադրությունը բանակցային ընթացքից Արեւմուտքին դուրս դնելն էր։
Ինչո՞ւ։ Որովհետեւ Արեւմուտքը խոսում է իրավունքից, Արեւմուտքը առաջարկում է պայմանավորվել ու համաձայնության գալ միջազգային նորմերին համապատասխան, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում նախընտրում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։
Ալիեւի համար Արեւմուտքի մասնակցությունը մեծ խոչընդոտ էր։ Փաշինյանի համաձայնությունից հետո նրա գործը հեշտանում է անհամեմատ։ Եթե երկու կողմերն էլ միջնորդի կարիք չունեն, եթե ուղիղ բանակցություններ են նախընտրում, ապա, պարզ է, շատ անելիք Արեւմուտքն արդեն չունի։ Կարող է, իհարկե, հայտարարություններ անել, հիշեցնել իր ներկայության մասին, բայց բանակցությունների ընթացքի վրա գործնական ազդեցություն ունենալ, բանակցություններն իրավունքի դաշտ բերել չի կարող։ Սա Բաքվի ամենալուրջ հաջողություններից մեկն է, որն առանց Փաշինյանի օգնության լինել չէր կարող։
Ռուսները նույնպես դեմ էին Արեւմուտքի մասնակցությանը հայ-ադրբեջանական զրույցին։ Այս կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ են արել, սպառնացել են Հայաստանին, ռուսական բանակցային հարթակ վերադառնալ են պահանջել։ Արեւմուտքի միջնորդությունից հրաժարվելով Փաշինյանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի ցանկությունները բավարարեց։
Ռուսաստանը նոր հնարավորությունն օգտագործեց անմիջապես՝ Բաքվում գտնվող Պուտինը հայտարարեց միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանի արձագանքը դրական էր՝ Ռուսաստանի մասնակցությանը դեմ չեն ու երբեք էլ դեմ չեն եղել։
Արեւմուտքի դուրս մղմանը նպաստելուց հետո Հայաստանը մնում է Բաքվի, Անկարայի ու Մոսկվայի դեմ մեն մենակ։ Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում այս երեք կենտրոնների շահերը համընկնում են։ Գաղտնիք չէ նաեւ, որ այս երեքի համար էլ միջազգային իրավունքը հաշիվ չէ։ Երեքն էլ ուժի ու ուժեղի իրավունքն են նախընտրում։ Կարողանալո՞ւ է Հայաստանը դիմակայել նրանց կողմից գործադրվող ճնշումներին։ Ակնհայտորեն՝ ոչ։
Ադրբեջանն արդեն նոր պահանջ է առաջ քաշել՝ քանի որ կա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրն, ապա պետք է դուրս բերել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից։ Բաքվում ցանկացած նորություն նոր պահանջ առաջ քաշելու հիմք են համարում։ ԵՄ առաքելության դուրսբերումը նաեւ Մոսկվայի գլխավոր պահանջներից է։ Նպատակը պարզ է՝ թողնել Հայաստանին մենակ ու բացարձակ անպաշտպան։
Պահանջները շատ են։ Այս պահին ԵՄ քաղաքացիական առաքելության դուրս բերման պահանջին զուգահեռ ուժի մեջ հայ-ադրբեջանական սահմանն է ու Սյունիքի միջանցքը։ Նրանց պատկերացրած սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ադրբեջանը պետք է մնա Հայաստանին պատկանող այն տարածքներում, որտեղ տեղակայվել է 2020-ից հետո, հարկ եղած դեպքում կարող է եւ խորանալ։ Նման իրավունքը հիմնավորելու համար Մոսկվայի ու Բաքվի արխիվներից կբերեն ամենատարբեր քարտեզներ ու ամենատարբեր փաստարկներ։ Փաշինյանին վերապահվելու է հաջորդող ասուլիսում նման քարտեզների անհերքելիությունը հաստատողի դերը։
Սյունիքի միջանցքը պետք է Մոսկվային, պետք է Բաքվին ու այնքանով, որքանով պետք է Բաքվին՝ պետք է Անկարային։ Այս ուղղությամբ դեռ ճնշելու են։ Այս մտքից հրաժարվել չեն պատրաստվում։ Ինչպես նաեւ Հայաստանն ապաշրջափակել չեն պատրաստվում։ Թույլ չեն տալու, որ Հայաստանն ունենա բաց սահմաններ, որ ճանապարհային հանգույց դառնա։ Որովհետեւ նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի հնազանդեցումը-ենթարկեցումը։ Այս համատեքստում Արեւմուտքի մեկուսացումն ավելի քան կարեւոր էր։
Իսկ Հայաստանում վտանգին նշանակություն չեն տալիս։ Մտածում են, թե պահանջները վերջ են ունենալու։ Վստահեցնում են իրենց ու մեզ, թե մի պահից հաշտություն է լինելու, թե Բաքուն կանգ է առնելու, սկսելու է հարգել մեր անվտանգ ապրելու իրավունքը, մեր բաց սահմաններ, ազատ երթեւեկ ունենալու իրավունքը։
Բայց արդյո՞ք այդքան միամիտ են Փաշինյանն ու նրա շրջապատը։ Հաստատ՝ ոչ։ Սեփական խնդիրները լուծելիս լավ էլ հաշվենկատ են, լավ էլ խորամանկ են ու հեռատես։ Իրենցը ոչ մեկին ու ոչ մի դեպքում չեն տա։ Պետք լինի՝ կխլեն ուրիշից ու կասեն՝ իրենցն է եղել։ Պատերով էլ խփվես՝ հակառակը չես ապացուցի։ Իսկ երբ գործը երկրին է հասնում՝ առանց որեւէ երաշխիքի հավատում ու զիջում են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երկրի կորցրածն իրենցը չէ։ Չեն համարում, թե իրենցից է գնում։ Իրենցը չէր Արցախը, իրենցը չեն սահմանամերձ գյուղերը, իրենցը չեն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են տեղակայված։ Իրենցն իրենց հոգսերն են, որ շատ ավելի կարեւոր են, քան երկրի ներկան է ու ապագան։
Իրենցն իշխանությունն է, որ պահել է պետք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։