• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում

Վահրամ Աթանեսյան 20:00 | 12.09.2024
Վահրամ Աթանեսյան 20:00 | 12.09.2024
Վահրամ Աթանեսյան

Սոցիական մեդիայում տեսանյութը պատմում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Երեւանում օրերս բացված գրասենյակի մասին: Թեմի առաջնորդը պատմում է նպատակից, գրասենյակի ղեկավարը՝ խոսում համահավաք ինքնության պահպանման անհրաժեշտությունից:

Կադրերում ծանոթ դեմքեր են՝ քաղաքական ուժերի առաջնորդներ, գործող Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության նախկին պատասխանատուներ, փորձագետներ, լրագրողներ: Գրասենյակը Երեւանի փոքր կենտրոնում է՝ Բաղրամյան պողոտայում: Մի քանի ծանոթի հարցնում եմ՝ այնտեղ գնո՞ւմ են:

Պատասխանը հիմնականում բացասական է, բայց գրեթե բոլորն ասում են, որ տարածքը Արցախի նախկին պաշտոնյայի սեփականն է: Բռնատեղահանված արցախցիների օրվա թեման հիմնականում դա է. ով է ժամանակին «գլխի ճարը տեսել» եւ Երեւանում կամ արբանյակ-քաղաքներում բնակարանի, տարածքի կամ «օբյեկտի» տեր դարձել եւ հիմա «հանգիստ ապրում է»:

Որքանո՞վ է նախկին պաշտոնյան, զինվորականը, ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցը, դատախազը կամ գործարարը «հանգիստ ապրում»՝ դժվար է ասել: Բայց որ բռնատեղահանված բնակչությունը սոցիալապես միասնական չէ, փաստ է, որի հետ պետք է կարողանալ հաշտվել: Թեկուզ այն հիմնավորմամբ, որ Արցախում էլ այդպես էր, եւ բոլորիս միավորում էր միայն Արցախը:

Բռնագաղթը հարյուր հիսուն հազար մարդու բաժանել է սոցիալ-քաղաքական խավերի եւ «թիմերի»: Մեծ մասը ողբերգության պատասխանատու է ճանաչում Հայաստանի իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին: Սոցցանցային գրառումներից դատելով՝ վերջին ամիսներին աճել է նրանց թիվը, ովքեր հավասարապես քննադատում են Արցախի վերջին նախագահին, Ազգային ժողովին:

Ֆեյսբուքը պատմում է արցախյան մի գյուղից բռնագաղթվածների հանդիպման մասին: Օգտատերն ինձ ծանոթ է ուսանողության տարիներից: Ոչ մի բառ չի գրել, հանդիպման վայրը չի բացահայտել, միայն շուրջ հիսուն լուսանկար է հրապարակել, որ ավելի խոսուն են, քան գեղարվեստական գործը կլիներ կամ հեռուստատեսային հաղորդումը:

Պատկերված մարդկանցից շատերին ճանաչում եմ, այնտեղ նույնիսկ տեսնում եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի իմ դասախոսին: Կարող էի կապվել եւ հարցնել, բայց գերադասեցի լուսանկարներով փորձել հասկանալ, թե երկու հարյուր համագյուղացի երբ ինչ-որ հանգստյան գոտու կոկիկ տաղավարներում խումբ-խումբ նստել են, ի՞նչ են խոսել:

Տեսնում եմ խոսափողով մարդկանց, ելույթները կարելի է պատկերացնել: Բայց դա արարողակարգ է: Կարեւորը Հայաստանի տարբեր բնակավայրերից մի «կտուրի» տակ հավաքված մարդկանց ներքին ապրումներն են, համոզմունքը, հեռանկարի նրանց պատկերացումը:

Եթե հնարավորություն ստեղծվի, նրանք  համահավաք՝ որպես մի համայնք, ապրելու ցանկություն կունենա՞ն: Մեկը Երեւանում բնակարան ունի, մյուսը հանդիպման է եկել սահմանային Խաչիկ գյուղից, երրորդը՝ երեւանամերձ Բյուրեղավանից, չորրորդը՝ Էջմիածնից…

Բռնագաղթից մեկ տարի է անցել, գյուղը ցրվել է: Արցախի բոլոր համայնքներն են Հայաստանով մեկ ցրված՝ Վրաստանի հետ սահմանից մինչեւ Մեղրի, Գորիսից՝ Գյումրի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեկ տարում Հայաստանից տասը հազար արցախցի է հեռացել:

Եվ պետք է խոստովանել՝ չլիներ Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստանում անորոշությունը, արտագաղթն ավելի մեծ չափեր կունենար: Գյուղական հավաքի լուսանկարներում ե՛ւ թախիծ կա, ե՛ւ զուսպ ուրախություն, բայց ճնշող է տպավորությունը, որ մարդիկ պարզապես իրավիճակին փորձում են հաշտվել:

Եվ, կարծես, մեկը մյուսին հարցնելիս լինի.

— Որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում:

Իսկ հստակ պատասխան չկա: Գյուղական հավաքը «թոթվում է ուսերը»: Չգիտի, չի կողմնորոշվել:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի երեւանյան գրասենյակում այդ հարցը հնչեցնող կա՞: Եվ ի՞նչ պատասխան են այնտեղ քննարկում:

Վաղը, գուցե, գյուղական հավաք չկազմակերպվի: Ֆիզիկական բաժանումը գուցե տանի հոգեւոր օտարմա՞ն…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախցիների ամենամեծ սոցիալական խնդիրներից մեկը գործազրկությունն է
հաջորդը
Բլինքենը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն