Արցախի պաշտպանության բանակում նոր-նոր կապավորի աշխատանք ստացած Աշխենի համար 2020-ի սեպտեմբերի 27-ը տագնապալի, բայց անսովոր չէր․ պատերազմ ու կռիվ նախկինում էլի՛ էր տեսել։ Բայց երեք տարի անց սեպտեմբերյան նույն օրը, դրանից առաջն ու հետոն մղձավանջի էին նման։ Մինչեւ վերջին օրը ինքն իրեն հարցրել է՝ ո՞նց կարող է Արցախում հայ չմնա։
Վերջին օրը սեպտեմբերի 27-ն էր։ Այդ օրն է Աշխենը որդու եւ քրոջ ընտանիքի հետ Ստեփանակերտից Հայաստան ճանապարհ ընկել։
Մինչեւ 27-ը
Աշխեն Ասլանյանը երկու օրը մեկ Նորագյուղից Ստեփանակերտի «Ցոր» զորամաս էր գնում։ 18 կիլոմետր ճանապարհն անցնում էր ոտքով․ շրջափակված Արցախում վառելիք ու երթուղային չկային։
Աշխենը 44-օրյա պատերազմից հետո էր «Ցոր» տեղափոխվել, երբ նրանց գունդը՝ 212-ը, լուծարել էին։ Այն, որ մի օր էլ բանակը կլուծարեն, ասում է, ամենավատ երազում անգամ չէր տեսնի։
«Ամսի 20-ին՝ առավոտը 6-ին, մեր վաշտի հրամանատարը էկավ, թե՝ Աշխեն ջան, ինչ ունեք-չունեք, վառեցեք, բանակը լուծարվում է։ Շնորհակալություն, որ մնացիք․․․ էկավ, ձեռքներս բռնեց ու՝ դե՛, գնացե՛ք, էլ չգաք։ Արցունքներս գնում էին։ Ասում եմ՝ ոնց չգանք․․․ Ոտքով ճամփա ընկա, տրաքում ա՝ մին ըստեղ, մին ընդեղ։ Տուն եմ գնում՝ տեր Աստված կանչելով։ Հեռախոս չկա, բան չկա, չեմ իմացել, որ լույս էլ չկա»։
Սեպտեմբերի 19-ին ու հաջորդող օրերին Նորագյուղում խուճապ չի եղել։ Պատերազմի գիշերը գյուղի մարդիկ նկուղներ են իջել, իսկ զինադադարից հետո անցել իրենց գործին։
«Ամսի 24-ին հաց էի թխում փռում, որ մի քիչ էլ յոլա գնանք։ Իմանում էինք, որ շատերը գնում են։ Դե բլոկադայի ժամանակ էլ էին ասում՝ ճանապարհը բացվի, գնանք։ Ես էլ ասում էի՝ թող գնան։ Բանից անտեղյակ։ Հետո հեռուստացույցով որ նայում էինք՝ 21-ից սկսվել ա հայաթափումը Արցախի, զարմանում էի։ Ես 25-ին եմ սկսել հավաքվել։ Քրոջս տղեն զանգում ա, ասում՝ դուրս ենք գալիս։ Սարդարաշենից էլ մյուս ախպերս էր էկել։ Մնացել եմ գժված՝ ո՞նց թե դուրս ենք գալիս․․․»։
Անհրաժեշտ իրեր վերցնելու փոխարեն Աշխենն առաջին հերթին այրել է իր եւ Արցախյան առաջին պատերազմում զոհված հոր զինվորական հագուստը, իր գրքույկը։ Հոր մեդալը դրել է պատուհանի գոգին։ Հակարիից իրարամերժ լուրեր էին լսում։ Արդեն անհանգիստ էին։
25-ի մղձավանջը
Ստեփանակերտում վառելիք ճարելու հույսով ճանապարհ են ընկնում։ Մեքենայում Աշխենն էր, նրա աղջիկը, որդին եւ քույրը՝ ընտանիքով. միասին՝ յոթ հոգի։ Դատարկվող Ստեփանակերտի՝ վաղուց դատարկ լցակայաններից մեկում են իմանում, որ «Հայկազովում բանակի «էնզեն» բաժանում են ժողովրդին»։
Գրեթե անշարժ շարասյան մեջ մեքենան թողնելով՝ Աշխենի որդին եւ քրոջ ամուսինը գնում են բենզինի հետեւից։ Ասում է՝ մոտ քառասուն րոպե ճանապարհ պետք է անցնեին։ Երկար են սպասում՝ երեք ժամ։ Տղամարդիկ ուշանում են, իսկ նրանց հետեւում մեքենաներն արդեն անհանգստացնում էին։
Աշխենի 21-ամյա աղջիկը՝ Տաթեւիկը, որոշում է գնալ հարազատների հետեւից։
«Տղաս ու քրոջս ամուսինը էկան՝ բենզինը ձեռքներին։ Ասի՝ Տաթեւն ո՞ւր ա։ Արդեն մթնում էր։ Իրար չէին տեսել էնտեղ։ Տղես ջղայնացավ, թե՝ ինչի՞ ես թողել, որ գնա։ Հետո գնաց քրոջ հետեւից։ Փեսաս էլ լցրեց բենզինը, փակեց ու․․․ պայթյունի դմբոցը, կրակը, ծուխը։ Հովոն (Աշխենի որդին – հեղ․) արդեն գնացել ա։ Սկսեցի վազել։ Ճանապարհին գալիս էին վառված, տկլոր, խորովված մարդիկ, անձրեւն էլ վերեւից էր գալիս։ Ոչ մի տեղ չկար Տաթեւը, գոռում եմ, կանչում։ Հետո տղուս գտա՝ խելագարված․․․»։
Մայր ու որդի վերադառնում են մեքենայի մոտ։ Հովիկը մորաքրոջ ամուսնու հետ նորից է գնում պայթյունի վայր՝ քրոջը փնտրելու։ Այդ ընթացքում տղամարդիկ են մոտենում, խնդրում կողքի քաշել մեքենան, որ կարողանան շարունակել ճանապարհը։ Չդադարող անձրեւի տակ մեքենան տեղափոխում են։
«Ինքը վառված էկել ա, որ մեր ավտոյին հասնի, չի գտել։ Ու վախեցած մտածել ա, որ մենք էլ ենք պայթել․․․»։
Աշխենը լռում է։
«Համարյա ամբողջ Ստեփանակերտը էնտեղ էր։ Խառնաշփոթ էր, ժողովուրդը շատանում էր։ Ես գնացել եմ, նկուղի մասում կանգնել։ Մի մարդ դուրս էկավ, «բաչոկը» վերցրեց, ասեց՝ աղջի՛կ ջան, էսա ես կլցնեմ, կբերեմ։ Հետո էլ ասեց՝ չեմ կարողանում, վերցրո՛ւ, կանգնի, տակը ուշագնաց մարդ կա, հանեմ։ Մի քանի հոգի կային, ուշագնաց էին, գալիս էին, իրանց հանում։ Ես վախեցա ու հեռու գնացի»,- պատմում է 21-ամյա Տաթեւիկ Ասլանյանը։
«Թե հեռացած չլիներ, հետքն էլ չէր մնա»,- լացը խեղդելով՝ շարունակում է մայրը։
Պայթյունի վայրից այրվածքներով իրենց մեքենայի կայանած տեղը հասնելով ու հարազատներին չգտնելով՝ Տաթեւիկը անծանոթ մի մարդու խնդրել է զանգել հարազատներին։ Տղամարդը զանգելու փոխարեն նրան նստեցրել է Ստեփանակերտ գնացող պատահական մի մեքենա եւ հորդորել վարորդին աղջկան շտապ հիվանդանոց հասցնել։ Տաթեւիկը խնդրել է մեքենայի մեջ գտնվողներին, որ հարազատներին զանգեն։
«Մեր հեռախոսներին չի էղել, մեծ ախպորս են ընկել․․․ նրանք էլ արդեն Շուշվա տակին էին, զանգում էին, տենան՝ ինչ էղանք։ Ախպորս ասում եմ՝ Տաթեւը չկա, չենք գտնում։ Նոր ասում ա, որ էրեխեն Ստեփանակերտ հիվանդանոցում ա․․․ շատ ուշ էր, տղես գլուխը բռնած՝ էկավ։ Ասի՝ Հովո՛, Տաթեւը ծնվեց․․․»։
Վերադարձ Ստեփանակերտ
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում խառնաշփոթի մեջ Տաթեւիկին չեն գտել։ Հետո պարզել են՝ տեղ չլինելու պատճառով աղջկան տարել են մանկական հիվանդանոց։ Այստեղ էլ կատարյալ քաոս է եղել։
«Ո՛չ աշխատող կար, ո՛չ բժիշկ։ Շտապօգնության բժիշկներն են էս կողմ, էն կողմ գնում։ Տեսա՝ մեր танковый полк-ից քույր Անոյին։ Հարցնում եմ՝ ի՞նչ ես անում էստեղ։ Ասում ա՝ ուզում էի իրերս հավաքեմ, գնամ, բայց ռադիոյով ասացին՝ շտապօգնություն ա հարկավոր, մնացի։ Վիրակապում էր, մինչեւ հասցնեն Հայաստան»։
Սեպտեմբերի 27-ին Տաթեւիկին նույնպես ուղղաթիռով Հայաստան են տեղափոխում։ Մոր խնդրանքը, որ ինքն էլ աղջկա հետ գնա, բժիշկները մերժում են։ Աշխենը պատմում է, որ Տաթեւիկն ընդհանրապես չէր կարողանում շարժվել եւ անզորությունից լացում էր։
Սեպտեմբերի 29-ին Աշխենը որդու եւ քրոջ ընտանիքի հետ հասնում է Գորիս, որտեղից միանգամից Երեւան՝ հիվանդանոց է գնում։ Մեկ ամիս մայր ու աղջիկ հիվանդանոցում են անցկացնում։
Նոր հասցեն՝ Սպիտակ
Վանաձորից դեպի Սպիտակ ճանապարհին՝ Վանաձորյան խճուղում է ապրում Աշխեն Ասլանյանը երկու երեխաների եւ մոր հետ։ Նույն տարածքում իրենց ընտանիքներով հաստատվել են նաեւ նրա վեց քույր-եղբայրները։ Հարազատները կողքին են, բայց ամեն գիշեր, ասում է, մտքով Արցախ է գնում։
«Ձգում ա մեր տունը, ամեն ինչը։ Որ մթնում ա, աչքերս փակում եմ, մեր տանն եմ․․․»։
Աշխենը օրնիբուն աշխատում է։ Սրահ է, որտեղ ուրախ եւ տխուր առիթների համար սեղան են գցում-հավաքում։ Նաեւ խոհարարություն է անում․ 14 տարվա փորձ ունի։ Որդին նույնպես աշխատում է։ Ասում է՝ գիշեր-ցերեկ են անում, որ կարողանան ապրել։ Զարմանում է՝ աղքատ երկիր է Հայաստանը․ «Հողը՝ ծախու, փետը՝ ծախու, սաղ առնովի, չենք տեսել սենց բան․․․ հավի տեղ ենք սարքել, որ իբր հավեր պետք ա տան։ Զանգել ենք, ասում են՝ ծրագիրը պրծել ա։ Էս ամիս փող ստանանք, գնալու ենք, հավեր բերենք, պահենք․․․»։
Աշխենը չի դժգոհում․ աջակցության տարբեր ծրագրեր են եղել, օգտվել են։ Ինչպես Արցախում, այստեղ էլ օրուգիշեր աշխատում է։ Հակառակ դեպքում, ասում է, կհիվանդանա։ Տան բակում մոլախոտի ու քարերի մեջ կորած ջերմոցի տարածքը մշակել, հող է դարձրել։ Այգում ամեն ինչ կա։
«Տաթեւը սոցիալ-ձեռներեցների դպրոցում ա սովորել, վառարան ա շահել՝ կարկանդակ, հաց թխելու։ Հիմա ուզում եմ առանձին բիզնես դնեմ։ Ճանապարհին՝ գազի լցակայանի մոտ, տարածք կա, վերցրել ենք, հոկտեմբերի 1-ից աշխատելու եմ։ Լավ եմ պատրաստում, իմ սարքածը որ ուտում են, անմիջապես հասկանում են, որ իմ ձեռքինն ա։ Մենք մեզ հույս ենք տալիս, որ լավ է լինելու»։
42-ամյա Աշխենին հիմա ամենից շատ երեխաների կյանքը, ապագան է անհանգստացնում, որ որդին՝ Հովիկը, ավելի թեթեւ աշխատանք գտնի, իսկ Տաթեւիկը թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես լիարժեք վերականգնվի։
Աղջկա համար անհրաժեշտ դեղորայք մեծ դժվարությամբ ու քիչ քանակով են գնում, ինչը միայն ձեռքերին քսելուն է հերիքում, այն էլ՝ ոչ ամեն օր։ Տաթեւիկն ուզում է ձեռքերը սեղմող բժշկական ձեռնոցներից, որքան հնարավոր է, շուտ ազատվել, որ ինքն էլ աշխատի, ընտանիքի հոգսը թեթեւանա։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։