ԵՄ երկրները պայմանավորվել են Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին, որն ապահովված է ՌԴ կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
«Ֆինանսական օգնությունը նպատակաուղղված է անհապաղ բավարարելու Ուկրաինայի հրատապ ֆինանսական կարիքները, որոնք ավելացել են Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի աճի պատճառով»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
«Европейская правда»-ի փոխանցմամբ՝ խոսքն այս դեպքում «Մեծ յոթնյակի» երկրներից 50 մլրդ դոլար վարկի եվրոպական մասնաբաժնի մասին է, որը կմարվի՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվների ներդրումից ստացված ապագա եկամուտներից։
ԵՄ-ն ցանկանում է այդ միջոցները հասանելի դարձնել Ուկրաինային 2024 թվականից, իսկ վարկը կմարվի առավելագույնը 45 տարվա ընթացքում։
Վարկի հաստատման ընթացակարգը կսկսվի ԵՄ խորհրդում, սակայն այն պետք է վերջնականապես հաստատվի Եվրախորհրդարանում, որտեղ քվեարկությունը, ինչպես գրում է «Европейская правда»-ն, տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։
Ավելի վաղ Հունգարիայի ֆինանսների նախարար Միհալի Վարգան հայտարարել էր, որ Բուդապեշտը չի աջակցի Ռուսաստանի սառեցված ակտիվների դեմ ԵՄ պատժամիջոցների փոփոխությանը, ինչը թույլ կտա Ուկրաինային վարկ տրամադրել։ Նրա խոսքերով՝ Բուդապեշտը ցանկանում է այս որոշումը հետաձգել մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին՝ որպես G7-ի պարտավորությունների մաս, 2024 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում ֆոն դեր Լայենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գումարը նախատեսվում է ծախսել էներգիայի, ռմբապաստարանների եւ մասամբ զենքի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության վրա։