Ուկրաինան առնվազն մի քանի ամիս կկարողանա պահել Կուրսկի մարզի գրաված հատվածները, որոնք Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էին անցել օգոստոսի սկզբին սկսված հարձակման ժամանակ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին։
Ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումների համար ստեղծվել է զինամթերքի մատակարարման համակարգ, որի սակավությանը վերջերս հաճախ է սկսել բախվել ուկրաինական բանակը։
Այնուամենայնիվ, ռուսական զորքերը մինչ այժմ միայն սահմանափակ հակահարվածներ են իրականացրել Կուրսկի մարզում՝ հիմնականում կենտրոնանալով Ուկրաինայի արեւելյան շրջաններում շարունակվող գործողությունների վրա, պատմել են ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Կիեւի որոշ դաշնակիցներ, գրում է Bloomberg-ը, մտավախություն ունեն, որ Կուրսկի մարզում իրականացրած գործողությունը, որն ի սկզբանե տպավորվել էր ստորաբաժանումների արագ առաջխաղացմամբ, կարող է չափազանց թանկ արժենալ Ուկրաինայի ԶՈՒ֊ի համար, եթե ռուսական բանակը վճռի լայնածավալ հակահարձակման անցնել:
Իտալական Corriere della Sera-ն էլ իր հերթին գրում է, որ Կիեւում կարծում են, որ Կուրսկի մարզից հեռանալը ուկրաինացիների կյանքի առումով ավելի թանկ կարժենա, քան այնտեղ մնալը, քանի որ ռուսական բանակը կարող է հետապնդել ՌԴ տարածքից դուրս մղված Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումներին՝ հասնելով ընդհուպ Ուկրաինայի Սումի շրջան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հիշեցնում է Bloomberg-ը, հայտարարել է, որ պատրաստվում է օգտագործելու Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրավված Կուրսկի մարզի տարածքները՝ որպես սակարկության առարկա Մոսկվայի հետ ապագա բանակցություններում։