ԵՄ ներքին գործերի նախարարները դեկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ ներքին սահմանների սահմանային հսկողությունը, հայտնում է Եվրահանձնաժողովը։
«Այս կարեւոր քայլը ավարտում է երկու երկրների լիակատար միացումը Շենգենյան գոտուն»,- ասվում է Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Բուլղարիային եւ Ռումինիային Եվրամիության խորհուրդը Շենգենյան գոտի ընդունելու մասին որոշում կայացրել էր դեռ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։ Երկու երկրներում Շենգենյան համաձայնագրի կանոններն ուժի մեջ են մտել 2024 թվականի մարտի 31-ից, այդ ժամանակ հայտարարվեց ներքին օդային եւ ծովային սահմաններում եղած հսկողությունը վերացնելու մասին։
Ռումինիայի եւ Բուլղարիայի ամբողջական մուտքը Շենգենյան գոտի տարվա սկզբին արգելափակեց Ավստրիան՝ պատճառաբանելով, որ դա կարող է հանգեցնել անօրինական միգրացիայի աճին։ Սակայն դեկտեմբերին Ավստրիայի ՆԳՆ-ն չեղարկեց Շենգենյան գոտու ընդլայնման վետոն, երբ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեցին սահմանային անվտանգության միջոցների շուրջ։