Եթե Հայաստանը մինչեւ 2025 թվականի վերջը չվճարի իր անդամավճարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջե, ապա անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։ Այդ մասին «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ Երեւանը չի հեռացվի կառույցից։
«Հնարավոր է, որ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ (երկու տարվա վճարում չլինելու դեպքում) երկրները քննարկեն տարբեր սցենարներ»,- նշել է Պանկինը։
Նա նշել է, որ արդեն եղել են այնպիսի դեպքեր, երբ այլ երկրներ տեխնիկական, ֆինանսական եւ այլ պատճառներով պարտքեր են ունեցել։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։