ԱՄՆ վարչակազմը ՀԱՄԱՍ-ի հետ քննարկում է պատանդների ազատ արձակման հարցը։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ միեւնույն ժամանակ բացառում է այդ նպատակով պաղեստինյան շարժմանը որեւէ ֆինանսական վճարման կատարումը:
Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնի վարչակազմի աշխատակիցները եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ունեցել են ուղիղ շփումներ։
«Մենք խոսում ենք իսրայելցի պատանդների մասին։ Մենք ոչինչ չենք անում ՀԱՄԱՍ-ի համար, մենք նրանց գումար չենք տա։ Պետք է բանակցել: Կա տարբերություն խորհրդակցություններ վարելու եւ ՀԱՄԱՍ-ին վճարումներ կատարելու միջեւ։ Մենք ցանկանում ենք, որ այս մարդիկ [պատանդները] ազատ արձակվեն», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան Axios պորտալը, հղում կատարելով իր աղբյուրներին, մարտի 5-ին հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ քննարկել են պատանդների ազատ արձակման եւ Գազայի հատվածում ավելի լայն հրադադարի պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Հրապարակման համաձայն՝ պատանդների հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Ադամ Բելերը հանդիպումներ է ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Axios-ն ընդգծում էր, որ ԱՄՆ-նընախկինում երբեք ուղղակի բանակցություններ չի վարել ՀԱՄԱՍ-ի հետ, որը Վաշինգտոնը 1997 թվականին ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը ավելի ուշ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի եւ ՀԱՄԱՍ-ի շփումները չեն նշանակում, որ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է։ ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ այս շարժումը չպետք է պահպանի իր ներկայությունը Գազայի հատվածում։
Մարտի 5-ին Դոնալդ Թրամփը պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը անհապաղ ազատ արձակի Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին եւ վերադարձնի զոհվածների մարմինները՝ սա անվանելով «վերջին նախազգուշացում»։
Հունվարի կեսերին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին Գազայում հրադադար հաստատելու շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ Գործարքի առաջին փուլի շրջանակում, որն ավարտվեց մարտի 1-ին, ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց 33 իսրայելցի պատանդի եւ վերադարձրեց զոհվածների մարմինները։ Իսրայելն էլ իր կողմից ազատ է արձակել շուրջ 1,5 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Մարտի 2-ին Իսրայելը արգելափակեց Գազա մարդասիրական օգնության մատակարարումները՝ փակելով բոլոր անցակետերը, դա պայմանավորելով ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ծրագրի մերժմամբ: