• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր, միգուցե պատերազմից ավելի վտանգավոր խնդիր

Արմինե Ավետյան 14:30 | 25.01.2023
Արմինե Ավետյան 14:30 | 25.01.2023
military phychologist

Ազատ գյուղի ողբերգական դեպքից հետո սոցցանցերում շրջանառվում էր մի միտք, անգամ կոչ, թե պետությունը զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին անհապաղ պետք է հոգեբան տրամադրի՝ օգնելու նրանց հաղթահարելու ծանր ապրումներն ու բնականոն կյանք վերադառնալու։

Նման միտք հաճախ է առաջանում նաեւ 44-օրյա պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների անդամների հետ շփվելիս։ Ոչ միայն պատերազմին մասնակցած տղաները, այլեւ նրանց ընտանիքի անդամները հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունեն, ոմանց ճակատագիրը խեղվել է, այլեւս նախկինը չեն, եւ նրանց օգնություն է անհրաժեշտ։ Կբերեմ օրինակներ՝ հասկանալու համար, թե որքան խորն է այդ խնդիրը։

Իհարկե, մենք պայմանական անուններ կօգտագործենք։ Մայրերն ուզում են, որ խնդրի մասին գրվի, բայց չեն ցանկանում, որ իրենց նկարը կամ անունը հայտնվի լրատվամիջոցներում ու սոցցանցերում։

Երկրորդ պատերազմն է

Նման ընտանիքներից մեկի որդին՝ ժամկետային զինծառայող Արամը, Ջրականի ծանր մարտերում մի շարք վնասվածքներ ստանալուց հետո մի կերպ է փրկվել։ Մի քանի վիրահատությունից հետո ֆիզիկական առողջությունը հնարավորինս վերականգնվել է, բայց չի կարողանում լիարժեք կյանք վերադառնալ։ Մայրը՝ Լյուդմիլան, պատմում է, որ առաջացել են լուրջ հոգեբանական եւ այլ խնդիրներ։ Պատերազմից ավելի քան երկու տարի անց էլ տղան վախեր ունի, անգամ հրավառությունների ժամանակ է վեր թռչում ու կծկվում։ Գիշերները չի քնում, ագրեսիվ է, տանը վեճեր է ստեղծում, պահանջներ ներկայացնում, չի ցանկանում սովորել կամ աշխատել եւ այդպես շարունակ։ Իր այդ հոգեվիճակը թեթեւացնելու ճանապարհ է գտել՝ հոգեներազդող միջոցները, շփվում է հիմնականում ոչ օրինակելի վարքագիծ ունեցող տղաների հետ, ինչը նպաստում է խնդիրների խորացմանը։

Տիկին Լյուդմիլան հուսահատ է եւ միայնակ չի կարողանում որդուն այդ վիճակից հանել։ Ասում է՝ պատերազմից հետո որեւէ պետական կառույց՝ լինի պաշտպանության, առողջապահության կամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, համայնքային իշխանությունը, իրենց դուռը չեն թակել կամ չեն զանգել ու հարցրել՝ ինչպես է զինվորը, ինչ խնդիր ունի։ Ինքն է գնացել, զանգել, նամակներ գրել, բայց որեւէ աջակցություն չի ստացել։ Պետությունն իր պարտքն է համարել միայն անվճար վիրահատություններ կատարել ու վերքերը բուժել, բայց վերքերը միայն ֆիզիկական չեն։ «Ես առողջ տղա եմ տվել, հիվանդ են վերադարձրել։ Բա մի օր չհարցնե՞ն, թե պատերազմից հետո ինչպես է»,- լացում է տիկին Լյուդմիլան։

Ընտանիքում երկուսով են, մայր ու որդի։ Մայրը Բաքվի փախստական է, եւ պատերազմի արհավիրքը երկրորդ անգամ է զգում, նախ՝ իր մեծ ընտանիքի, 30 տարի անց՝ որդու հետ։ Փորձել է որդուն հոգեբանի կամ այլ բժշկի մոտ տանել, որ օգնեն ազատվելու հոգեբանական խնդիրներից ու կողմնակի կախվածությունից, բայց տղան չի համաձայնել։ Մտածում է, որ եթե պետական որեւէ կառույց միջամտի՝ համապատասխան բուժօգնություն կազմակերպի ու դա անի պարտադիր սկզբունքով, որդին կփրկվի։ Համոզված է, որ եթե պետությունն ի սկզբանե հետաքրքրվեր իր զինվորի հետագա ճակատագրով, տղան այդ վիճակին չէր հասնի։

Մեկուսացել են

Արթուրը նույնպես մի շարք վնասվածքներ է ստացել, վիրահատությունների ենթարկվել, ամիսներով բուժվել հիվանդանոցներում: Ինչ-որ չափով վերականգնել է առողջությունը, բայց նա էլ հոգեբանական որոշակի խնդիրներ է ձեռք բերել։ Քանի որ մինչեւ պատերազմին մասնակցելը բարձրագույն կրթություն է ստացել եւ շատ երիտասարդ չէ, կարողացել է ինքնուրույն մասամբ հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Բայց նա էլ դարձել է ինքնամփոփ, երբեմն՝ ագրեսիվ, երբեմն ընկնում է սթրեսների մեջ։

Նման խնդիրներ է ձեռք բերել նաեւ մայրը՝ Կարինեն։ Նախ պատերազմի ժամանակ դաժան սպասումներն ու ապրումները, այնուհետեւ որդու առողջական վիճակը, երկու տարիների տառապանքն անհետեւանք չեն եղել։ Ամիսներ շարունակ անքուն գիշերներ անցկացնելու, որդու առողջության խնդիրներով զբաղվելու հետեւանքով նա նույնպես առողջության խնդիրներ ունի՝ չի կարողանում առանց դեղերի քնել կամ աշխատել։ Ինքնամփոփ է դարձել, հնարավորինս քիչ է շփվում մարդկանց հետ, շրջապատի հետ կապը նվազագույնի է հասցրել ու չի պատկերացնում, թե երբ կկարողանան վերականգնել մինչպատերազմական իրենց կյանքը։ Իհարկե, եթե դա երբեւէ հնարավոր է։

Դիմել են հոգեբանի

Դավիթի վիճակը շատ ծանր է եղել, բժիշկներն ասել են, որ ապրելու հավանականությունը քիչ է, բայց ծնողները հույսը չեն կորցրել եւ պայքարել են: Ամիսներ տեւած մի շարք վիրահատություններից ու բուժումից հետո տղան «վերադարձել է կյանք»։ Ֆիզիկական առողջությունը մասամբ է վերականգնվել, բայց պատերազմի ծանր հիշողություններն ու ապրումները, առողջության համար դաժան պայքարը հոգեկան խնդիրներ են առաջացրել։ Նա նույնպես, եթե չասենք ագրեսիվ, ապա որոշակի բուռն վարքագիծ է դրսեւորում, հիմնականում ինքնամփոփ է, շփվում է միայն պատերազմին մասնակցած տղաների հետ։

Այս դեպքում ծնողները չեն սպասել պետական կառույցների աջակցությանը, իրենք են միջոցներ ձեռնարկել, որ որդին վերականգնվի ու ինտեգրվի հասարակությանը։ Հոգեբան են վարձել, ստիպել են, որ տղան շարունակի կրթությունը։ Մայրը՝ Աննան, պատմում է, որ տղան նախ հրաժարվել է հոգեբանի ծառայությունից։ Ծնողները որոշել են իրենք խորհուրդներ ստանալ, թե ինչպես շփվեն նրա հետ։ Ավելի ուշ Դավիթն ինքն էլ օգտվել է այդ ծառայությունից, եւ աստիճանաբար որոշակի դրական արդյունք են ստացել։

«Միեւնույնն է, նա առաջվանը չէ։ Ժամանակից շուտ է հասունացել, կյանքի ու աշխարհի մասին պատկերացումները կտրուկ փոխվել են՝ չէի ասի լավ իմաստով։ Ես չգիտեմ, թե քանի տարի է պետք, որ նա կարողանա հաղթահարել պատերազմի ազդեցությունը»,- ասում է Աննան։

Նա պատմում է, որ ոչ միայն պատերազմին մասնակցած տղաներն են մեկուսացել հասարակությունից ու հիմնականում իրար հետ են շփվում, այլեւ նրանց ծնողները։ Նրանք սոցցանցերով ընդհանուր խմբեր են ստեղծել ու պատմում են այնտեղ իրենց խնդիրներն ու փորձը։ Տիկին Աննան վստահ է, որ իրենց նման հոգեբանի կարիք ունեն ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլեւ նրանց ընտանիքների անդամները, եւ համատեղ ջանքերով կկարողանան հաղթահարել այդ խնդիրը։

Ագրեսիվ կամ ինքնամփոփ վարքագիծը միակ խնդիրը չէ, որ պատերազմի մասնակիցներն ու նրանց ծնողներն ունեն։ Ծնողներից շատերը, ուրախանալով որդիների վերադարձով, նրանց հերոսացրել են, մեքենա են նվիրել, փող տվել եւ այս երկու տարիներին վարժեցրել են ծույլ կյանքի։ Իհարկե, նրանք հերոս են, բայց այդպիսով ծնողները նրանց մղել են այն մտքին, որ բոլորը ձեզ պարտական են։ «Ես շփվել եմ մի շարք նման ընտանիքների հետ եւ հասկացել եմ, որ մի քանի տարի անց այդ տղաները ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ հասարակության համար են խնդիրներ ստեղծելու։ Ծնողները հիմա դա չեն զգում, բայց երբ հասկանան, ուշ կլինի։ Ես էլ չէի հասկանում, ինձ օգնեց հոգեբանը։ Գիտեմ, որ ծավալը մեծ է, ռեսուրսների խնդիր կա, բայց շատ կուզենայի, որ պետությունը հոգեբանական ծառայություններ տրամադրեր այդ ընտանիքներին, որ հետո չկանգնի ավելի մեծ դժվարությունների առաջ»,- ասում է Աննան։

Պատերազմից հետո առաջին ամիսներին պետության աջակցությամբ հոգեբանական ծառայություններ մատուցող որոշ ծրագրեր գործարկվեցին, բայց դա հիմնականում Երեւանում էր։ Թաղապետարաններն իրենց տարածքում պատերազմի մասնակիցներին հավաքագրում եւ հրավիրում էին օգտվելու այդ ծառայություններից։ Բայց դա ոչ միայն կարճ տեւեց, այլեւ այնքան էլ արդյունավետ չեղավ։ Այն համատարած բնույթ չկրեց, մարդիկ դրան լուրջ չվերաբերվեցին, պետությունն էլ առանձնակի ջանքեր չգործադրեց, որ այն ծառայի նպատակին՝ օգնի պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքներին։

Միգուցե պատճառն այն էր, որ հետպատերազմական առաջին տարում մեր երկրի ներքաղաքական վիճակն էր լարված, եւ այդ խնդիրը պետության եւ իշխանությունների ուշադրությունից դուրս էր մնացել։ Երկրորդ տարում միգուցե անվտանգային խնդիրների պատճառով այդ հարցն անտեսվեց: Ադրբեջանը հարձակումներ էր կազմակերպում Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ, լարված բանակցություններ էին ընթանում, եւ նորից այդ խնդիրը հրատապ չի համարվել։ Միգուցե պետությունը դրանով զբաղվելու բավարար ֆինանսական ու մասնագիտական ռեսուրսներ չի գտնում, չէ՞ որ հարցը հազարների է վերաբերում։ Չի բացառվում նաեւ, որ իշխանությունները խնդրին տեղյակ չէն։

Մինչդեռ պատերազմից ավելի քան երկու տարի անց մեր երկրում նոր, միգուցե ավելի լուրջ խնդիր է հասունանում: Խեղված ճակատագրերով եւ հոգեկան խնդիրներով երիտասարդ տղաներ ու ընտանիքներ. նրանք բազմաթիվ են, մեր կողքին են։ Չեն հաշտվում իրականության, ֆիզիկական խնդիրների եւ հոգեվիճակի հետ, իրենց խորթ են զգում։ Կամ մտածում են, թե հասարակությունը պարտավոր է իրենց այդպես ընդունել։ Եվ դա կարող է նրանց ծայրահեղությունների, միգուցե հանցագործությունների դրդել։ Այդ դեպքում ինչպես պատերազմը, նրանց վերահսկելը նույնպես դժվար է լինելու։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի բազաների դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր կանցկացվեն
հաջորդը
Շվեդիան կարող է «Stridsvagn 122» տեսակի տանկեր ուղարկել Ուկրաինա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն