Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը պահանջող՝ Սանկտ Պետերբուրգի 7 պատգամավորներ հրավիրվել են ոստիկանություն բանակը վարկաբեկելու մեղադրանքով։
Սանկտ Պետերբուրգի Սմոլնի մունիցիպալ կազմավորման 7 օրենսդիրները դեռ մարտին հայտարարել էին, որ դիմել են Պետդումա Պուտինին պետական դավաճանության համար մեղադրանք առաջադրելու ու նրան պաշտոնանկ անելու պահանջով։
Որոշումը ստորագրած պատգամավորներից Դմիտրի Պալյուգան թվիթերյան գրառման մեջ հրապարակել է ՌԴ օրենսդիր մարմնին դիմելու վերաբերյալ իրենց որոշումը։
Պատգամավորների կարծիքով Ուկրաինա ներխուժելու Պուտինի որոշումը վնաս է հասցնում Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, նպաստել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու Ուկրաինայի ռազմականացմանը այլ երկրների օգնությամբ՝ հակառակ «հատուկ ռազմական գործողության» հռչակված նպատակների: