Վերջերս Երեւանում տեղի ունեցավ վենետիկաբնակ լրագրող, հետազոտող Ավետիս Հաջյանի «Secret Nation: The Hidden Armenians of Turkey» («Գաղտնի ազգ․ Թուրքիայի ծպտյալ հայերը») անգլերեն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ հեղինակը: Ավետիս Հաջյանը երկար տարիներ ուսումնասիրել է իսլամացած եւ բռնի իսլամացված հայերի պատմությունը, կյանքը, այցելել Թուրքիայի գավառների հայաբնակ շրջանները, որտեղ ապրում է արեւմտահայության այդ շատ խորհրդավոր հատվածը: Հենց նրանց շուրջը եղած խորհրդավորությունն էլ Հաջյանին մղել է դեռեւս 16 տարեկանից հետաքրքրվել, իսկ ավելի հասուն տարիքում արդեն գիրք գրել նրանց մասին՝ հայտնաբերելով զարմանալի պատմություններ ինքնությունը պահպանած հայերի մասին, որոնք ժամանակակից Թուրքիայում ապրում են իբրեւ մահմեդականներ, բայց գիտեն իրենց հայկական ծագման եւ իսլամանալու պատմությունը: Շնորհանդեսից հետո Ավետիս Հաջյանը պատասխանեց «Ալիք մեդիա»-ի հարցերին.
-Թե ինչքանով են այսօր Թուրքիայի իսլամացած հայերը Հայաստանի ներկա իշխանությունների հետաքրքրության շրջանակում, չգիտեմ, գիտեմ, որ նախկին իշխանությունների ժամանակ ինչ-որ թափանցիկ քաղաքականություն կար, թեկուզ մշակութային առումով սահմանափակված, բայց կար: Նույնիսկ հասել էր նրան, որ իսլամացած հայերը գալիս էին այստեղ, առաքելական եկեղեցու ծեսով մկրտվում, վերադառնում: Ես վստահ չեմ, որ կարելի է իսլամացած հայերի թեմային ռազմաքաղաքական բնույթ տալ, բայց մշակութային կապեր կարող են լինել:
-Նրանք, այո՛, Հայաստան գալու երազանք ունեն, Հայաստանի հետ կապ են զգում, բայց վախեր կան նրանց մեջ, հետեղեռնյան վախեր, որ փոխանցվել են սերնդեսերունդ: Կարծում եմ՝ լավ կընդունի Հայաստանի բնակչությունը, ընդհանրապես լավ կարծիք ունեմ հայաստանցիների մասին, բազմազան, հանդուրժողական հասարակություն եմ տեսնում: Երեսուն տարի առաջվա Հայաստանի հետ չես համեմատի: Իհարկե, երբ այսպես եմ ասում, իմ որոշ ընկերներ զարմանում են, բայց իմ տպավորությունն այդպիսին է:
-Այս թեմայի ուսումնասիրությունը սկսելուց առաջ իմ մոտեցումը շատ ավելի միատեսակ ու միամիտ էր, կարծում էի՝ իսլամացած հայերի շրջանում հայաշունչ զանգված պիտի գտնեմ՝ իրենք իրենց մեջ կապեր ունեցող, հայրենական բուռն զգացումները պահած, բայց իմ տեսածը դա չէր: Շատ տարբեր մարդկանց տեսա իսլամացած հայերի շրջանում՝ մոլեռանդ թուրքամոլի, որ ընդունում է հայկական ակունքները, մոլեռանդ մահմեդականի, որ նույնպես ընդունում է իր ծագումը, հարգում է իր պապերի հիշատակը, բայց մահմեդական է, թուրքասեր է կամ արդեն թուրք է: Նրանք ուզում են կապ պահել իրենց հարազատների, ազգակիցների հետ, բայց այնքան խորն է գնացած ձուլումը կամ վերափոխումը, որ այլեւս չգիտես՝ նրանց հայ անվանե՞ս, թե՞ ոչ: Այո՛, ինչ-որ առումով հայ են, իրար հետ են ամուսնանում, համայնքից դուրս ամուսնություններ գրեթե չկան: Իրենց մեջ ամուսնությունները, ի դեպ, նաեւ տնտեսական նպատակ ունեն. կալվածները այդպես են պահում: Նրանք այդ հողերի վրա են մնացել նաեւ, քանի որ կալվածներ ունեն եւ չեն կարող վաճառել կամ թողնել: Ընդհանրապես բարեկեցիկ են ապրում. եթե հարուստ էլ չեն, կարող եմ ասել, որ տեղացի մյուս գյուղացիների համեմատ լավ են ապրում, որովհետեւ ընտանիքից ընտանիք փոխանցված պապենական եւ քաղաքակիրթ որոշ արժեքներ են դեռ կրում: Դու կարող ես անունդ փոխել, լեզուդ փոխել, մահմեդական դառնալ, բայց կենցաղավարական արժեքներ կան, որ մնում են, եւ նրանք պահում են այդ արժեքները:
Ես կենդանի հայություն գտնելու որոնումով էի գնացել, մինչդեռ ինչ գտա, ավելի բեկորացած էր: Եկեղեցիներ էի փնտրում, հայկական կենտրոններ էի փնտրում, չգտա:
-Նրանց մի մասին կարող ենք հայ համարել, մի մասին՝ ոչ: Անհնար է ստույգ իմանալ իսլամացած հայերի թիվը, քանի որ շատ դժվար է որոշել, թե ով է նրանցից իրեն հայ համարում, ով՝ ոչ, բնակավայրերը տարբեր են, ավանդույթները, ինքնության հարցերը նույնպես շատ տարբեր են, ուստի վիճակագրական բնույթ չենք կարող տալ հարցին: Մուշում, օրինակ, ամբողջական գերդաստաններ կան, որ հայ են մնացել, պահում են ավանդույթներն այնպիսի շրջաններում, որտեղ հակաքրիստոնեական մթնոլորտ է, եւ ի տարբերություն կրոնական դավանանքի՝ ազգությանը կարեւորություն չի տրվում:
Մեկ այլ երեւույթի ականատես եղա Թուրքիայի այն գավառներում, որտեղ եկեղեցի չի մնացել: Հուղարկավորության ծեսը, ուզեն թե չուզեն, պիտի անեն, քաղաքացիական թաղում չեն կարող անել այդ պահպանողական գավառներում, անպատեհ է առանց կրոնական արարողության թաղում անել, ուստի իմամի են կանչում, որ ծեսը կատարի: Սրանք հարցեր են, որ մենք պետք է հասկանանք, ըմբռնենք:
-Այո՛, ութ, տասը տարի առաջ իսլամացած հայ կա: Երեւույթը Թուրքիայում հայամերժ քաղաքականության հետեւանք է: Կան դեպքեր, երբ հայերը զինվորական ծառայության գնալուց առաջ անձնագրում փոխում են կրոնական պատկանելությունը, մահմեդական են դարձնում, որ բանակում խնդիրներ չունենան, որովհետեւ եղել են դեպքեր. հիշենք թուրքական բանակում 2011-ին սպանված հայ զինվոր Սեւակ Բալըքչիին: Իսլամացման մեկ այլ ճանապարհ են Թուրքիայի հայության շրջանում խառնամուսնությունները:
-Ընդհանրապես ընդունելությունը, գրքի մասին գրախոսականները դրական էին: Երբ օտար շրջանակներում գրքի շնորհանդեսներ էին լինում, զգում էի, որ նրանք, ովքեր գիտեին մեր պատմությունը, ցեղասպանության մասին, իրենց համար բացահայտում էին նաեւ ցեղասպանության այս երեսը: Մի հետաքրքիր բան էլ եմ նկատել. կար մարդ, որ նույնիսկ չգիտեր՝ աշխարհում հայ ազգ գոյություն ունի…
-Թեման լրագրողական գործունեությանս զուգահեռ կյանքիս գործը դարձավ, բայց չգիտեմ՝ կշարունակե՞մ զբաղվել այս հարցով, որովհետեւ դժվարանում եմ ասել՝ նորից Թուրքիա ոտք կդնե՞մ, թե՞ ոչ, չգիտեմ՝ նորից կուզենա՞մ թուրքերեն խոսել: Արցախից եմ գալիս, եւ զգացողություններս դեռ շատ սուր են: Այս պահին մտածում եմ Հայաստան գալու, ապրելու եւ հայրենիքում կյանքս իմաստավորելու մասին:

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։