• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

«Ֆոտո Գալաթասարայ». հայ կնոջ լուսավոր հետքը

Անուշ Թրվանց 13:30 | 23.10.2021
Անուշ Թրվանց 13:30 | 23.10.2021
Mariam Shahinyan Exhibition

Թուրքիայի առաջին կին տաղավարային լուսանկարչի՝ Մարիամ Շահինյանի հսկայական արխիվից քսանյոթ լուսանկար այս օրերին ցուցադրվում է Երեւանի «4 պլյուս» լուսանկարչական ստուդիայում:

Հետազոտող, գրող Անահիտ Ղազարյանի ջանքերը՝ ուսումնասիրել Թուրքիայում ապրած եւ ստեղծագործած Մարիամ Շահինյանի շուրջ 200 հազար պատկեր պարունակող արխիվը, ապարդյուն են անցել, եւ նա փորձել է անձամբ փնտրել եւ գտնել լուսանկարներ, որոնք արվել են Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում, որի սեփականատերն էր Մարիամ Շահինյանը:

Anahit GHazaryan
Անահիտ Ղազարյանը լուսանկարները գնել է Ստամբուլի հնավաճառներից՝ ժամերով ուսումնասիրելով հին լուսանկարների արկղեր: «Լինելով հայ եւ լինելով Ստամբուլում՝ ինչ-որ նշանների հետ ես հարաբերվում, ինչ-որ մասնիկներ են անընդհատ երեւում, որոնք հուշում են, թե այստեղ ինչ-որ պատմություն է եղել, ինչ-որ հետք կա»,- Մարիամ Շահինյանի ցուցահանդեսի առթիվ ասում է Անահիտ Ղազարյանը:

Երբ նա Ստամբուլի հնագրավաճառներից մեկի մոտ գտել է «Ֆոտո Գալաթասարայ» կնիքով առաջին լուսանկարը, հասկացել է, որ եթե կա մեկը, ապա կարող են լինել նաեւ ուրիշները: Քսանյոթ բնօրինակ լուսանկարները՝ կնքված Մարիամ Շահինյանի լուսանկարչական տաղավարի կնիքով, ինչպես «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Անահիտ Ղազարյանը, «ընդամենը կոպեկներով» է ձեռք բերել, բայց դրանք նրա եւ արվեստասերների առջեւ բացել են մի աշխարհ, որը պատմում է զարմանալի մի հայ կնոջ խորհրդավոր կյանքի ու աշխատանքի մասին:

Mariam ShahinianՄարիամ Շահինյանը լուսանկարել է հիսուն տարի, ընդ որում՝ միայն տաղավարում, նույն լուսանկարչական խցիկով, որ արտադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ամուսնացած չլինելով եւ վարելով խիստ պահպանողական կյանք՝ լուսանկարչուհին անսովոր իրավիճակներ է բեմադրել տաղավարում լուսանկարվելու գնացածների համար: Հատուկ վերաբերմունք է ունեցել երկար վարսերի հանդեպ, որոնք առատորեն ցուցադրել է լուսանկարներում:

Նրա լուսանկարներում կարելի է տեսնել միանման երկվորյակներ, համբուրվելու պատրաստ տղամարդիկ, աղոթողներ, տաղավարում նստած կիսամերկ կին: Բայց այս ամենին զուգահեռ երեւում են նաեւ պահպանողական ընտանիքներ, որոնց համար ստուդիայում պարբերաբար լուսանկարվելը ընտանեկան կյանքի անբաժան մասն է եղել: «Լուսանկարել է ոչ միայն հայերի, այլեւ հրեաների, թուրքերի, սեւամորթների: Ստամբուլի բազմազանությունը երեւում է նրա լուսանկարներում»,- Ալիք Մեդիա»-ին ասում է Անահիտ Ղազարյանը:

Մարիամ Շահինյանի գործերը Ստամբուլում էլ են ցուցադրվել, բայց դրանք եղել են ժապավեններից երեւակված լուսանկարներ: Երեւանյան այս ցուցահանդեսն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ ցուցադրվում են Մարիամ Շահինյանի տպագրած բնօրինակները: Լուսանկարների մեծ մասի դարձերեսին հայերեն եւ այլ լեզուներով գրություններ կան: «Պատկերների հյուրասենյակ» խորագրով ցուցահանդեսի լուսանկարներից ամենավաղը թվագրված է 1939-ին, ամենաուշը՝ 1974-ին:

1935-1985 թվականներին Ստամբուլի բանուկ թաղամասերից մեկում ունենալով լուսանկարչատուն՝ հայ լուսանկարչուհին շուրջ մեկ միլիոն մարդու է նկարել: Նրա արխիվը մոտ 1139 տուփ նեգատիվից է կազմված: Արխիվը հայտնաբերվել է 1994 թվականին Ստամբուլի Քաղկեդոն (Քադըքյոյ) թաղամասում՝ աղբամանի կողքին: Տարածքի թուրք սեփականատերը, հասկանալով, որ այն հայի է պատկանում, ջանք է գործադրել, որ հայ մեկը գնա եւ աղբամանի մոտից վերցնի այն: Արխիվը ոչնչացումից փրկել է Ստամբուլի «Արաս» հրատարակչատան տնօրեն Էդուարդ Թոմասյանը, որի նկուղում էլ 25 տարի պահվել է այն:

Mariam Shahinian exhibition
Այդ արխիվն է, որ Անահիտ Ղազարյանը ցանկություն ուներ ուսումնասիրելու, բայց ինչպես ասում է, թույլ չեն տվել, առանց պատճառաբանելու: Արխիվն այս պահին հասանելի է միայն թուրք հետազոտող, լուսանկարիչ Թայֆուն Սերթթաշին, որն էլ պարբերաբար թվայնացնում է լուսանկարները եւ ցուցադրում: Միշտ չէ, սակայն, որ այդ ցուցահանդեսների ժամանակ նշվում են Մարիամ Շահինյանի հայկական անցյալից կարեւոր մանրամասներ։

Մարիամը ծնվել է Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը, որը հայտնի էր «Ապակե տաղավար» անունով: Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան, Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում: 1915-ին՝ Եղեռնի ժամանակ, չորս տարեկան Մարիամն ընտանիքի հետ Սամսունով փախել է Ստամբուլ: Ընտանիքը Սեբաստիայում է թողել հինգ ալրագործարան եւ մեծաքանակ անշարժ գույք: Ստամբուլում Մարիամ Շահինյանը սկսել է հաճախել տեղի հայկական Եսայան սանուց վարժարանը։ Լուսանկարչությամբ զբաղվել է նրա հայրը՝ Միհրանը, որ 1933 թվականին սկսել է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ Մարիամը, որ երազում էր բժշկուհի դառնալ, թողել է ուսումն ու ընտանիքին օգնելու համար միացել հորը, հետագայում արդեն միայնակ է ղեկավարել ստուդիան:

Mariam Shahinian Exhibition
Նրա կյանքն ուսումնասիրած Անահիտ Ղազարյանի կարծիքով, թեեւ Ստամբուլը, Անատոլիան եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքը հայտնի են հայ լուսանկարիչներով, բայց Մարիամ Շահինյանի թողած լուսանկարչական հետքը թերեւս ամենաինքնատիպներից է նրանց մեջ:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դավիթ Մաթեւոսյան. Խաղաղության սպասումով
հաջորդը
Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու պայմանավորվածություն

    21:14 | 01.07.2022
  • Թուրքիան կշարունակի հավասարակշռված քաղաքականությունը․ Էրդողան

    20:46 | 01.07.2022
  • Կարագացնեն ինտեգրման գործընթացը

    20:23 | 01.07.2022
  • Լապիդը ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը

    20:01 | 01.07.2022
  • Շվեդիան չի շտապում արտահանձնել իր քաղաքացիներին

    19:37 | 01.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա