Մենք ապրում ենք անցումային ժամանակներում: Ես այդպես կբնորոշեի մեր ժամանակները: Կարծես փոխվել է ժամանակների հրամանատարը։
Ամեն ինչ իրոք փոխվում է, եւ դա արտացոլվում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում՝ սկսած մեզ շրջապատող, ամենօրյա օգտագործման իրերից, վերջացրած գիտության, տեխնիկայի, արվեստի զարգացման ուղղություններով եւ ստացված արդյունքներով։
Փոփոխություններն ակնհայտ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում: Հաշվի չնստել դրանց հետ ուղղակի անհնար է։
Փոփոխությունն իրեն պարտադրում է ամեն քայլափոխի
Նման ժամանակների մասին հնուց ի վեր շատ տարբեր կերպ են արտահայտվել: Ոմանք անցումային ժամանակներում ծնվելը համարել են անեծք: Սակայն ոմանք էլ, ինչպես Ֆեոդոր Տյուտչեւը, համարել են այն երանություն:
Աշխարհի բախտը վճռող պահերին,
Հենց նա է կանչված որպես բարեկամ
Խրոխտ խնջույքին վեհ Ոգիների:
Ֆյոդոր Տյուտչեւ «Ցիցերոն» (Թարգմ.՝ Ռաֆայել Պապայանի)
Եվ, իրոք, երանություն է նորի կառուցմանը մասնակից լինելու՝ մեր ժամանակների մարդուն ընձեռված հնարավորությունը։ Միայն թե մենք գիտակցենք դա եւ սովորենք լինել ստեղծարար։
Այսօր մարդը հայտնվել է մի իրականությունում, որտեղ փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ դպրոցներում, բուհերում ստացած գիտելիքը քիչ ժամանակ անց արդեն հնացած ու անկիրառելի է: Մենք հաճախ հայտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակներում, եւ խնդիրների լուծման համար պահանջվում են ոչ ստանդարտ քայլեր: Հին մեթոդները եւ ուղեցույցները այլեւս նույն արդյունավետությամբ չեն գործում, իսկ ավելի հաճախ՝ ուղղակի չեն գործում:
Նոր ժամանակները պահանջում են գտնել նոր արահետներ՝ ճանաչելով տվյալ իրավիճակը եւ հրվելով այդ պահի՝ նորովի ստեղծված իրականությունից։ Ստեղծված իրավիճակներն են հարկադրում ստեղծարար գործել, քանզի անծանոթ են մեզ: Ստեղծարար մոտեցում են պահանջում մարդկային հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները՝ ընտանեկան, ընկերական, գործարար, քաղաքական…
Ստեղծարար գործելը մեր ժամանակների հրամայականն է: Ժամանակների հրամանատարը պահանջում է ստեղծարարություն բոլոր հարցերում։
Ի՞նչ է ստեղծարարությունը
Ստեղծարարությունն, ըստ հայկական Վիքիպեդիայի, «գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական եւ հոգեւոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծարար գործունեությունը անկրկնելի է, ինքնօրինակ եւ եզակի»:
Ստեղծարարությունը այնպիսի գաղափարներ, այլընտրանքներ, տարբերակներ գտնելու կամ ճանաչելու հակում է, որոնք կարող են օգտակար լինել խնդիրները լուծելու, ուրիշների հետ շփվելու եւ մեր կամ ուրիշների կարիքները հոգալու համար:
Ստեղծարար լինելու համար պետք է սովորել իրերին նայել նորովի՝ նախկինից տարբեր տեսանկյուններից: Ի թիվս այլ բաների, պետք է կարողանալ ստեղծել նոր հնարավորություններ եւ այլընտրանքներ: Այլընտրանքներ ստեղծելու կամ իրերը տարբեր տեսանկյուններից տեսնելու կարողությունը հենց այնպես չի առաջանում. այն կապված է մտածողության եւ հուզական այլ, ավելի հիմնարար այնպիսի որակների հետ, ինչպիսիք են զարմանքը, ճկունությունը, երկիմաստության կամ անկանխատեսելիության հանդուրժողականությունը եւ ճանաչողության հաճույքը:
Ստեղծարարությունը ենթադրում է եղած կարծրատիպերից դուրս նոր արժեքների ճանաչում, հայտնաբերում եւ ներկայացում։ Իսկ դա հնարավոր է, եթե միայն մենք կարողանում ենք «ՉԷ» ասել նախկին մտային եւ հուզական իներցիաներին, մեր համակրանքներին ու հակակրանքներին։
Ստեղծարարությունը սկսվում է այն պահին, երբ գիտակցում ենք, որ չգիտենք, իսկ կյանքը լուծում է պահանջում:
Եթե մենք իրոք փնտրում ենք նոր, ստեղծարար լուծումներ, անհրաժեշտ է սովորել մի կողմ դնել մեր իմացած-չիմացածը, սիմպատիաներն ու անտիպատիաները, ցանկություններն ու ձգտումները, բացվել տիեզերքի առաջ եւ սպասել։ Իսկ պատասխանն անպայման կհայտնվի։ Այն չի կարող չհայտնվել: Այս մասին են Կաֆկայի խոսքերը՝ «Տնից դուրս գալու կարիք չկա։ Մնա՛ գրասեղանիդ մոտ եւ լսի՛ր: Նույնիսկ մի՛ լսիր, ուղղակի սպասի՛ր: Անգամ մի՛ սպասիր, պարզապես մնա՛ անշարժ ու միայնակ։ Եվ աշխարհը կբացահայտվի։ Այն այլ կերպ չի կարող»:
Նման բացահայտումները միշտ յուրահատուկ են՝ ստեղծարար: Եվ մեզնից պահանջվում է ընդամենը լսելու ունակություն։ Ով ականջ ունի, նա կլսի։
Ունակությունների արթնացում
Նախ նշենք, որ ստեղծարարությանը պարտադրելով չեն հասնում։ Այն ծնվում է ազատությունից եւ սիրում է ազատություն։ Մենք ընդամենը կարող ենք ստեղծել միջավայր ստեղծարար ունակությունները արթնացնելու եւ զարգացնելու համար եւ շարունակել փնտրել․․․
Իսկ ո՞րն է մեր անելիքն այս ոլորտում։
Նկատենք, որ մեր ժամանակները առանձնահատուկ են ոչ միայն փոփոխականությամբ: Ներկայումս, կարծես, բոլոր հարցերի պատասխաններն ավելի հասանելի են դարձել։ Մեր այս նորագույն ժամանակներում, եթե մարդն իրոք սրտանց փնտրում է որեւէ հարցի պատասխան, անպայման գտնում է: Ընդ որում՝ գտնում է առանց ուշացման, ճիշտ ժամանակին: Սա առավելապես վերաբերում է ստեղծարարությունը խթանելու, զարգացնելու հնարավորություններին։ Այս ոլորտում գաղտնիքներ չկան: Հարցրե՛ք համացանցին եւ կզարմանաք հոդվածների ու գրքերի առատությունից։ Եթե ցանկանանք, անպայման կգտնենք հենց մեզ անհրաժեշտ վարժություններն ու գործիքները: Թվարկեմ դրանցից մի քանիսը.
- Արթնացնել եւ զարգացնել զարմանալու ունակությունը:
- Զարգացնել լսելու ունակությունը:
- Սովորել զրուցել՝ հարցը տալ եւ սպասել պատասխանին:
- Կատարել ամենօրյա ճանաչողական զբոսանքներ:
- Կազմակերպել մտագրոհներ:
- Կազմակերպել զրույց-զբոսանքներ:
- Սովորել տեսնել միաժամանակ տարբեր տեսանկյուններից։
Ամփոփեմ՝ ժամանակների հրամանատարը փոխվել է, եւ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է լինել ստեղծարար մեր գործում: Բավական է փնտրենք, ու պատասխանները կհայտնվեն:

Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։