«Պատերազմից մի քանի օր առաջ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից ստացել եմ սուրճի պատվեր։ 7-8 ամիս է՝ այդ մարդը պատվեր չէր տվել։ Ես ունեմ սկզբունք, որ մինչեւ գումարը չեմ ստանում, ապրանքը չեմ պատրաստում։ Զանգեց, ասաց ռուբլին երեկ 5,90 էր, այսօր՝ 6,05, մի քանի օր էլ սպասի։ Ասեցի՝ ավելի վատ է լինելու։ Չլսեց։ Պատերազմը սկսվեց, ռուբլին գահավիժեց։ Հիմա նա ընդհանրապես չի առնելու այդ ապրանքը»,- Aliqmedia.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մխչյանը։
Մխչյանն ինքը գործարար է, զբաղվում է սուրճի ներկրմամբ եւ արտահանմամբ։ Ինչպես Հայաստանի շատ արտահանողների, այդպես էլ նրա հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեր արտահանող գործարարները կանգնել են ծանր կացության առջեւ, իսկ բիզնեսը՝ աղետի: Շատ գործարարների նման նա էլ չգիտի, թե ինչպես է շարունակելու իր գործը։
Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը խոշոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ են սահմանել, գրեթե մեկուսացրել են այդ երկիրը՝ փակելով օդային, ջրային ու ցամաքային ճանապարհները, համացանցն ու բանկային հաղորդակցության համակարգերը։ Հենց պատերազմի օրը ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց ու ծանր կացության մեջ դրեց ոչ միայն իր երկրին, այլեւ Հայաստանին. 2021 թվականին մեր արտահանման 33 տոկոսը գնացել է Ռուսաստան: Ռուբլու արժեզրկումը ՌԴ-ում թանկացրել է մեր ապրանքը, եւ այդ պատճառով այն կարող է չվաճառվել:
Բայց եթե մեր ընդհանուր արտահանման 33 տոկոսն է ՌԴ գնացել, կոնյակի ու գինու արտահանման ավելի քան 85 տոկոսն է այդ երկիր գնում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է կոնյակին, քանի որ այդ երկու խմիչքների արտահանման խմբում գինին ընդամենը 10 տոկոսն է: Հայաստանի կոնյակի արտահանման ավելի քան 95 տոկոսը գնում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս եւ Ղազախստան՝ երկրներ, որոնք մասնակից են կամ ինչ-որ չափով առնչվում են այդ պատերազմին: Միայն Ուկրաինա եւ Բելառուս արտահանվում է կոնյակի 10 տոկոսը: Իսկ դրա գերակշիռ մասը՝ հենց Ուկրաինա:
Կոնյակն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, եւ աղքատացող ռուսաստանցին, պատերազմի կամ հետպատերազմական դրության մեջ գտնվող ուկրաինացին դժվար թե նախկին հաճախականությամբ գնի այն: Այդպիսով կարող ենք ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կոնյակագործության ու գինեգործության ոլորտն արդեն ընկել է ծանր ճգնաժամի մեջ:
«Ուկրաինայում անգամ անհայտ են մեր որոշ բեռների տեղերը, չկան վճարումներ եւ ապահովագրություն: Այդ երկիր մեր բեռները գնում են Սեւ ծովով, իսկ ապահովագրական ընկերություններն արդեն հրաժարվում են այնտեղով անցնող բեռներն ապահովագրելուց: Մեր բեռներն արդեն Սեւ ծով չեն մտնում: ՌԴ-ում, ճիշտ է, դեռ մեր արտահանման համար վճարումները կան, բայց կրկնակի պակաս փոխարժեքով: Եվ մեր կոնյակ արտադրող-արտահանողներից որեւէ մեկը չի ուզում առաքած ապրանքի դիմաց վճարում ստանալ»,- ասում է Գինեգործության միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, թե այս պահի դրությամբ ընդհանրապես դադարեցված է կոնյակի ու գինու արտահանումը:
Հայաստանում կոնյակ եւ գինի արտադրող եւ արտահանող գրեթե բոլոր գործարանները խոշոր վարկեր ունեն, նրանք, բնականաբար, բանկերին ունեցած իրենց պարտավորությունները կատարում են ապրանքի իրացման դիմաց ստացած գումարներով: Բայց հիմա, երբ կանգնած է արտահանումը, վճարում չկա, նրանք չեն կարողանա վճարել վերցրած վարկերն ու կհայտնվեն տույժ ու տուգանքների տակ: Բանկերը, բիզնեսից չստանալով վերցրած վարկերի դիմաց վճարումներ, նույնպես խնդիրներ կունենան:
Ավելին, եթե անգամ հենց այսօր ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներն այդքան արագ չեն չեղարկվի: Չեղարկվելու դեպքում էլ մեր կոնյակի արտահանման հիմնական շուկա հանդիսացող Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարողանա արագ վերականգնվել, տարիներ շարունակ կլինեն ճգնաժամի մեջ: Ռուսական ռուբլու փոխարժեքն արագ չի վերականգնվի, եւ մեր կոնյակագործության ոլորտը ահռելի կորուստներ կունենա:
Եվ ոչ միայն: Եթե կոնյակ չարտադրվի եւ չարտահանվի, խնդրի առաջ է կանգնելու նաեւ խաղողագործությունը, որը վերջին տարիներին նոր էր սկսել ոտքի կանգնել: Պատկերացրեք, թե ինչ կարող է անել այն գյուղացին, որի ապրուստի հիմնական միջոցը խաղողն էր, ինչն, այս տարի, միգուցե չկարողանա վաճառել: Արտահանած կոնյակի ու գինու դիմաց վճարում չստացած եւ վարկերի տակ գտնվող գործարարը դժվար թե կարողանա նույն քանակությամբ խաղող մթերել կամ մթերելուց հետո գյուղացուն վճարել:
Ավագ Հարությունյանն ասում է՝ ոլորտը եւ ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը անկախության 30 տարիների ընթացքում 5 ճգնաժամ է ունեցել, ամենածանրը 1992-1993 թվականներինն էր: Կարծում է՝ այս անգամ ոչ միայն կոնյակագործության, այլեւ ամբողջ տնտեսության ճգնաժամը հավասար է լինելու հենց այդ մեկին:
«Հայաստանից այսօր դեպի Ռուսաստան ապրանք չի գնում: Որպես արտահանողների միության նախագահ՝ ես միշտ ասել եմ, որ չի կարելի հենվել մեկ աղբյուրի վրա։ Պետք է այլընտրանք գտնել, թեկուզ վնասներ կրենք ու որոշ ժամանակ ոչինչ չկարողանանք արտահանել, բայց պետք է այլ շուկաներ գտնենք, գնանք դեպի Եվրոպա, ԱՄՆ, այլ երկրներ, բայց մեր բոլոր ձվերը չենք կարող մի կողովի մեջ դնել ու կանգնել կոտրած տաշտակի առաջ։ Դասեր չեն քաղում հայերը, որ չի կարելի միայն ՌԴ-ի հետ աշխատել: Դեպի ՌԴ արտահանումը կանգնած է, եւ չգիտենք՝ երբ կվերսկսվի»,- հավելում է Մխչյանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։