ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցածն իսկապես ամոթալի էր, նողկանք առաջացնող: Հայհոյախոսությունը խորհրդարանում դարձել է սովորական երեւույթ՝ ավելի ու ավելի հաստատուն տեղ զբաղեցնելով քաղաքական դիսկուրսում:
Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ափերից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ «հողերը հանձնելու» մասին հարցից ու ԱԺ ամբիոնից գոռգոռաց, թե՝ «Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու եւ մատով եմ խոսել։ … Հերիք եղավ, բոլ եղավ: Թափ կտամ մատ էլ, պետք լինի՝ ուրիշ բան էլ…»:
Այդ ամենից հետո ԱԺ դահլիճում կրքերը լարվեցին, ընդդիմադիրները տեղից փորձեցին նույն կերպ պատասխանել, ապա կազմակերպված լքեցին դահլիճը՝ զրկվելով հարց տալու հնարավորությունից, եւ այդ «երջանիկ նոտայի վրա էլ» ավարտվեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը:
Այս խորհրդարանում այլ որակի բանավեճ, քաղաքական ու գաղափարական պայքար ակնկալելն իհարկե միամտություն է: Թեկուզ եւ այն պատճառով, որ այս իշխանությունը (ե՛ւ գործադիրը, ե՛ւ օրենսդիրն իր ընդդիմադիր խմբակցություների հետ) ձեւավորվել է նույն այդ նողկալի մթնոլորտում:
Այդ նույն տոնայնությամբ էլ ժամանակին ընթացավ արտահերթ ընտրությունների նախընտրական ամբողջ քարոզարշավը՝ միմյանց հասցեին «շինելու եմ», «մինչեւ քոքը մաշեցնելու ենք», ««այ տղա», «դուսպրծուկ», «սուտինյոր» եւ նման կարգի այլ արտահայտություններ շռայլելով, «չգիտեմ քանի պամպերս է փոխել» հիշատակումներով, իրար «ցանկացած զենքով մենամարտի» կանչելով, մուրճ ճոճելով, «ոհմակի ատամները ջարդելու» եւ հաշվեհարդարի տարաբնույթ սպառնալիքներով:
Դրա հետեւանքն էր, որ նոր ձեւավորված խորհրդարանում առաջին իսկ հարմար առիթով իշխանությունն ու ընդդիմությունը գործի դրեցին բռունցքները, միմյանց վրա շշեր նետեցին, հայհոյանքներ հնչեցրին: Ընդ որում՝ո՛չ մեկ անգամ:
Պատահակա՞ն է արդյոք այս ամենը: Հազիվ թե:
Գնալով համոզմունք է ձեւավորվում, որ ընդդիմության եւ իշխանության գործողությունները մի տեսակ շատ սինխրոնացված են, իրար շատ փոխլրացնող: Երեկվա միջադեպն էլ այդ շարքից էր. ի վերջո ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նման սկանդալային անսպասելի ավարտը հրաշալի հնարավորություն էր, որ երկուստեք, բայց առաջին հերթին իշխանությունը խուսանավի ռուս-ուկրաինական պատերազմի եւ ցավոտ այլ թեմաների մասին տեսակետ հայտնելուց:
Ի՞նչ իմանաս, եթե հանկարծ հարցի կամ պատասխանի մեջ անցանկալի ձեւակերպումներ սպրդեին, այս անգամ արդեն գրգռելով միանգամայն այլ ուժերի: Ու քանի որ մյուս կողմից էլ չէր ընկալվի թեմային ընդհանրապես չանդրադառնալը՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմից, ուրեմն լավագույն տարբերակը ԱԺ նիստը հանկարծակի ավարտելն էր:
Այլ կերպ, թերեւս, չես մեկնաբանի Փաշինյանի հանկարծակի բորբոքվելն ու գոռգոռալով մատ թափ տալը, ընդդիմադիրների վիրավորվելն ու պատասխան գոռգոռոցները, ԱԺ փոխնախագահի իրավիճակը հանդարտեցնելու անվան տակ նախազգուշացման ու ձայնից զրկելու տեսքով «պատժամիջոցների դիմելը եւ վերջապես ընդդիմադիրների՝ թեթեւ սկանդալով հանկարծակի դահլիճը լքելն այն ժամանակ, երբ հարց տալու համար հերթագրվածներից միայն իրենք էին մնացել՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:
Իսկ նկատե՞լ եք, որ նման միջադեպերը տեղի են ունենում հենց Հայաստանի, տարածաշրջանի, հիմա փաստորեն՝ աշխարհաքաղաքական առումով լարված պահերին: Դե «զարմանալի զուգադիպությամբ», իհարկե, ժանրի բոլոր կանոններով:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: