ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող քվեարկության արդյունքները։
«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը վկայում է ինքնիշխան հարեւանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ գլոբալ վրդովմունքի մասշտաբներն ու ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն»,- շեշտել է ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահը սոսկ Ուկրաինայի վրա չէ, որ հարձակվել է։ Ըստ Բայդենի՝ Պուտինը ոտնձգել է նաեւ համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հիմքերի եւ այն ամենի վրա, ինչը ՄԱԿ-ի հովանու ներքո է։
Բայդենը շեշտել է, որ Ռուսաստանը պատասխանատու է նաեւ Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների եւ միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին աշխարհը հետեւում է իրական ժամանակում։
Ջո Բայդենը հավելել է, որ Ռուսաստանն իր գործողությունների համար պատասխանատվության պիտի ենթարկվի համատեղ ուժերով՝ նկատի ունենալով ՄԱԿ-ին։
«Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,- եզրափակել է Միացյալ Նահանգների նախագահը։