Ըստ France Info ռադիոկայանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին:
Թեկնածուների գրանցումը կավարտվի մարտի 4-ին: Փարիզի ժամանակով մինչեւ 18:00-ն պետության ղեկավարը պետք է Սահմանադրական խորհրդին պաշտոնական նամակ ուղարկի՝ իր թեկնածությունը քվեարկության դնելու համաձայնության եւ հայտարարագիր՝ եկամուտների մասին:
Նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 40 հավակնորդ: Նրանց թվում են լրագրող Էրիկ Զեմմուրը («Ռեկոնկիստա» շարժում), պատգամավոր Մարի Լը Պենը (Ազգային միավորում), Իլ դը Ֆրանսի կենտրոնական տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը («Հանրապետականներ»), Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցկուսակցություն):
Վերջին օրերին սոցհարցումները գործող նախագահի օգտին քվեարկելու մտադրություն ունեցողների աճ են արձանագրել: Ըստ հարցումների՝ Մակրոնն առաջին փուլում կարող է ստանալ մրցակիցներից զգալիորեն ավելի շատ քվե՝ ձայների 28 տոկոսը: Սոցիոլոգների կանխատեսումներով՝ երկրորդ փուլում նրա օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների կեսից ավելին: