Մի ընտանիքի պատմություն. Թալիշից Բալահովիտ

Անի Գեւորգյան
Slava Khachatryan

65-ամյա Սլավա Խաչատրյանը Թալիշ-Ստեփանակերտ միակ ավտոբուսի վարորդն էր: Անգամ այն օրերին, երբ վատ եղանակի կամ այլ պատճառով ուղեւորներ չէին լինում, նա չէր դադարում աշխատելուց: Ասում է` անձամբ Արցախի նախագահն էր իրեն այդպես հրահանգել:

44-օրյա պատերազմից հետո Թալիշի տանը, որտեղ ինքը ծնվել ու մեծացել էր, այժմ ադրբեջանցի զինվորականներ են ապրում, իսկ երկար տարիներ իրեն ծառայած ավտոբուսը վնասված ու անսարք կանգնած է տան կողքին:

Սլավայի որդիները ինչպես ծառայում էին, այնպես էլ շարունակում են ծառայել Արցախում: Իսկ ինքը, ընտանիքի կանայք ու երեխաները այժմ ապրում են Հայաստանում`Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում:

Slava Khachatryan2020-ի սեպտեմբերի 27-ին Սլավան ու կինը` Էմման, վաղ առավոտյան մեկնել էին Մատաղիս` որդիների եւ դստեր ընտանիքներին երեկոյան ընթրիքի հրավիրելու:
Ճանապարհին հնչել են պատերազմի առաջին պայթյունները: Ամուսինները ո՛չ կարողացել են հասնել Մատաղիս, ո՛չ վերադառնալ Թալիշ:

Slava KhachatryanԷմմա. «Երկու ժամ ես ու ամուսինս մնացել ենք հողի տակ: Ճանապարհով գնում էինք: Երբ պայթյունները շատացան, ավտոյից իջանք:
Մի սար էր: Սարի տակ պառկել ենք, մեզնից մի տասը մետր այն կողմ պայթյուններ էին, քարը թափվում էր, հողը թափվում էր: Հրաշքով ենք փրկվել»:

Slava KhachatryanԷմմա. «Ճանապարհից փախել ենք, հասել ենք Ալաշան գյուղ: Ճամփեքին խփում էին, սարերով էին մարդիկ հեռանում:
Արդեն ցերեկ էր: Ո՛չ կապ կար, ո՛չ գիտեինք, թե էրեխեքից ով որտեղ է, ով ինչ վիճակում է»:

Slava KhachatryanՄինչ ընտանիքի մեծերը փորձում էին հասնել անվտանգ տեղ, Մատաղիսում ապրող նրանց որդիների ու դստեր երեխաները նկուղներում էին,
թաքնվում էին ԱԹՍ-ների հուժկու հարվածներից:

Slava KhachatryanՄարգարիտան տան հարսն է, ասում է` նկուղում գտնվելու ժամանակ պատրաստ էր ամենասարսափելիին.
«Մտածում էի, եթե ես էլ, երեխաներս էլ մահանալու ենք, ավելի լավ է ես առաջինը մահանամ: Բայց հետո հասկացա`
ավելի լավ է այստեղից դուրս գալուց մահանալ, քան այստեղ նստած»:

Slava KhachatryanԷմմա. «Մենք ամեն ինչ կորցրինք, անգամ փաստաթղթերը չկարողացանք վերցնել: Ամեն ինչ ունեինք, տուն, տեղ, 80 գլուխ անասուն…
Բայց ոչ մի բան աչքիդ չի երեւում, երբ մարդ ես կորցնում… Պատերազմի հենց առաջին ժամերին Մատաղիսում աղջկաս ամուսինը զոհվեց:
Երեք երեխա մնացին առանց հայր»:

Slava KhachatryanԷմմա. «Ուկրաինայի պատերազմը նայում եմ, մեր անցած օրերն եմ հիշում:
Լեզվով ասելը մի բան է, բայց որ դրա մեջ լինում ես, ուրիշ ձեւ ես հասկանում»:

Slava KhachatryanՄարգարիտա. «Էրեխեքը մտածում են, որ երբ վերադառնանք Արցախ, գնալու ենք մեր տուն:
Դեռ չեն ընկալում, որ մեր տունն է՛լ չկա»:

Slava KhachatryanՄարգարիտան ու դուստրը խնամքով դասավորում են ամուսնու զինվորական հագուստը:

Slava KhachatryanՄարգարիտայի զինվորական ամուսինը` Մհերը, արձակուրդում է եւ մեկ ամիս կլինի ընտանիքի հետ:
5-ամյա Սաշան ու 3-ամյա Սոֆան հորից ոչ մի քայլ չեն հեռանում:

Slava KhachatryanՄհերը անցել է ամբողջ պատերազմը: Ծառայում էր Մատաղիսում, այժմ՝ Մարտակերտում: Պատերազմի մասին չի խոսում,
միայն ասում է, որ չի պատրաստվում թողնելու ծառայությունը:

Slava KhachatryanՍլավայի ու Էմմայի տունն է: Դարպասների տեղը հիմա անվադողեր են, ներսում էլ անծանոթ մարդիկ են ապրում:
Լուսանկարը երեխաներն են գտել` համացանցից:

Slava KhachatryanԵրբ հարազատները հեռախոսով բացում են Թալիշի իրենց տան տեսանյութերն ու լուսանկարները,
Սլավան չի կարողանում զսպել արցունքները, սենյակից դուրս է գալիս:

Slava KhachatryanՍլավան հաճախ է մտովի գնում Թալիշի իր տուն, նստում դարպասի մոտ, բայց ներս մտնել չի համարձակվում,
քանի որ գիտի` ներսում այլեւս ոչինչ առաջվանը չէ:

Slava KhachatryanԱրցախի կառավարությունը կորսված ունեցվածքի փոխհատուցում է խոստացել։ Ընտանիքն առայժմ սպասում է, ինչից հետո արդեն պարզ կդառնա`
մեկնել Ստեփանակերտ ու այնտեղ փորձել նոր կյանք սկսել, թե այնուամենայնիվ մնալ Հայաստանում:

Նման հոդվածներ