Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նամակով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանի ժողովրդին Նովրուզի տոնի, երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու համար:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն՝ նամակում Ալիեւն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի հարցերին. «Ադրբեջանը՝ որպես խաղաղության աջակից, պատրաստ է սկսելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք պետք է հիմնվեն միջազգային իրավունքի առանցքային դրույթների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության վրա»:
«Հուսով եմ՝ Միացյալ Նահանգները կաջակցի ապագայի տեսլականի վրա խարսխված Ադրբեջանի խաղաղ օրակարգի իրականացմանը»,- նշել է Ալիեւը:
Նամակում Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, թե Ադրբեջանում ուրախությամբ կընդունեին ամերիկյան ընկերությունների մասնակցությունն ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: