Լաչինից տեղահանված 16 ընտանիք` մեկ տանիքի տակ

Անի Գեւորգյան
Lachin refugees

90-ամյա Ամալյա Բաբայանը 44-օրյա պատերազմից հետո ամեն ամիս մեկնում է Արցախ` Լաչինում գտնվող իր տունը, մնում մի քանի օր, ապա վերադառնում Երեւան:

Տարեց կինը 2020-ի նոյեմբերից բնակվում է Նորքի այգիներ փողոցում գտնվող «Երեւանի N 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքում:

Բաբայանն ու Լաչինից տեղահանված եւս 37 հոգի այստեղ են ապաստանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով: Թե դեռ ինչքան նրանք կմնան, հայտնի չէ:

Պատերազմի հետեւանքով ամեն ինչ կորցրած ընտանիքները հույս ունեն, որ առաջիկայում վերջապես կստանան կորսված սեփականության փոխհատուցումը եւ կկարողանան գոնե շատ փոքր, բայց սեփական տունն ունենալ:

Մինչ այս պահը Լաչինը պաշտոնապես չի համարվում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայր, սակայն այնտեղ այլեւս հնարավոր չէ ապրել, քանի որ ենթակառուցվածքները չեն գործում: Դեռեւս հնարավոր այցելությունները Լաչին առաջիկայում եւս անհնար կդառնան, քանի որ ադրբեջանական կողմն ավարտին է հասցնում Լաչինը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները:

 

Lachin refugeesԱմալյա Բաբայանը ծնվել ու մեծացել է Երեւանում` Սայաթ Նովայի փողոցում։ 1998-ին ամուսնու հետ տեղափոխվել է Լաչին.
«Ասում էին` հողը պահել է պետք: Իսկ հիմա ես էլ, չորս երեխաներս էլ, որոնք ինձ նման Լաչինում էին, մնացինք անտուն»:

Lachin refugees58-ամյա Սաթենիկ Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Իրեն հատկացված սենյակում ապրում է մոր եւ որդու հետ:

Lachin refugeesՍաթենիկն ասում է` երբ Կառավարությունից ստանա իր կորսված ունեցվածքի փոխհատուցումը, շատ կուզենա վերադառնալ Արցախ,
սակայն չգիտի, թե երբ դա կլինի, եւ արդյոք առողջությունը թույլ կտա դա անել:

Lachin refugees 24 տարեկան Մերի Գրիգորյանը պատերազմի ժամանակ 9 ամսական հղի էր, սակայն եղել է վերջիններից, ով լքել է իր բնակավայրը:
Մերիի փոքրիկն այժմ 1.5 տարեկան է:

Lachin refugeesԱնժելա Մնացականյանը սենյակում ապրում է ամուսնու, որդու եւ դստեր հետ: Պատերազմի ժամանակ ամուսինը եղել է առաջնագծում:
Անժելային վերջերս հաջողվել է աշխատանք գտնել: Երեւանի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես մայրապետ:

Lachin refugeesԲազմատուս գյուղից տեղահանված Անահիտը մեկ սենյակում ապրում է իր երեք երեխաների հետ: 39 տարեկան կինը ուրախ է, որ վերջապես
աշխատանք է գտել եւ աշխատում է որպես խոհարար: Թեեւ դա որոշ հոգսեր թեթեւացրել է,
սակայն ապագայի մասին պատկերացումները շարունակում են աղոտ մնալ:

Lachin refugeesՆորքի այս շենքում ապրում է Մուրադյանների ընտանիքի ինը անդամ: 42-ամյա Սարգիսն ասում է` Երեւանում կյանքը շատ դժվար է.
«Երեխաների ամեն տնից դուրս գալը փող արժի, իսկ Լաչինում այդպես չէր: Հիմա մենք չենք պատկերացնում մեր ապագան:
Աջ գնում ենք, ոչինչ չկա, ձախ գնում ենք, ոչինչ չկա: Մենք մեկ օրով ենք ապրում»:

Lachin refugeesԸնտանիքի ավագը Սարգիսի հայրն էր` 79 տարեկան Դուման Մուրադյանը, մահացել է մի քանի ամիս առաջ:
Հարազատներն ասում են` եթե պատերազմը չլիներ, նա դեռ տասը տարի էլ կապրեր:

Lachin refugeesՍարգիսի կինը` Կարինեն, պատմում է. «Այնտեղ ամեն ինչ ունեինք, մեծ տնտեսություն, տուն, իսկ հիմա բանջար ենք հավաքում,
որ կարողանանք գումար խնայել»:

Lachin refugees67-ամյա Ռուբինա Հովակիմյանը սենյակում ապրում է 6 տարեկան թոռան հետ: Ասում է՝ Լաչինից կարողացել է ամուսնու շիրմաքարը բերել ու մի բուռ հող:
Շիրիմը տեղափոխել չի հաջողվել: Ռուբինան այժմ միայն ցանկանում է թոռան ուսումը ճիշտ կազմակերպել եւ դրանով լավ ապագայի գոնե ինչ-որ հիմք դնել:

Lachin refugeesՇենքում ապրում է տեղահանված 16 ընտանիք: 14-ը բուն Լաչինից են, մյուս 2-ը` մոտակա գյուղերից:
16 ընտանիքի 38 անդամներնն օգտվում են նույն խոհանոցից եւ նույն սանհանգույցից:

Lachin refugeesԱյս ընտանիքները 90-ականներին հենց ՀՀ Կառավարության ծրագրով էին վերաբնակեցվել Արցախի Քաշաթաղի շրջանում:

Lachin refugeesՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Քրիստինե Գեւորգյանն ասում է`տեղահանված ընտանիքների կյանքը կենտրոնի շենքում կազմակերպելու համար
Կառավարությունից որեւէ աջակցություն չի ստացել, ամեն ինչ իրականացվում է ՊՈԱԿ-ի միջոցներով, ինչը չափազանց մեծ բեռ է իրենց համար:

Lachin refugeesՄեծահասակներն ասում են` հույս ունեն, որ շուտով կկարողանան մշտական բնակության վայր գտնել,
եւ իրենց երեխաները պատերազմն ու կացարանում ապրած օրերը կհիշեն որպես հեռու անցյալում մնացած մի պատմություն:

Նման հոդվածներ