• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Պատերազմն առանց հրամանի միավորեց ուկրաինացիներին

Վարդան Հարությունյան 13:15 | 23.05.2022
Վարդան Հարությունյան 13:15 | 23.05.2022
Miroslav Marinovich
Վարդան Հարությունյանը Լվովում հատուկ Ալիք Մեդիայի համար զրուցել է ուկրաինացի իրավապաշտպան, 
խորհրդային տարիների այլախոհ, քաղբանտարկյալ, հրապարակախոս Միրոսլավ Մարինովիչի հետ։
Միրոսլավ, հիշո՞ւմ ես, երբ այս տարվա հունվարի վերջերին՝ պատերազմից օրեր առաջ, հանդիպեցինք Կիեւում, մեր զրույցի ընթացքում ասացի, որ իմ կարծիքով Ուկրաինային սպասում է լավ կամ շատ լավ, իսկ Հայաստանին՝ վատ կամ շատ վատ ապագա։ Այժմ, երբ արդեն կա այս ավերիչ պատերազմն Ուկրաինայում, երբ մարդիկ են զոհվում, ու քաղաքներ են ավերվում, կարո՞ղ ես ասել՝ որքան եմ ես սխալվել եւ սխալվե՞լ եմ արդյոք։

Ո՛չ, ես կարծում եմ՝ սխալ կանխատեսում չես արել։ Ընթացող պատերազմը շատ ավելի հիմնավոր է դարձնում կանխատեսումդ։ Այսօր Ուկրաինային սպասող շատ լավ ապագան շատ ավելի տեսանելի է գծագրվում։ Ոմանց սա կզարմացնի։ Կասեն՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմ է, սարսափելի ողբերգություն է տեղի ունենում, քաղաքներ են ավերվում, մարդիկ են տառապում։ Տարօրինակ կարող է թվալ, բայց հեռահար հաշվարկում Ուկրաինայի դիրքերն ավելի են ամրապնդվում, եւ Ուկրաինայի լավ ապագան ավելի համոզիչ է դառնում։

Վստահ եմ՝ հունվարի վերջին դու ճիշտ էիր՝ Ուկրաինային լավ ապագա է սպասում։ Իսկ լավ ապագան հենց այնպես չի տրվում։ Վճարել է պետք։ Վաղվա լավ ապագայի համար այսօր Ուկրաինան իր գինն է վճարում։ Այդ գինը մեծ է, սարսափելի է, բայց այն, ուզենք, թե չուզենք, պետք է վճարվի։ Ոչինչ հենց այնպես չի տրվում։ Վերջին հաշվով Ուկրաինան շահած է դուրս գալու։ Իսկ Ռուսաստանը, որ սանձազերծեց ոչնչով չարդարացված ու չհիմնավորված այս պատերազմը, ընդհակառակը, ամբողջն է կորցնում։ Նրանք սա դեռ չեն հասկանում։ Դեռ մտածում են, թե մեծ երկիր են, թե աշխարհի առաջատարներից են, թե հզոր են, ատոմային զենք ունեն, ու բոլորն իրենցից պետք է վախենան։ Իրականում, սակայն, այդպես չէ։

Պատերազմի սկզբից կարճ ժամանակ է անցել, բայց վստահորեն կարելի է պնդել՝ իրենց մասին ունեցած նրանց այս պատկերացումները հնացած են ու, շատ առումներով, ծիծաղելի։ Աշխարհում նոր իրականություն է, իսկ այդ իրականությունում Ռուսաստանը կորցնելու ու կորցնելու է։ Այս պատերազմը Ռուսաստանի տապալման պատճառ է դառնալու։

Պատերազմը սարսափելի է, իհարկե։ Այն ավերվածություններ ու մարդկային տառապանքներ է բերում։ Դու ասում ես, որ վաղվա հաջողությունների համար, լավ կամ շատ լավ ապագայի համար հենց այս սարսափելի գինը պետք է վճարվի։ Բայց սրանից 2-3 ամիս առաջ Ուկրաինան քայլում էր դեպի իր լավ ապագան։ Պատերազմ չկար։ Կային այդ մասին խոսակցություններ, բայց այն հավանական չէր թվում։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ Ուկրաինան երկար, բայց առանց պատերազմի քայլեր դեպի իր լավ ապագան, քան պատերազմով ու արագ։

Իհարկե, կասկածից դուրս է՝ շատ ավելի լավ կլիներ, որ չլիներ այս պատերազմը։ Բայց Ուկրաինան չէ այս պատերազմի նախաձեռնողը։ Այն սկսվել է առանց մեր ցանկության ու առանց մեր մասնակցության։

Պատերազմը, սակայն, տվեց ամենակարեւորը՝ այն միավորեց ժողովրդին։ Ուկրաինացիների համար միավորված լինելը միշտ էլ խնդիր է եղել։ Որովհետեւ մենք մոզաիկ ենք, մենք տարբեր ենք, շատ ավելի տարբեր ենք, քան հնարավոր է պատկերացնել կողքից։ Միավորված հանդես գալը, մեկ ընդհանրություն ներկայանալը մեզանում միշտ էլ դժվար է եղել։ Ե՛վ մշակութային, ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ ազգային պատկանելիության առումներով մենք խիստ տարբեր ենք եղել։ Տարբեր ասելը քիչ է, իրար նկատմամբ եղել ենք հակադիր։

2022 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցավ հրաշք։ Պարզվեց, մեր հակասություններով հանդերձ, տարբեր ազգեր ու լեզվական տարբեր ընտանիքներ լինելով հանդերձ, բոլորս ուկրաինացիներ ենք։ Նույնիսկ նրանք, որոնք մշտապես ռուսական կողմնորոշում են ունեցել, ուկրաինացիներ են արդեն։ Մենք դարձանք միասնություն։ Սա երկնային պարգեւ է հիշեցնում։ Հրաշք պետք է լիներ, որ մեր խայտաբղետ ժողովուրդը մեկ ընդհանրություն դառնար։ Եվ այդ հրաշքը եղավ պատերազմի պատճառով։

Սա իմ սպասումների, լավ ապագայի նկատմամբ իմ հավատի հիմքն է։ Այս միասնությունն ինձ վստահություն է ներշնչում։ Ուկրաինան լավ ապագա է ունենալու։ Սա ինձ համար դուրս է կասկածից։ Ապագայի նկատմամբ անհանգստություն չունեմ։ Անհանգստացնողը ներկան է, որը պետք է որքան հնարավոր է շուտ հաղթահարենք։ Եվ կհաղթահարենք։ Կհաղթահարենք մեր միասնությամբ եւ այն աջակցությամբ, որ ազատ աշխարհը մեզ ցուցաբերում է։

Կհիշես՝ առիթներ եղել են, որ Հայաստանի մասին զրույցներ մենք նույնպես ունեցել ենք։ Անդրադարձել ենք միջազգային հարթակներում Հայաստանի հակաուկրաինական քվեարկություններին, հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ես իմ պատճառաբանություններն եմ բերել։ Պատերազմը շատ բան է փոխել։ Այդ հարթակներում Հայաստանն այսօր այլ կերպ է իրեն դրսեւորում։ Տեսանելի՞ է սա Ուկրաինայում։

Ինձ համար բարդ է խոսել Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին։ Ես հաճախ եմ մտածում, ու Հայաստանի ներկա վիճակն ինձ ցավ է պատճառում։ Ո՞վ կարող է այսօր լինել Հայաստանի համար դաշնակից։ Հայաստանը միշտ է իր հույսերը կապել Ռուսաստանի հետ, որովհետեւ հստակ ձեւակերպված խնդիր է եղել՝ իսկ ո՞վ, եթե ոչ Ռուսաստանը։ Կողքը Թուրքիան է, Ադրբեջանը։ Սեղմված է բոլոր կողմերից, ու թվում է՝ այլ տարբերակ լինել չի կարող։

Հայաստանը հավատացել է, որ Ռուսաստանի օգնությամբ պաշտպանված կլինի։ Ռուսաստանը, սակայն, մշտապես օգտվել է Հայաստանի այդ վիճակից։ Շահագործել է ու երբեք իրեն որպես դաշնակից չի դրսեւորել։

Այսօր Ռուսաստանն, ըստ ամենայնի, թուլանալու եւ հեռանալու է ասպարեզից։ Չի ունենալու այն դերակատարումը, որն ուներ։ Ցավում եմ, շատ եմ ցավում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ու չեմ պատկերացնում, թե ինչ լուծումներ են գտնվելու։

Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ուկրաինան ընտրել էին եվրոպական զարգացման ուղին։ Հայաստանում Սերժ Սարգսյանն էր, իսկ Ուկրաինայում՝ Վիկտոր Յանուկովիչը։ Մեր երկու երկրներին էլ Կրեմլը պարտադրեց, որ հետ կանգնենք այդ ուղուց։ Այս պատճառով Հայաստանում բողոքի ոչ մեծ դրսեւորումներ եղան, իսկ Ուկրաինայում սա բողոքի հզոր ալիքի ու հեղափոխության պատճառ դարձավ։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ մեր երկրներն այդքան տարբեր արձագանքեցին։ Մենք գալիս ենք նույն խորհրդային անցյալից, ունենք նույն ձգտումները, անցել ենք բավականին նման հետխորհրդային ճանապարհ։ Ի՞նչ է, Ուկրաինան շատ ավելի եվրոպակա՞ն է, քան Հայաստանը։ Ինչո՞ւ արձագանքներն այդքան տարբեր եղան։

Չգիտեմ։ Ես չգիտեմ՝ ճիշտ եմ արդյոք հարցին պատասխանելու, եթե հենվեմ ուկրաինացիների էթնոհոգեբանության վրա։ Արդեն ասացի, սովորական իրավիճակում նրանք բաժան են, բայց երբ ինչ-որ պահ է գալիս, առանց հրամանի, առանց հանձնարարականի, առանց կազմակերպիչների բոլորը միավորվում են։ Ինքնակազմակերպման փուլ է սկսվում։

Ես հիշում եմ, երբ Մայդանում դեռ երիտասարդներն էին, եւ իշխանությունները որոշեցին ուժի գործադրմամբ ցրել նրանց․ գիշերն ընկերներիս հետ պայմանավորվեցինք, որ պետք է Կիեւ գնանք։ Հնարավոր չէ հանգիստ նստել Լվովում, երբ Կիեւի կենտրոնում երիտասարդներին են ծեծում։ Երբեք չեմ մոռանա, երբ մենք դեպի Կիեւ էինք գնում, տեսանելի էր Կիեւ ուղեւորվող հսկայական ավտոշարասյունները։ Ոչ ոք ոչ մի կոչ չէր հնչեցրել, յուրաքանչյուրը որոշել էր, որ պետք է Մայդանում լինի։

Ճիշտն ասած՝ Հայաստանում էլ է այսպես։ Երբ մեծ ցնցում է լինում, մենք նույնպես միավորվում ենք։ Ինձ հատուկ հետաքրքրում է եվրոպական ուղու ընտրություն-չընտրությունը։ Ինչո՞ւ հենց այս հարցը Ուկրաինայում այդքան սուր դարձավ, իսկ Հայաստանում՝ ոչ։

Բարդ է ասելը։ Ուկրաինայի եվրոպական ապագան ինձ համար այսօր էլ դեռ հանելուկ է մնում։ Ի՞նչ է դա։ Ես վստահ եմ, որ ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Հայաստանը Եվրոպային են պատկանում։ Բայց ո՞ր Եվրոպային։ Կարծում եմ, պատերազմը, որ Ռուսաստանը սանձազերծել է Ուկրաինայի դեմ, մեծ փոփոխությունների է հանգեցնելու։

Աշխարհակարգային փոփոխություններ են լինելու։ Նոր միավորումներ են ձեւավորվելու։ Եվրոպան նույնպես փոփոխությունների է ենթարկվելու։ Այն եվրոպական ընտանիքը, որ կա այսօր, այլ է լինելու։ Կյանքը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը ճկուն չեն։ Նրանք ռուսական ագրեսիվ քաղաքականությանը հակազդել ու ճիշտ կողմնորոշվել չկարողացան։ Ասենք՝ ՆԱՏՕ-ն ստեղծվել է որպես տարածաշրջանում խաղաղություն ապահովող կառույց, բայց իր դերը կատարել չկարողացավ։ Պատերազմն այսօր ընթանում է Եվրոպայում։ Նույնը կարելի է ասել Եվրամիության մասին։

Ամենայն հավանականությամբ ապագայում նոր կառույցներ են ձեւավորվելու, որոնց կազմում կարող են լինել մեր երկրները, եւ չպետք է առկա կառույցների վրա չափից ավելի կենտրոնանալ։

***

Ուկրաինացի իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ ու քաղբանտարկյալ, հրապարակախոս Միրոսլավ Մարինովիչը ծնվել է 1949 թվականին Լվովի մարզում։

1976-ի նոյեմբերի 9-ին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Ուկրաինայի առաջին իրավապաշտպան կազմակերպությունը՝ Ուկրաինայի հելսինկյան խումբը։

Ukraine dissidentsՈկրաինայի հելսինկյան խմբի հիմնադիր անդամներն էին Նիկոլայ Ռուդենկոն (գրող, բանաստեղծ, քաղբանտարկյալ), Օլես Բերդնիկը (ֆանտաստ գրող, քաղբանտարկյալ), Պյոտր Գրիգորենկոն (խորհրդային զինված ուժերի գեներալ-մայոր, այլախոհական շարժման մասնակից, իրավապաշտպան, որը քանիցս ձերբակալվել է), Իվան Կանդիբան (իրավաբան, կրկնակի քաղբանտարկյալ, դատարանով ճանաչվել է հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ), Լևկո Լուկյանենկոն (այլախոհ, կրկնակի քաղբանտարկյալ, ճանաչվել է հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման), Օկսանա Մաշկոն (այլախոհ, քաղբանտարկյալ) (քաղբանտարկյալ եւ այլախոհ Օլես Սերգիենկոյի մայրն է), Միկոլա Մատուսեւիչը (այլախոհ, քաղբանտարկյալ), Իննա Ստրոկատայան (գիտնական միկրոկենսաբան, այլախոհ, քաղբանտարկյալ), Ալեքսեյ Տիխիյը (իրավապաշտպան, կրկնակի քաղբանտարկյալ, ճանաչվել է հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ)։

Ուկրաինայի Հելսինկյան խմբի հայտարարումից ամիսներ անց՝ 1977-ի ապրիլին, ազդարարվել է նաեւ Հայաստանի հելսինկյան խմբի կազմավորման մասին, որի հիմնադիր անդամներն էին Էդուարդ Հարությունյանը (տնտեսագետ, գիտությունների թեկնածու. հետագայում երկու անգամ դատապարտվել է, երկրորդ կալանքը կրելիս վախճանվել է), Ռոբերտ Նազարյանը (ֆիզիկոս), Շահեն Հարությունյանը (մինչ այդ դատապարտվել էր 1969-ին, այնուհետեւ դատապարտվեց 1978-ին)։

Մարինովիչը դատապարտվել է 1978-ին։ Ներկայում նա վարում է ակտիվ հրապարակային գործունեություն։ Հոդվածների, մենագրությունների հեղինակ է։ Ցանկացողները նրա մասին կարող են տեղեկություններ գտնել համացանցում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկկողմ հանձնաժողովի առաջիկա նիստը հայ-ադրբեջանական սահմանին
հաջորդը
Ավելի քան 100 միլիոն հարկադրված վտարանդի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023
  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա