Մի ընտանիքի պատմություն. Հադրութից Նոր Նորքի «ամրոց»

Անի Գեւորգյան

Անցնելով պատերազմի դժոխքի միջով՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքից տեղահանված Ավետիսյանների ընտանիքն այժմ փորձում է վերադառնալ բնականոն կյանքին հանուն երեխաների ու նրանց ապագայի:

Ընտանիքի ավագը` Արմինե Ավետիսյանն, ավելի քան քսան տարի առաջ երջանիկ կյանքի ակնկալիքով ամուսնու, երեխաների հետ Գյումրիից տեղափոխվել էր Արցախ: 44-օրյա պատերազմը, սակայն, խլեց տարիների ընթացքում նրա ստեղծածը: Արմինեն գյուղում թողեց իր ողջ ունեցվածքը, օրեր անց լուր ստացավ, որ հայտնաբերվել է տունը հսկելու համար գյուղում մնացած ամուսնու դին: Եվս մեկ շաբաթ անց հասավ ավագ որդու զոհվելու մասին լուրը:

«Երբ տղաս վերջին անգամ զանգեց, ասեց՝ մամ, դու ուժեղ կին ես, էրեխեքին կհավաքես թեւիդ տակ ու կպաշտպանես: Ես այդպես էլ արեցի»,- պատմում է Արմինեն: Տեղահանված կինն այժմ իր կրտսեր որդու, երկու դուստրերի, հարսի եւ չորս թոռների հետ ապրում է Երեւանում՝ վարձով բնակարանում: Զոհված որդուն տված խոստման համաձայն՝ Արմինեն փորձում է կազմակերպել իր մեծ ընտանիքի կյանքն ու հոգալ բոլոր կարիքները, սակայն դեռեւս ամեն ինչ չէ, որ հաջողվում է: Ընտանիքն ամեն ամիս տան վարձավճար հայթայթելու խնդիր է ունենում, քանի որ աշխատող մեծահասակների վաստակած գումարն ամբողջությամբ ծախսվում է երեխաների կարիքների համար:

Armine Avetisyan familyՊատերազմի ժամանակ Արմինեի երկու որդիները` Ավետիսն ու Արցախը, պայմանագրային զինծառայողներ էին:

Armine Avetisyan family30-ամյա Ավետիս Ավետիսյանը պատերազմից 15 օր առաջ էր ամուսնացել։ Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ի հարվածից:

Armine Avetisyan family Արմինե Ավետիսյան. «Հարսս` Ռայիսաս, ինձ հետ եկավ, չմնաց ոչ մի տեղ, չգնաց: 15 օրվա ծանոթ էինք, բայց ոնց որ մայր ու աղջիկ լինեինք…»:

Armine Avetisyan family Ռայիսա. «Ամուսնուս մահից հետո շատերն ասում էին՝ մի՛ մնա այդ ընտանիքում, գնա՛, կյանքդ նորի՛ց դասավորիր,
բայց ես իմ կյանքի կեսից երեխա էի սպասում ու երբեք չէի հրաժարվի այս ընտանիքից»:

Armine Avetisyan familyԵրիտասարդ այրին այժմ զբաղվում է ոչ միայն իր արդեն մեկ տարեկան դարձած որդու, այլեւ ընտանիքի մյուս երեխաների դաստիարակությամբ:

Armine Avetisyan familyԱրմինեի 55-ամյա ամուսնու` Հմայակի դաժան մահը ցնցել էր ընտանիքին, որն այդ պահին արդեն Հայաստանում էր:
Նա մնացել էր Նորաշենում, որ պաշտպաներ նոր ամուսնացած որդու գույքը: Գյուղ մտած թշնամին Հմայակին տանջամահ է արել:

Armine Avetisyan familyՌայիսան ասում է` տխուր է, որ իր փոքրիկը երբեք չի տեսնի հորը եւ պապիկին, բայց նա կիմանա, թե ովքեր էին նրանք եւ ինչի համար են զոհվել:

Armine Avetisyan familyԸնտանիքի երեխաներից երկուսն արդեն դպրոցահասակ են, մեկը` Արենը, մանկապարտեզ է գնում:

Armine Avetisyan familyԵրեխաները բազմաթիվ նոր հետաքրքրություններ են գտել:

Armine Avetisyan familyԲակում արդեն ցոգոլ քաղելու ժամանակն է:

Armine Avetisyan family 5-ամյա Արենը տուն շուտ է վերադառնում։ Պատուհանի մոտ սպասում է ավագ եղբայրների վերադարձին:

Armine Avetisyan familyԿորսված սեփական տնից հետո 12-րդ հարկի ժամանակավոր բնակարանը երեխաների համար դարձել է ապահովության բարձր ամրոց:

Armine Avetisyan familyԱրմինե Ավետիսյան. «Մենք փորձում ենք հաղթահարել մեր ցավը, մեր կորուստները, չենք մոռանում անցյալը,
բայց պետք է փորձենք արդեն առաջ նայել եւ ապրել: Ուղղակի մեզ մի քիչ օգնություն է պետք»:

Armine Avetisyan family Արմինեն թոռների` 10-ամյա Արսենի, 8-ամյա Արմենի, 5-ամյա Արենի եւ 1 տարեկան Արեգի հետ:

Նման հոդվածներ