Մի ընտանիքի պատմություն. «Մեկն ասաց` գնա՛ քո Հադրութը»

Անի Գեւորգյան
Hayrapetyan family

Ամբողջ կյանքը Հադրութի Այգեստան գյուղում ապրած տարեց ամուսինները` 70-ամյա Լյուդմիլա Հայրապետյանը եւ 74-ամյա Արարատ Հայրապետյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ հազիվ են խուսափել թշնամու շրջափակման մեջ հայտնվելուց: Նրանք եւ եւս 70 հոգի մեկ շաբաթ պատսպարվել են Հադրութի հիվանդանոցի նկուղում: «Յոթ օր մնացինք էնտեղ: Հետո ես մոտեցա մեր ոստիկանապետին, ասացի` մեզ հանի էստեղից, մեզ կոտորելու են: Երկու մեքենա բերեցին ու մեզ տարան: Դրանից երկու օր հետո թշնամին Հադրութում էր»,- պատմում է Արարատը:

Հայրապետյաններն այժմ ապրում են Արարատի մարզի Եղեգնավան գյուղում: Նրանց միակ խնամողը 42-ամյա որդին է` Անդրեյը։ Նա չի կարողանում աշխատել, որովհետեւ պարտավոր է ամեն վայրկյան լինել տարեց ծնողների կողքին։

Նրանք ապրում են Ռուսաստան տեղափոխված մի ընտանիքի դատարկ տանը։ Տանտերերն առայժմ նրանցից ոչինչ չեն պահանջել, սակայն առաջիկայում արդեն պետք է ամսական վարձավճար տան: Թե ինչպես են Հայրապետյանները դա անելու, չգիտեն, քանի որ ապրուստի միակ միջոցը տարեց ամուսինների թոշակն է:

Hayrapetyan familyԱնդրեյը 9 տարի պայմանագրային զինծառայող էր, պատերազմից մեկ տարի առաջ էր թողել ծառայությունը
եւ պատրաստվում էր զբաղվելու հայրական տան հողամասով, անասուններով:

Hayrapetyan familyՏունը, որում այժմ ապրում են Հայրապետյանները, գրեթե դատարկ է, կան երեք մահճակալ, սառնարան եւ լվացքի մեքենա,
որոնք ժամանակավոր տվել են հարեւանները:

Hayrapetyan familyԼյուդմիլա Հայրապետյան. «Ժամանակին շատ էի աշխատում, հետո առողջությունս կորցրի: Հիմա միայն պառկել կամ նստել եմ կարողանում:
Վերջերս փորձեցի քայլել, բայց ոտքերս թույլ են, ընկա ու վնասվեցի»:

Hayrapetyan familyԼյուդմիլա Հայրապետյան. «Միակ պայուսակը, որով մեր տնից դուրս եկանք ու հասանք էստեղ»:

Hayrapetyan familyԼյուդմիլա Հայրապետյան. «Ես էլ, ամուսինս էլ հիմա միայն Անդրեյի օգնությամբ ենք տեղաշարժվում»:

Hayrapetyan familyԼյուդմիլա Հայրապետյան. «Պատերազմում մեծ աղջկաս տղան վիրավորվեց, մի քանի ամիս կոմայի մեջ էր, հազիվ կյանքը փրկվեց»:

Hayrapetyan familyԱնդրեյ Հայրապետյան.«Ամսի 27-ին, երբ հասկացանք, որ պատերազմ է սկսվել, ծնողներիս տարա հիվանդանոցի նկուղը, ես գնացի առաջնագիծ:
Հետո, երբ Հադրութը կորցրինք, չգիտեի, թե ծնողներիս հետ ինչ է եղել»:

Hayrapetyan familyԱրարատ Հայրապետյան. «Էս Աֆրիկան է, իմ տունը չէ: Մենք էնտեղ կովեր, խոզեր, հավեր ունեինք, հիմա փտած ձու ենք ուտում»:

Hayrapetyan familyԱրարատ Հայրապետյան. «Այն իրերը, որ հիմա մենք օգտագործում ենք, մերը չեն, մեզ տվել են: Շնորհակալ ենք բոլոր օգնողներին»:

Hayrapetyan familyԱրարատ Հայրապետյան. «Մեր տունն առաջին կռվին էլ էին վառել, այս կռվին էլ են վառել: Սպուտնիկով ենք նայել»:

Hayrapetyan familyՀայրապետյանները եւս երեք զավակ ունեն: Նրանցից մեկն ապրում է Արցախում, մյուսը` Արմավիրում, երրորդը՝ ՌԴ-ում:
Տարեց ամուսիններն ասում են` ամեն մեկն իր մեծ հոգսն ունի, եւ իրենց միակ հույսն Անդրեյի խնամքն է:

Hayrapetyan familyԱնդրեյը վստահ է, որ մի օր Հադրութ է վերադառնալու. «Չեմ հավատում, որ էս ամեն ինչը երազ չէր»:

Hayrapetyan familyԱրարատ Հայրապետյան. «Պատերազմը մարդկանց շատ է չարացնում»:

Hayrapetyan family «Մի քանի օր առաջ մեկն ասաց` գնա՛ քո Հադրութը: Բան չասացի: Էդպիսի մարդուն ի՞նչ ասեի»:

Նման հոդվածներ