Մի ընտանիքի պատմություն. նոր կյանք առանց մոր եւ տան

Անի Գեւորգյան
Hovsepyan family

Հադրութի Թաղասեր գյուղում ծնված 40-ամյա Կորյուն Հովսեփյանը միայնակ հայր է: Նա սեփական ուժերով փորձում է բնականոն կյանքի վերադարձնել իր երեք անչափահաս երեխաներին, որոնք, դեռեւս ուշքի չեկած 44-օրյա պատերազմում իրենց տեսածից եւ զգացածից, ապրել են երկրորդ մեծ ցնցումը`մոր մահը:

Հովսեփյանը վերջին տարիներին աշխատում էր Ջաբրայիլի հոսպիտալում որպես վարորդ, իսկ կինը` 34-ամյա Նելլի Շաբուրյանը, զբաղվում էր երեխաներով: Երեք երեխաների մայրը մահացել է այս տարվա փետրվարին չորս տարի տեւած ծանր հիվանդությունից: Հայրենի գյուղի փոխարեն նա հուղարկավորվել է ընտանիքի նոր բնակավայրում` Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:

«Երեխաներս շատ վատ վիճակում էին, սկզբում՝ պատերազմի հետեւանքով, որովհետեւ ե՛ւ վիրավորների, ե՛ւ զոհվածների էին տեսել, պայթյուններ էին լսել: Հազիվ էին մոր հետ հեռացել Ջաբրայիլից ու տեղավորվել Կապանում, այնտեղ էլ էին պայթյուններ լսվել, եւ վախից սկսել էին կակազել: Մեկ տարի անց էլ մորը կորցրին: Շատ ծանր վիճակ էր: Հոգեբանների, մասնագետների դիմեցինք: Հիմա երկուսի մոտ անցել է, միայն փոքրն է դեռ կակազում, բայց հույս ունենք, որ շուտով կանցնի»,- պատմում է Կորյուն Հովսեփյանը:

Hovsepyan family Կորյուն Հովսեփյան. «Պատերազմում վախի մասին ոչինչ չեմ կարող ասել: Ինձ ասում էին՝ այսինչ տեղում վիրավոր կա, ու ես գնում էի:
Վախենալու ժամանակ չկար»:

Hovsepyan familyՏան բոլոր հոգսերը հոգում է հայրը, ասում է`աղջիկները մի քիչ էլ թող մեծանան:

Hovsepyan family11 տարեկան ժպտերես Աննան ամաչում է խոսելուց, նա դեռ կակազում է ու չի սիրում, երբ մարդիկ դա նկատում են:

Hovsepyan familyԱյնուամենայնիվ, նա փորձում է տանը օգնել հորը:

Hovsepyan family13 տարեկան Օկսանան ասում է`շատ լավ է հիշում պատերազմը. «Պայթյունները լսեցինք, հետո տեսանք մարդկանց:
Մեկը էլ ոտք չուներ, մյուսը` աչք: Մինչեւ հիմա դա աչքիս առաջ է»:

Hovsepyan familyՄոր մասին Օկսանան դժվարանում է խոսել, միայն ասում է, որ փորձում է նրա սովորեցրածի պես ծիրանի չիր պատրաստել:

Hovsepyan familyՕկսանա. «Լավ եմ հիշում ապաստարանը: Մարդիկ չէին տեղավորվում, իրար հրում էին, եղբայրս էլ դրսում մնաց, որովհետեւ մտնելու տեղ չկար»:

Hovsepyan family14-ամյա Ալեքսանդրը այժմ Ստեփանակերտում է, հյուրընկալվում է բարեկամների տանը:

Hovsepyan familyԵրեք երեխաներն էլ այժմ դպրոց են հաճախում, հայրն ասում է՝ դա օգնում է նրանց վերադառնալու բնականոն կյանքին:

Hovsepyan familyԸնտանիքի եկամտի միակ աղբյուրը այժմ երեք երեխաների միակողմանի ծնողազուրկի նպաստն է:

Hovsepyan familyԿորյուն Հովսեփյան. «Պատերազմի ավարտից հետո երեք օրով տուն եկա, հետո վերադարձա ծառայության Ստեփանակերտ:
Բայց կարճ ժամանակ հետո մեզ ցրեցին, ասացին՝ հոսպիտալն էլ չկա, զորամասն էլ չկա, դուք ազատ եք: Ու այդպես մնացինք առանց ոչ մի բանի»:

Hovsepyan family«Կինս չորս տարի պայքարեց հիվանդության դեմ: Շատ դեղեր էր խմում, բայց այս տարվա փետրվարին էլ չդիմացավ:
Երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր` ո՛չ կինս կողքիս կլինի, ո՛չ էլ իմ հայրենի գյուղը մերը կլինի»:

Hovsepyan family«Երեխաների վիճակը հիմա անհամեմատ լավ է, բայց դեռ չեմ կարողանում տանը մենակ թողնել, դա էլ թույլ չի տալիս, որ աշխատանք գտնեմ»:

Hovsepyan family«Ես պատրաստ եմ ամեն ինչ անելու, միայն թե կարողանամ երեխաներիս առողջությունը վերականգնել ու նրանց ապագայի համար մի օգտակար բան անել»:

Նման հոդվածներ