Կյանքիս ամենաերջանիկ տարիները 1995-1999 թվականներն էին։ Աշխատում էի «Հայաստան» համահայկական հիմնադրամում։ Ծրագրերից ամենաառաջնահերթն այդ ժամանակ «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի շինարարությունն էր։ Գրեթե ամեն ամիս լինում էինք շինարարության տեղամասերում, փուլ առ փուլ հետեւում «դարի կառույցի» կայացմանը։
Ասել, թե կարեւորագույն այդ ճանապարհը կառուցվում էր հասարակական համընդհանուր խանդավառության պայմաններում, սուտ կլինի։ Ով ինչ ասես գրում էր, ինչ ասես խոսում, պահանջում։
Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն այսօր զբաղեցնողը, որն այդ տարիներին լրագրող էր, իսկ հիմա հեզորեն հրաժարվում է Քաշաթաղի (Լաչինի) վերջին հայաբնակ գյուղերից, գավառական դետեկտիվի կրքով հետազոտում ու բացահայտում էր հիմնադրամի այն ժամանակվա ղեկավարների արտասահմանյան գործուղումներն ու «ինչ-որ 200 հազար դոլարի համար արժե՞ր հասնել Ավստրալիա» ոճով եզրակացնում, թե դրանք անարդյունավետ են։
Իսկ ճանապարհը կառուցվում էր՝ հույս տալիս ոչ միայն արցախցիներին, այլեւ շատ հայաստանցիների հրավիրում բնակվելու Բերձոր քաղաքում, ճանապարհամերձ գյուղերում։
Վերաբնակեցման ջատագովն ու շարժիչը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Գագիկ Քոսակյանը, ոստիկանության պետ Գագիկ Վարդանյանը եւ մյուսները, այդ օրերին ոգեւորությամբ էին հետեւում ծրագրի ընթացքին՝ հավատով, որ ճանապարհի շնորհիվ Գորիսի եւ Ստեփանակերտի միջակայքը հայաբնակ է դառնալու։

ձախից՝ Ալեքսան Հակոբյան, լուս․ Վահան Քոչարի
Հիշում եմ՝ ինչպես էր Ալեքսան Հակոբյանը համոզում հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Մանուշակ Պետրոսյանին ֆինանսավորումը մի քիչ ավելացնել ու Բերձորով անցնող հատվածներում մայթեր կառուցել։ Ասում էր՝ մարդիկ պետք է զգան, որ քաղաքում են ապրում։ Նախագծում մայթեր չկային, ֆինանսավորումն ավելացնելը դժվար էր։ Կապալառու շինարարական կազմակերպության ղեկավար Վաչագան Խուրշուդյանը հանձն առավ սեփական միջոցներով անել այդ գործը։ Մայթերը կառուցվեցին, մինչ օրս էլ կան։
Միեւնույն ժամանակ, սակայն, մի շատ հայտնի մտավորական (արդեն հանգուցյալ) ասում էր՝ սարքե՛ք, սարքե՛ք, որ Արցախը հայաթափելու Լեւոնի ծրագիրը հեշտ ու արագ իրականացնեք։ Նա հավանաբար նկատի ուներ, որ «կյանքի ճանապարհ» համարվող «Գորիս-Ստեփանակերտը» նահանջի ճանապարհ էր դառնալու։
Չդարձավ, չէր կարող դառնալ, որովհետեւ ճանապարհի շինարարությանն առընթեր էին բանակաշինությունը, տնտեսական ու սոցիալական աջակցությունը, վերաբնակեցումը եւ վերջապես՝ դիվանագիտությունը, որն ապահովում էր նշվածների «թիկունքը»։
Չնայած հասարակական անտարբերությանն ու չկամությանը՝ հնարավոր եղավ ե՛ւ անհրաժեշտ գումարը հանգանակել, ե՛ւ ավարտին հասցնել բարդ տեղանքում կատարվող շինարարությունը։ Կառուցվեց մի ճանապարհ, որը շուրջ քսան տարի ծառայեց որպես «Միացում»-ի խորհրդանիշ։
Քանի ընկել եմ հուշերի գիրկը, մի քանի բան էլ ասեմ ԼՂԻՄ-ը շրջապատող (ազատագրված) տարածքների նկատմամբ Արցախի իշխանությունների վերաբերմունքի մասին։
Աշխատանքի բերումով Արցախ գործուղվող խմբերի կազմում հաճախ էի մասնակցում ԼՂ նախագահների եւ/կամ վարչապետների աշխատանքային հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում էին հեռանկարային ծրագրեր։ Չեմ հիշում դեպք, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, վարչապետներ Լեոնարդ Պետրոսյանը, Ժիրայր Պողոսյանը, Անուշավան Դանիելյանն առաջ քաշեին գրավված (ազատագրված) տարածքների բնակավայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու կամ եղածը նորացնելու նպատակներ։ Խոսքը մյուս հինգ շրջաններից բացի նաեւ Քաշաթաղի եւ Քարվաճառի մասին է։
Լուռ, անբառ սպասում էին այդ շրջանների վերադարձին՝ համահայկական ներուժն ուղղելով միայն ԼՂԻՄ-ի շրջանների զարգացմանը։ Ու պարզ չէ՞, թե նրանք ինչու հարայհրոց բարձրացրին 1998-ին, երբ խոսվում էր անտեսված եւ արհամարհված շրջանների վերադարձի մասին։

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։