Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա պաշտոնական այցով եղել է Լիլբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։ Այցը լրատվական դաշտում այնքան էլ լայնորեն չի լուսաբանվել, բայց ըստ Sabah-ի վերլուծաբան Շեբնեմ Բուրսալըի՝ այն Թուրքիայի համար լուրջ ռազմավարական նշանակություն ունի։
Ըստ նախարարների համատեղ հայտարարության՝ Թուրքիան ու Լիբիան համաձայնագրեր են կնքել թե՛ դիվանագիտական, թե՛ էներգետիկ ոլորտներում (մասնավորապես՝ ածխաջրածնային ոլորտում) համագործակցության մասին։ Համաձայնագրերի բուն բովանդակությունը մեդիայի համար լիովին չի բացահայտվել, սակայն, լրատվամիջոցի փոխանցմամբ, սրանով Թուրքիան հնարավորություն է ունենալու ծովում եւ ցամաքում էներգետիկ նոր աղբյուրների բացահայտման։
Թուրքիայի ու Լիբիայի ընկերությունները շուտով Միջերկրական ծովի տարածքում սկսելու են իրականացնել որոնողական ու հորատման համատեղ աշխատանքներ, ինչի արդյունքում կստեղծվեն նաեւ բնական գազի ու նավթի խողովակաշարեր ու կհանձնվեն շահագործման։
Sabah-ի վերլուծաբանի կարծիքով էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտում նոր համաձայնագիրը նաեւ ժամանակային առումով է տեղին, քանի որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից ծագած էներգետիկ ճգնաժամի պայմաններում Թուրքիան ձեռք կբերի էներգիայի այլընտրանքային ուղիներ ու կկարողանա շրջանցել հնարավոր բարդությունները։