Ռուսաստանը վաղ առավոտից հարվածներ է հասցնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւին եւ ուկրաինական այլ քաղաքների: Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիեւի Շեւչենկոյի շրջանում պայթյուններ են որոտացել։ ՆԳ նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովը հայտարարել է, որ Շեւչենկոյի շրջանում հրթիռակոծությունից զոհվել է 8 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 24-ը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը Կիեւից բացի հարվածել է նաեւ այլ քաղաքների եւ շրջանների, տուժել են խաղաղ բնակիչներ: Հարվածների են ենթարկվել Լվովը, Դնեպրը, Խարկովը, Ժիտոմիրը, Նիկոլաեւը, Արեւմտյան Ուկրաինայի մի շարք բնակավայրեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի, Վինիցայի, Սումիի, Ժիտոմիրի էներգաօբյեկտներին։ Զելենսկին հայտարարել է, որ ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապը չի դադարում, հրթիռները թիրախներին են հասել։ Պայթյուններից հետո որոշ մարզեր հոսանքազրկվել են, չկա լույս, ջուր։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ուկրաինական թիրախների վրա արձակված առնվազն 75 հրթիռներից ավելի քան 40-ը: