ԵԽԽՎ նախագահ Թոնի Քոքսը աշնանային նստաշրջանի բացման ժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները ամենաանհանգստացնողներից են: Նա հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը համարում է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներից մեկը, որը պիտի այս շաբաթ ԵԽԽՎ-ի ուշադրությանն արժանանա։
Քոքսը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ կայուն լուծում գտնելու համար, հակամարտության, որն այդքան բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները պետք է օգտագործեն այս վեհաժողովը որպես ամենաբարդ հարցերը քննարկելու եւ բովանդակալից երկխոսություն հաստատելու հնարավորությունների հարթակ՝ ագորա՝ փորձելով հարթել տարաձայնությունները։
Ավելի վաղ ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա առաջիկա նստաշրջանում կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների հարցը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով աջակցելու ԵԽԽՎ անդամներ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտության ջանքերին: