Ղարաբաղյան շարժման մասին հանրային պատկերացումը, սա անձնական գնահատական է, իրականության հետ հեռավոր առնչություն իսկ չունի։ Եթե որեւէ մեկը «բարձրացնի» արխիվը եւ փաստեր հրապարակի, թե Ստեփանակերտում քաղաքական որոշակի «խմբակ» ինչպես էր ջատագովում «եթե Հայաստանի հետ միավորում հնարավոր չէ, ապա թող ԼՂԻՄ-ը վարչականորեն ենթարկվի ՌԽԴՀ-ին» միտքը, միջին վիճակագրական հայը չի հավատա։
Եթե վկայություն բերես, որ 1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ԼՂԻՄ Մարզային խորհուրդը եւ նրա գործկոմը (ինքնավարության սահմանադրական իշխանությունը) լուծարել է Լեռնային Ղարաբաղից Խորհրդային Միության Գերագույն խորհրդի չորս հայ եւ մեկ ադրբեջանցի պատգամավորի առաջարկությամբ, ոմանք, ինչպես տատս կասեր, «ծառնիվեր կբարձրանան»։ Բայց փաստերը համառ են, եւ Ստեփանակերտում այսօր էլ «խմբեր» կան, որ երանությամբ են հիշում Վոլսկու ժամանակները, երբ «կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի»։
Այս «ռետրոն» ո՞ւմ է պետք։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում է արել եւ արձանագրել պատմաքաղաքական իրողությունը․ Լեռնային Ղարաբաղի խնդիրն անհամեմատելի է Դոնբասի հետ։ ԼՂ-ն միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին երեք տասնամյակներին ինքնահռչակ պետություն է։
Սա, կրկնեմ, փաստ է, որ, համոզված եմ, ամենեւին էլ թվիթերյան գրառման թեմա չէ։ Պետք է հասկանալ, որ այդ ձեւով Հայաստանի գործող իշխանությունը «հակադարձում է» այն տեսլականին, որ «Ղարաբաղի էթնիկ հայերը կարող են նույն իրավունքներն ունենալ, ինչ Դոնբասի ռուսախոս բնակչությունը եւ Կոսովոյի սերբերը»։ Ով է նման «ակնարկ» արել՝ մեկնաբանելու կարիք, կարծում եմ, չկա։
Բայց ինչի՞ ենք ականատես։ Մենք միշտ «պապից ավելի կաթոլիկ ենք», չէ՞։ Քննադատության պակաս չկա։ Մարուքյանին հարցնում են՝ «իսկ ո՞ւմ մեղքով է ԼՂ խնդիրը նույնացվում Կոսովոյի սերբերի իրավունքներին»։ Բայց Մարուքյանը դրա համար պատասխանատո՞ւ է։ Հարցնողը չգիտի՞։ Եթե ոչ, թող դիմի հիշողությանը եւ վերարտադրի 2014-ի մարտի այն օրվա «սծիպանակերտյան» տեսարանը, երբ տասնյակ հազարավոր մարդ էր Վերածննդի հրապարակ բերվել, որպեսզի ողջունվի Ռուսաստանին Ղրիմի միավորումը։ Ո՞րն էր ցնծության «հիմնավորումը», ինչո՞ւ ոչ մի «խորագիտակ քաղաքագետ» այն ժամանակ ԼՂՀ իշխանություններին չհորդորեց, որ «ուրիշի խումհարի» հետ մենք գործ չունենք։
«Ավագ եղբոր թրենդի» մեջ լինելու գայթակղությունը մե՞ծ էր։ Երեւի, բայց ո՞վ էր ասել, թե Ռուսաստանը մեզ «փոքր եղբայր» է ճանաչում եւ ընդունում։ Որ նրա համար Սեւաստոպոլը եւ Շուշին ռազմաաշխարհաքաղաքական նույն նշանակությունն ունեն։ Ո՞վ էր երաշխավորել, որ «սծիպանակերտյան ցնորքը» Պետդումայի պատգամավոր Զատուլինի կեսբերան խոսքից այն կողմ որեւէ իմաստ եւ կարեւորություն ունի։ Մոսկվան, համենայնդեպս, նման ոչ մի ազդակ չէր փոխանցել։ Չի փոխանցում նաեւ այսօր։ Ուստի «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների» մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը պետք է գնահատել բացառապես այն դիտանկյունից, թե այդ ձեւակերպումները Բաքվի հետ քննարկվե՞լ են։
Հատուկ հանձնարարություններով դեսպանի թվիթերյան գրառման ենթատեքստը, երեւի, այն է, որ Բաքու-Ստեփանակերտ ենթադրյալ երկխոսությունը չպետք է լինի «կույրի եւ համրի» հանդիպում։ Նոյեմբերի 9-ին պատերազմական գործողությունները դադարել են, ինչպես իրավաբանորեն ձեւակերպված է, «ղարաբաղյան հակամարտության գոտում»։ Հայաստան-Ադրբեջան ֆորմալ պատերազմ չի եղել, զինադադարը Հայաստանի «կապիտուլյացիա չէ»։ Մինչ այդ կար ԼՂ կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված հայեցակարգ։ Քառասունչորսօրյա մարտական գործողությունների հետեւանքով փոխվել է ռազմաաշխարհագրական ստատուս-քվոն, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը։ Արցախն, այո՛, Դոնբաս չէ, որտեղ ազգային ինքնության խնդիր «ծագել է» միայն Կիեւում «գունավոր հեղափոխությունից հետո»։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը շատ արդարացիորեն ասել է, որ խնդրի լավրովյան բնորոշումը «պետք է պարկեշտ ձեւով մերժվի»։ Ենթատեքստային անդրադարձ է, որի շուրջը, կարծում եմ, փորձագիտական-վերլուծաբանական եւ քաղաքական դաշտը պետք է համախմբվի։
Մենք, մինչդեռ, խնդիրը «հասարակացնում ենք» Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի անձի նկատմամբ մեր դրական կամ բացասական վերաբերմունքի «աստիճանի»։ Իրականում բոլոր հիմքերն առկա են, որպեսզի Արցախը չդիտարկվի Կոսովոյի սերբական կամ Դոնբասի ռուսախոս համայնքների հետ նույն հարթությունում։ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Արեւելյան Անդրկովկասի նախաբնիկ հայության՝ որպես պետականակիր սուբյեկտի իրավունքի մարմնացումն է։
Ինչպես եւ ինչու է խնդիրը փոխակերպվել՝ անցյալի թերացումն է։ Քաղաքականությունը «վերադարձի ժամանակ» չունի, բայց միշտ միտված է ապագային։ Մեծ պատերազմը Դոնբասի ռուսախոս բնակչության համար չէ։ Ոչ էլ Կոսովոն անկախ է ճանաչվել, որպեսզի հարգվեն սերբ փոքրամասնության իրավունքները։ Արեւելյան Անդրկովկասը չի կարող եւ չպետք է լինի բացառապես թուրքական ինքնության տարածք եւ թուրք տիտղոսային էթնոսի պետություն։ Նույնիսկ Ալիեւն է դա հասկանում, երբ Հայաստանին մեղադրում է, որ «մոնոէթնիկ է»։ Բայց դա քաղաքակրթական խնդիր է։ Իսկ մենք «հայ եմ ես, հայ ես դու»՝ միշտ մեկը մյուսին փնովող վերաբերմունքից պարտավոր ենք բարձրանալ միջազգայնորեն հասկանալի խոսույթի մակարդակի․ «Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայերի բնակավայր չէ, ինքնություն է»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։